Վահագն Դավթյան․ Մենախոսություն

Վահագն Դավթյան․ Մենախոսություն

Ցավն իմ տաք է դեռ, ու գիտեմ,
Որ կսկիծն այրող հետո պիտի գա…
Ես դուրս եմ գալիս,
Աշխարհի բոլոր ճանապարհները փռված են իմ դեմ,
Լոկ քեզ մոտ գալու ճանապարհ չկա:
Ցավն իմ տաք է դեռ,
ՈՒ ես ափիս մեջ
Կարողանում եմ դեռ սեղմած պահել
Իմ ճեղքված սրտի երկու կեսերը:
…Ո՛չ, դու չիմացար, թե իմ բախտի մեջ
Ինչ էր քո սերը,
Չիմացար, հոգիս, որ քո հայտնության հրաշքից հետո,
Ես հաճախ էի բռնում ինքս ինձ
Քարը,
Կանաչը,
Հողը շոյելիս,
Փողոցով անցնող զույգերի առաջ
Իմ գորովանքի քողը փռելիս,
Աստղի դեմ,
Ծաղկի,
Տիեզերքի դեմ
Հիացմունքի մեջ անզոր լռելիս:
…իշերներն ի լույս,
Դու և երազս քույրերի նման
Ձեր գլուխները նույն բարձին դրած,
Նույն բարձին փռած վարսերը ձեր բոց,
Զրուցում էիք կիսաքնի մեջ
ՈՒ երջանկության առասպելներից պատմում մեկմեկու…
Եվ լուսաբացին,
Երբ զարթնում էի ու ելնում փողոց,
Ձեր զրույցն էր դեռ իմ ականջներում,
Ու ժպտում էի ես մռայլ մարդկանց,
Ու ժպտում էի մառախուղի մեջ կորած արևին:
Իսկ երբ այս հորդուն, վարար մայթերով
Ես քայլում էի քեզ հետ, սիրելիս,
Ինձ թվոմ էր, թե քայլում է ինձ հետ
Հպարտությունս և ինքնությունս,
Թե ինչ-որ դաժան հողմերից խլված
Միակ քնքշանքն է իմ կողքին քայլում:
Եվ հիմա չկաս.
Քայլում եմ մենակ,
Ինքս իմ ձեռքով սիրտս եմ փայփայում,
Շոյում եմ նրան որպես որբ մանկան
Ու որպես հավքի, որ վիրավոր է:
Քայլում եմ մենակ:
Իրիկնամուտը արևավոր է,
Լեռներն են վառվում,
Ասես լեռներում տոն է կիրակի,
Հեթանոսական ինչ-որ մի հանդես:
Ի՞նչ անեմ, ասա,
Չբռնե՞մ արդյոք այս դժվար ճամփան
Ու գնամ, գնամ, գնամ լեռն ի վեր
Եվ սիրտս պահեմ լեռնալանջերի
Մրրիկների դեմ…
Սակայն մի անգամ
(Խենթ պատանության օրերին էր դա)
Փորձել եմ, գիտեմ,
իտեմ, բաժանման մրրիկների տակ
Լոկ թույլ ու առկայծ կրակն է մարում,
Եվ սաստկանում է զորեղն ավելի:
Բայց ճամփաները շատ են աշխարհում,
Կայարաններն են աղմկում անվերջ,
Եւ քաղաքներն են շառաչում ահեղ
Աղմուկով դարի,
Չգնա՞մ արդյոք,
Որ այդ մետաղե աղմուկների մեջ
Սրտիս հետ խոսող
Այս այրող, այս տաք շշուկը մարի:
Արցո՞ւնքը…
Հիմա այնպես լավ գիտեմ,
Որ նրա փոքրիկ ու ջինջ կաթիլը
Ծովի համն ունի
Եվ խորհուրդն ունի փոթորկված ծովի:
Սակայն, սիրելիս,

Ես քեզ երբեէ էլ չեմ վրդովի:
Ինքս իմ ձեռքով սիրտս կփայեմ,
Կշոյեմ նրան որպես որբ մանկան
Եվ որպես հավքի, որ վիրավոր է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում