Ընտանիքը որպես «առաջին եկեղեցի»
Նմանատիպ
«Ընտանիքը նման է եկեղեցու, որի քահանան մայրն է» (Գարեգին Ա Հովսեփյանց ):
«Ընտանիքը փոքրիկ եկեղեցի է» (Իսահակ Ասորի):
Ընտանիքը Աստծուց մարդուն տրված բարձրագույն պարգևն է1, սիրո և հավատքի ա՛յն տաճարը,2 որի երաշխավորն ինքը՝ Տերն է3: Աստվածաշունչը միանգամայն ակներև հավաստում է, որ Աստծո արարչագործությունն իրականանում է ընտանիքի՛ համապատկերում: Եվ եղած պատվիրաններն էլ նպատակադրված են հաստատուն պահելու նախևառաջ ընտանիքի համայնապատկերը4: Ընտանիքում, մարդիկ հաղորդակցվելով միմյանց և Աստծո հետ, մասնակիցը լինելով Տիրոջ արքայության, և իրականացնելով հոգևոր և սիրո գործառույթ (հմմտ. Մատթ. 19. 6), անդամագրվում են երկնային արքայությանը (Ա Տիմ. 4. 1-8. Եբր. 13. 4)։
Սուրբ Եղիշեն ասում է, որ յուրաքանչյուր մարդ, հավատալով Աստուծուն, միանում է նորա հետ. «Միշտ Աստուած ինքն ընդ իւր, միշտ հաւատացեալ` ընդ նմա Աստուած»: Ըստ այսմ՝ ինչպես որ Աստծո տաճար դառնալու հավանականությունն անհատների պարագայում է, այնպես էլ՝ առավել ևս աստվածադիր ընտանիքի (հմմտ. Մատթ. 19. 6):
Աստվածաշնչում բազում են ընտանիքի եկեղեցական բնույթի ու գործառույթի մասին վկայություններն ու ընտանիք-եկեղեցի զուգահեռները: Եսայի մարգարեն, հաստատագրելով Աստված-մարդ հարաբերությունն ու պատկերագրելով Աստծո սերը մարդու նկատմամբ, բերում է ընտանիքի օրինակը5.: Պողոս առաքյալը, «պսակի խորհրդ»-ի կարևորությունը կրկին դիտարկում է ընտանիքի համապատկերում6: Ուրիշ խոսքով՝ քանի դեռ մարդն անմեղ էր և հավատարիմ իր կոչմանը, առաջնորդվում էր սուրբ կամքով (Ա Կորնթ. 15. 45-47), նրա կենդանի հաղորդակցության և դրախտում երջանիկ լինելու շարունակական երաշխավորությունը պայմանավորված էր հենց ընտանիքի գործառույթով: Պատահական չէ, որ բոլոր ժամանակներում ու հասարակարգերում այնքան կարևոր տեղ ու դեր է հատկացվել ընտանիքի հաստատությանը:
Եկեղեցական հայրերից ու հայրապետներից շատերը, կարևորելով ընտանիքի ինստիտուտը, այն նմանեցնում են եկեղեցուն: Խրիմյան Հայրիկը, ավելի առաջ անցնելով և գրեթե նույնացնելով ազգայինն ու եկեղեցականը, դրանց պահպանման ու ժառանգման դերակատարությունը դնում է ընտանիքի վրա7:
Ուրիշ խոսքով, համաձայն Խրիմյան Հայրիկի, առանց ընտանիքի չի կարող գոյություն ունենալ ո՛չ ազգային գիտակցություն, ո՛չ կրոն, ո՛չ եկեղեցի:
Քրիստոսի անդրադարձը՝ «… ուր երկու կամ երեք հոգի հաւաքուած լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մէջ» (Մատթ. 19. 20), նախևառաջ վերաբերում է ընտանիքին, կենսագործվում է ընտանիքից ներս ու ընտանիքի միջոցով: Որովհետև երբևէ մարդկության կյանքում իրականացած ամենանվիրական կառույցը՝ ընտանիքն է: Քրիստոս ևս, մարդկանց ակնառու դարձնելու համար աստվածայինի ու մարդկայինի անխզելի կապը, հղում է անում ընտանիքին, բերելով՝ Աստված-եկեղեցի, անհատ-եկեղեցի և ընտանքիք-եկեղեցի զուգահեռները8: Ուրեմն, ընտանիքը երկուսի՝ տղամարդու և կնոջ, աստվածային օրհնությամբ և մշտական ուխտով (այլևս չբաժանվելու նպատակադրությամբ) մեկտեղումն է, հարևնման Քրիստոսի և եկեղեցու օրինակի, ի բարգավաճումն Աստծո արքայության և Աստծո բաղադրիչ ընտանիքը լինելու: Հետևաբար սխալված պիտի չլինենք, եթե ասենք, որ մարդու՝ թե՛ Աստծո, թե՛ հասարակության նկատմամբ ունեցած պարտավորության բարոյական սկզբունքը ևս սերում է ընտանիքից:
Քրիստոսի՝ «միմեանց սիրելու նոր պատվիրանը» (հմմտ. Հովհ. 13.35), ինչպես նաև առաքելավանդ՝ «Միմեանց բեռը կրեցէ՛ք եւ այդպիսով կատարեցէ՛ք Քրիստոսի օրէնքը» (Գաղ. 6. 2) պատգամը, հավասարապես վերաբերում է և՛ եկեղեցուն, և՛ ընտանիքին: Ավելին՝ նախևառաջ ընտանիքին և ապա նոր եկեղեցուն: Միմյանց սիրելու և միմյանց բեռը կրելու տիրավանդ հորդորի կենսավայրը՝ ընտանիքն է: Գործնականում (հանրային կյանքում) այս պատվիրանադրությունները կիրարկելի են անմիջականորեն ընտանիքում ու միայն ընտանեկան միջավայրում և հետայնու եկեղեցում. ինչպես իրավ կերպով մեկնաբանում է առաքյալը9: Այս իմաստով չափազանց հետաքրքրական զուգահեռ է պարունակում Ս. Ղուկասի Ավետարանում10 նկարագրված Հիսուսի և հետագայում Նրան աշակերտած Զակքեոսի պատմությունը, երբ հյուրընկալության վերջում Հիսուս հայտարարում է՝ «Այսօր այս տան համար փրկութիւն եղաւ…»: Ուշագրավ է նաև, որ բացատրելու և բացահայտելու համար եկեղեցու կարևոր դերակատարությունը, Աստվածաշունչն ուղիղ կերպով բերում է ընտանիքի օրինակը, իսկ ընտանիքի կարևորությունը հատկանշելու պարագայում՝ Քրիստոս-եկեղեցի զուգահեռը11:
Աստվածաշնչական պատվիրանները12 ևս գործածական են նախևառաջ ընտանիքի համապատկերում և կոչված են համերաշխելու, ներդաշնակելու համար ընտանեկան, ապա միջանձնական ու հանրային հարաբերությունները: Հիշյալ սկզբունքի արտահայտություն են նաև Ծննդոց գրքում զետեղված՝ «Նրա նմանութեամբ մի օգնական ստեղծենք նրա համար» (2. 18), և ապա համատես Ավետարաններում հանդիպող՝ «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Ղևտ. 19. 18, Մատթ. 22. 39, Մարկ. 12. 31, Ղուկ. 10. 27) պատվիրանադրությունները: Որովհետև, ինչպես իրավացիորեն նկատում է Հայ եկեղեցու քաջատեղյակ ուսումնասիրող՝ Ա. Տեր-Միքելյանը, աստվածային սիրո իրականացուցիչն ու գործնականացման առաջին վարժարանը ընտանիքն է, որտեղ Տիրոջ պատվիրաններն իրականանում են «նախ` երկու ամուսինների, ապա` ծնողաց ու որդիների, հետո` եղբայրների ու քույրերի, այնուհետև ամուսինների և ազգականների, ընտանիքի և ազգականների մեջ և այլն, և այլն, այնքան ընդարձակությամբ, որքան նպաստում են հանգամանքների ու հարաբերությանց բարդությունները։ Ըստ որում ոչ մի տեսական բացատրություն չի կարող այնպես պարզել ու հաստատել սիրո որպիսությունը մարդկանց հոգու մեջ, որքան ընտանեկան սիրո օրինակն ու վարժությունը։ «Սիրեսցես զընկեր քո իբրեւ զանձն քո»` իսկապես ընտանիքի մեջ է յուր կատարումը ստանում և ապա ճյուղավորվում դեպի դուրս»:
Ընտանիքի եկեղեցական գործառույթ լինելու վերաբերյալ ուղղակի վկայությունների շարքից են, ինչպես Գործք Առաքելոցի 16. 4-16, այնպես էլ Բ Տիմոթեոս 4. 19-22 համարներում զետեղված իրողությունները: Ըստ որում, այստեղ ընտանիք և եկեղեցի իրողությունները բառացիորեն նույնանում են13: Աստվածաշնչական կարևոր հանգրվաններն ու պատգամները14, անպայմանորեն աղերսվում կամ հանգում են ընտանիքի գաղափարին15:
Այսպիսով, ընտանի’քն է սկզբնական ու նախապատիվ այն միջավայրը (առաջին եկեղեցին), որտեղից մարդ ներգրավվում է հանրությանը16 և որտեղ երաշխավորվում է թե՛ մարդկության ապագան17 ու հոգևոր անվտանգությունը18, թե՛ դրա շարունակականությունը19:
* * *
1. «Լաւ չէ, որ մարդը միայնակ լինի: Նրա նմանութեամբ մի օգնական ստեղծենք նրա համար» (Ծննդ. 2. 18): «Ժողովող» գրքի հեղինակը ևս զարգացնում է այն միտքը, ըստ որի՝ երբ Աստված ասաց՝ մարդ ստեղծենք, նկատի ուներ «այր ու կին», ինչպես նաև որ ընտանիքը մարդու կյանքում երբևէ ամենամեծ ձեռքբերումն է. «Կեանքդ վայելի՛ր քո կնոջ հետ, որին սիրեցիր քո ունայն կեանքի այն բոլոր օրերին, որոնք արեգակի ներքոյ տրուած են քեզ մինչեւ քո օրերի վախճանը, որովհետեւ դա է քո բաժինը քո կեանքի եւ քո վաստակի մէջ, որ ձեռք ես բերել արեգակի ներքոյ» ( Ժող. 9. 9):
2. «որովհետեւ ոչ ոք երբեք իր անձը չի ատում, այլ սնում եւ խնամում է այն, ինչպէս որ Քրիստոս՝ եկեղեցին» (Եփես. 5, 29)
3. «…Արդ, ինչ որ Աստուած միացրեց, մարդը թող չբաժանի» (Մատթ. 19. 6):
4. «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյանց սիրեցեք» (Հովհ. 13. 34):
5. «Աստված անչափ ավելի է սիրում յուր որդիներին, քան թե մայրը յուր մանկանը»(Եսայ. 39. 15):
6. «Այս խորհուրդը մեծ է. բայց ես ասում եմ Քրիստոսի եւ եկեղեցու վերաբերեալ» (Եփես. 5. 32, հմմտ. Մատթ. 22. 37, 39, Հռոմ. 8. 35, Եփես. 5. 19, Ա Հովհ. 4. 21):
7. «…եթէ դրախտի գետերը կը վազեն իւր հրապարակը`աղբիւրը դրախտի ընտանիքն է … եթէ երկրէս յետոյ երկինք եւս ժառանգելկուզէ` պահելով իւր հայրենի կրօն, հաւատ եւ եկեղեցին, այո՛ այդ սուրբ աւանդները անեղծ անկորուստ պահելու խորանն ընտանիքն է» (Խրիմեան Մկրտիչ, «Դրախտի ընտանիք»): Ս. Հովհան Ոսկեբերանը, հատկորոշելով ընտանիքի բացառիկ կարևորությունն ու կենսական անհրաժեշտությունը, ամուսնական առագաստը նմանեցնում է ձեռքերին ու աչքերին՝ «Երբ ձեռքը ցավում է, աչքն արտասվում է, իսկ երբ աչքն է արտասվում, ձեռքը սրբում է արցունքը»:
8. «…Արդ, ինչ որ Աստուած միացրեց, մարդը թող չբաժանի» (Մատթ. 19. 6): «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյանց սիրեցեք» (Հովհ. 13. 34): Ըստ այսմ՝ «Պսակը Եկեղեցու այն ս. խորհուրդն է, որով երկու հեռավոր անձնավորություններ` այր ու կին, ստանում են աստվածային օրհնություն, խորհրդավորապես միանում են իրար հետ, մի մարմին են դառնում և, մշտական կենակցության ուխտի մեջ մտնելով, ըստ Քրիստոսի և յուր Եկեղեցու միության օրինակին, նվիրվում են միասին Աստուծո արքայության հառաջադիմության համար աշխատելուն և նորա բաղկացուցիչ ընտանիքը կազմելուն… » (Արշակ Տեր-Միքելյան «Քրիստոնեական»):
9. «Որովհետև եթե մեկը հոգ չի տանում իր հարազատներին և մանավանդ ընտանիքին, չի կարող հոգալ այլոց պետքերը»: Ավելին՝ երանելի Պողոս առաքյալն այդօրինակ վարքուբարք որդեգրածներին համարում է հավատուրաց և անհավատ (հմմտ. Ա Տիմ. 5. 8 ):
10. (Ղուկաս. 19. 8-9)
11. «Մարդի՛կ, սիրեցէ՛ք ձեր կանանց, ինչպէս որ Քրիստոս սիրեց եկեղեցին եւ իր անձը մատնեց նրա համար» (Եփես. 5. 21-33, տե՛ս նաև Մատթ. 19. 6, Ա Հովհ. 4. 21, Ա տիմ. 5. 8):
12. «մի՛ շնացիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, ուրիշի ունեցվածքը մի՛ ցանկացիր և այլն» (տե՛ս, Ելք 20. 2-17)
13.«Ողջունեցէ՛ք Պրիսկէին եւ Ակիւղասին՝ իմ գործակիցներին ի Քրիստոս Յիսուս… Ողջունեցէ՛ք եւ նրանց առտնին եկեղեցին: Ողջունեցէ՛ք Եպենտոսին՝ իմ սիրելիին, որ ասիացիների պտուղն է ի Քրիստոս»: «Ողջունի՛ր Պրիսկային եւ Ակիւղասին. նաեւ՝ Օնեսի փորոսի ընտանիքին… Աստծու շնորհը քեզ հետ»:
14. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն… պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Մատթ. 22:37-39, տե՛ս նաև Հռոմ. 12. 15, Ա Կորնթ. 13. 13):
15. «Եթե մեկն ասի, թե սիրում է Աստծուն, և ատի իր եղբորը, սուտ է խոսում. ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել: Եվ նրանից ունենք այս պատվիրանը` ով սիրում է Աստծուն, նա պետք է սիրի նաև իր եղբորը» (Ա Հովհ. 4. 21, տե՛ս նաև Հռոմ. 8. 35, Ա Կորնթ. 13. 4-8):
16. «Ներեցե՛ք և ներում պիտի գտնեք Աստծուց» (Ղուկ. 6. 37 տե՛ս նաև Մատթ. 6. 14, Մարկ. 11. 25):
17.«ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհ. 15. 13):
18. «Եւ Յիսուս ասաց. «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետեւ չգիտեն, թէ ինչ են անում»:
19. «Ով սիրում է իր եղբորը, բնակվում է լույսի մեջ և նրա մեջ գայթակղություն չկա: Իսկ ով ատում է իր եղբորը, խավարի մեջ է, խավարի մեջ է շրջում և չգիտե, թե ուր է գնում, որովհետև խավարը կուրացրել է նրա աչքերը» (Ա Հովհ. 2. 10-11, հմմտ. Գործք. 2. 42, Գաղատ. 5. 22-23):
Աղբյուր՝ Ter-hambardzum.net
Հետևեք մեզ նաև Telegram-ում