Եվրոպական փորձը կարող է արագ ոտքի կանգնեցնել Հայաստանի տնտեսությունը. Ր.Սեմիրջիան

Հունիսի 6-ին Երևանում մեկնարկում է Տնտեսական համագործակցության եվրոպական լիգայի (ՏՀԵԼ) Կենտրոնական խորհրդի երկօրյա նիստը: Ինչպես հայտնել է ՏՀԵԼ հայաստանյան կազմակերպության նախագահ Րաֆֆի Սեմիրջյանը, նիստը անցնում է Երևանում ՏՀԵԼ Հայաստանյան կազմակերպության նախաձեռնությամբ: ՏՀԵԼ կենտրոնական խորհուրդը կազմակերպության բարձրագույն մարմինն է և առաջին անգամ վերջինիս70-ամյա պատմության մեջ այս նիստը տեղի կունենա ԵՄ սահմաններից դուրս: Հատկանշական է, որ Հայաստանը ԵՄ անդամ չհանդիսացող միակ երկիրն է, որտեղ գործում է ՏՀԵԼ: «Միջոցառման նպատակն է նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը, որը հիմնված կլինի եվրոպական արժեքների և բազմամյա միասնական տնտեսության կառավարման փորձի վրա: Եվրոպական փորձը կարող է արագ ոտքի կանգնեցնել Հայաստանի տնտեսությունը՝ մի կողմից ներդրումների մեծ հոսք ապահովվելու, մյուս կողմից եվրոպական մոդելի կիրառման շնորհիվ», – նշեց ՏՀԵԼ Հայաստանյան կազմակերպության նախագահ Րաֆֆի Սեմիրջիանը: Այս մաիսն հայտնում է Panarmenian.net-ը:

Նա հավելեց նաև, որ 2012թ. մայիսին ստեղծված ՏՀԵԼ Հայաստանյան կազմակերպության ջանքերն ուղղված են Հայաստանի տնտեսության թույլ և ուժեղ կողմերի ուսումնասիրությանը, նպատակ ունենալով նպաստել եվրոպական չափանիշների հետ ներդաշնակեցմանը օրենսդրության միջոցով, ինչպես նաև վարչական խոչընդոտների վերացման առումով: Փորձագետը նշել է, որ Հայաստանը պետք է բարելավի մաքսային վարչարարությունը, մրցակցությունը, զարգացնի փոքր ու միջին բիզնեսը: Միաժամանակ Հայաստանը հաջողության է հասել բանկային ոլորտում և շատ հայկական բանկեր արդեն կարող են աշխատել եվրոպական շուկայում: Կա զգալի առաջընթաց ՏՏ ոլորտում:

Իր հերթին ՏՀԵԼ նախագահ Բերնարդ Սնոյը նշեց, որ ՏՀԵԼ Կենտրոնական խորհրդի անցկացումը Երևանում կարևոր նշանակություն ունի Հայստանի և ԵՄ միջև բանակցային գործընթացի շրջանակներում և Ասոցիատիվ համաձայնագրի ստորագրման ճանապարահին: «Հուսով եմ, որ մեր ջանքերը թույլ կտան Հայաստանին, ինչպես նաև Վրաստանին ու Մոլդովային Ասոցիատիվ համաձայնություն կնքել ԵՄ հետ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովում»,-ասել է նա՝ հավելելով, որ փաստաթղթի ստորագրումը մեծ հնարավորություններ կբացի հայ արտադրողների համար ԵՄ շուկաներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում