«Երաժշտությունն էլ պակաս կարեւոր չէ պատերազմական գործողություններում»

«Երաժշտությունն էլ պակաս կարեւոր չէ պատերազմական գործողություններում»

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, Aravot.am: Վետերան պրոֆեսորը՝ պատերազմի, իր բացառիկ կոլեկցիայի ու հայտնի ուսանողների մասին

Նախօրեին «Առավոտը» հյուրընկալվել էր դաշնակահար, վաստակավոր մանկավարժ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, աշխարհում միակ նկարազարդ ձվիկների կոլեկցիոներ Յակով Զարգարյանին: Հաղթանակի օրվա առիթով նա արդեն շնորհավորանքներ էր ընդունում: Մեր այցի պահին երաժիշտ-վետերանին փոխանցեցին մոսկվացի գրող Յուլիա Կիրիլլովայի «Երջանիկ երկարակեցություն» գիրքը: Այս առիթով վետերանը հիշեց. «1960-ականների սկզբներին լրագրող Յուլիային հրավիրել էի Երեւան: Գեղեցկուհու հետ շրջեցինք Հայաստանով մեկ: Արդյունքում՝ 1969թ. Յուլիան հրատարակեց իր առաջին գիրքը «Հայաստանը՝ բաց թանգարան» խորագրով»:

Արվեստագետի երկսենյականոց բնակարանը, առանց չափազանցության, պատկերասրահ է, որտեղ «հանգրվանում» են ոչ միայն հայ ճանաչված նկարիչների աշխատանքներ: Իսկ նրա նկարազարդ 1099 ձվիկների հավաքածուն, սկսած 1963 թվականից մինչ օրս էլ համալրվում է նոր նմուշներով: Առաջին ձվիկը նկարազարդել է Մարտիրոս Սարյանը, հետո իրենց «հետքն» են թողել Մինասը, Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանը, Ռուդոլֆ Խաչատրյանը, Սեյրան Խաթլամաջյանը, Հենրի Էլիբեկյանը եւ այլ անվանի նկարիչներ:

Իսկ ինչպե՞ս կարող էր ծնվել նման գաղափար, արվեստագետը նախ հումորով ասաց, թե կոլեկցիոներն ամենաանկուշտ մարդն է, 1000 հատ ունի, ուզում է 1001-ն էլ ունենա, դա հիվանդություն է, բայց ուրախ եմ, որ տառապում եմ այդ հիվանդությամբ», հետո էլ ներկայացրեց. «1963 թիվն էր: Հասկանալի պատճառով գաղտնի նշում էինք Սուրբ Զատիկը, ներկած ձվեր էինք կռվացնում: Գլխումս միտք ծագեց. ի՞նչ կլինի, որ ձվերը տարբեր պատկերներ ունենան: Բայց դրանց հեղինակները լինեն պրոֆեսիոնալ նկարիչներ: Սարյան ընտանիքի հետ մտերիմ էինք ու առանց վարանելու նպատակիս մասին տեղեկացրի վարպետին: Սկզբում այնքան էլ չողջունեց գաղափարս, ասաց՝ ձվի վրա ի՞նչ նկարեմ: Ասացի՝ կյանք… Կարծես ինձ հաջողվեց համոզել նրան: Մի խոսքով, վերցրեց վրձինը, դիմեց ինձ, ասելով՝ կնկարեմ կյանք, իսկ գիտես, որ ինձ համար կյանքը Հայաստանն է: Հենց Հայաստանից մի կտոր էլ կպատկերեմ»:

Յակով Զարգարյանի բնակարան-պատկերասրահը

1963-ից մինչեւ 2015-ը դասավանդել է Երեւանի կոնսերվատորիայում: Նրա դասարանում ուսանել են ճանաչված դաշնակահարներ Մարինե Աբրահամյանը, ամերիկաբնակ Արթուր Փափազյանը, Արմեն Ահարոնյանը, Զավեն Պարսամյանը, Ֆրանսիայում ստեղծագործող Արթուր Ահարոնյանն ու այլք:

Յակով Զարգարյանը Հայրենականին իր մասնակցությունը ներկայացրեց այսպես. «1942 թիվն էր: Տասնյոթ տարեկան դեռ չկայի: Դասընկերներիս՝ Դիմայի ու Կորյունի հետ որոշեցինք, որ մենք էլ պետք է ռազմի դաշտ գնանք: Ժամանակն է միջամտել, քանի որ Հիտլերը լկտիացել եւ հասել էր արդեն Կովկաս: Դժվար է հակիրճ ներկայացնելը: Գնացինք զինկոմիսարիատ: Ինձ մերժեցին, որովհետեւ ռազմաճակատ էին տանում 18 տարեկանից սկսած, բացառությամբ՝ 17:

Այդ ժամանակ ես երաժշտական ուսումնարանի 3-րդ կուրսի սովորող էի: Չգիտեմ ինչպես, բայց ինձ հաջողվեց համոզել բարձրաստիճան զինվորականին, որն ինձ ուղարկեց Արաբկիր 21 հասցեում տեղակայված տանկային գումարտակ: Մեկուկես ամիս սովորեցի, դարձա տանկիստ: Բայց հետո որպես երաժշտի խորհուրդ տվեցին, ասելով, թե երաժշտությունը պակաս կարեւոր չէ պատերազմական գործողություններում: Հայտնվեցի Պյատիգորսկի փողային նվագախմբում… Այնտեղ էլ տոնեցի հաղթանակը»:

Մարտիրոս Սարյանի նկարազարդ ձվիկը

Մեր զրուցակիցը նշեց, որ թեեւ միանգամից դժվար է հավատալ, բայց ինքը երաժիշտ լինելով հանդերձ, սիրել է զինվորական գործը, պատերազմից հետո էլ ծառայել է Սուվորովյան ուսումնարանում: Եվ միայն 1950թ. ընդունվել է Նիժնի Նովգորոդի կոնսերվատորիա: Որպես մենակատար հանդես է եկել տարբեր նվագախմբերի հետ Գորկիում, Դոնի Ռոստովում, Մոսկվայում, Թբիլիսիում, Իտալիայում… Նա հեղինակ է դաշնամուրի դասավանդման մեթոդիկային վերաբերող գրքերի, հրապարակախոսական հոդվածների, էսսեների եւ հուշերի:

Հարցին, Ձեզ՝ 94-ամյա արվեստագետին, ո՞ր Հայաստանն է ավելի հարազատ, Յակով Զարգարյանը պատասխանեց. «Հայաստանը մեկն է… Ամեն ինչ շատ լավ է լինելու…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում