Կոնստանտին Օրբելյանի «հարցով»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին պաշտոնից ազատելու մշակույթի նախարարության փաստարկներն ուղարկել է արդարադատության նախարարության իրավական փորձաքննության։
«Արդարադատության նախարարությունը մշակույթի նախարարության փաստարկների մի մասն ընդունել է, մի մասը չի ընդունել։ Բայց իրենց զուտ իրավական եզրակացությունն այն է, որ Կոնստանտին Օրբելյանի նշանակումն եղել է ապօրինի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, դա արդարադատության նախարարության եզրակացությունն է, հիմնավորումն այն է, որ այն որոշումը, որի հիման վրա Օրբելյանը նշանակվել է այդ պաշտոնում, նշանակման պահին ուժի մեջ մտած չի եղել։
Վարչապետը նշեց, որ ինչպես պայմանավորվել էին օպերային թատրոնի ներկայացուցիչների հետ, առաջիկայում կհանդիպի, կքննարկեն իրավիճակից ինչպես են դուրս գալու։
Լրագրողի դիտարկմանը, թե դուք ասել էիք, որ մշակույթի նախարարի պարտականությունները կատարողի կողմից ներկայացված՝ Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելու հիմնավորումներում որևէ կետ չհամապատանի իրականությանը, նրան կհեռացնենք, այժմ ասացիք, որ դրանց կեսը չի համապատասխանում, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես ասացի, որ արդարադատության նախարարությունը փաստարկների մի մասն ընդունել է, մի մասը չի ընդունել։ Ինչ որ ասել եմ, ուժի մեջ է»։
Հիշեցնենք, որ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի 2019 թ. մարտի 28-ի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից։
Մշակույթի նախարարությունը որպես ազատման հիմք ընդունել է Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին օրենքի 15-րդ հոդվածը, ըստ որի՝ ՊՈԱԿ-ի տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, մինչդեռ Կոնստանտին Օրբելյանը բացի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենից նաև գեղարվեստական ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում։ Նախարարի որոշումից դժգհո օպեային թատրոնի անձնակաոզմը բողոքի ակցիաներ էր իրականացնել։ Նրանց ընդունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ թատրոնի տնօրենի պարտականությունները ժամանակավորապես պետք է կատարի թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը, մինչև կուսումնասիրեն թատրոնի ներկայացրած հակափաստարկները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում