Որտե՞ղ են քո գանձերը, և ուր է քո սիրտը

Որտե՞ղ են քո գանձերը, և ուր է քո սիրտը

Վերջերս համացանցում մի հոլովակ էր պտտվում, որում պատահական անցորդներից պահանջվում էր մտաբերել տասը պատվիրանները: Հարցվողները մեծ մասամբ երիտասարդներ էին, ու միայն քչերն էին «մի սպանիր, մի գողացիր, մի ստիր» պատվիրաններից զատ այլ բան հիշում և նշում: Իհարկե, մի քանի րոպեանոց հոլովակը չի կարող ամբողջական պատկեր ցույց տալ, բնականաբար, կան երիտասարդներ, ովքեր ոչ միայն կմտաբերեն տասը պատվիրաններն, այլև կկարողանան խոսել դրանցից, դրանց կիրառությունից ու անհրաժեշտությունից: Այլ հարց է, որ ինչ-որ շրջանակների կողմից անընդհատ փորձ է արվում ցույց տալ քրիստոնեության ժամանակավրեպությունը, ներշնչել գաղափար, որ 21-րդ դարում հավատք ունենալը միամտություն է, աթեիստ լինելը՝ նորաձև, կրոնի վրա քար շպրտելը ճիշտ է, եկեղեցական արժեքները ծաղրելը՝ գովելի, պատվիրանները չիմանալը՝ առաջադեմ լինելու գրավական: Այսպիսով ձգտում են սևացնել այն ամենն, ինչը կարող է լույս դառնալ մարդու համար՝ փոխարենը նրան հրելով անվերջ շրջապտույտի, անվերջ վազքի մեջ, ուր մարդը տարիների հետ կորցնում է հոգևորի պաշարը, դառնում քաղցած և ոչ մի կերպ չի կարողանում հագեցնել այդ քաղցը, դրա համար շարունակում է վազել, փնտրել ու չգտնել:

Հոգևոր քաղցը մեղմելու համար կա Կենաց հացը՝ Աստծո խոսքը: Միայն Աստծո կենարար խոսքով է հնարավոր փակել այն բոլոր անցքերն ու ճեղքերը, որոնք առաջանում են տարիների հետ: Եվ տասը պատվիրաններն իմանալուց զատ պետք է հաղորդակից լինել նաև Քրիստոսի ժառանգած պատգամներին ու ճշմարտություններին, որոնք ամուր հիմնաքար կարող են դառնալ կյանքի առաջնահերությունները կառուցելիս կամ վերակառուցելիս: «Գանձեր մի՛ դիզեք ձեզ համար երկրի վրա, ուր ցեց և ժանգ ոչնչացնում են, և ուր գողերը պատերն են ծակում ու գողանում, այլ գանձեր դիզեցեք ձեզ համար երկնքում, որտեղ ո՛չ ցեց և ո՛չ ժանգ չեն ոչնչացնում, և ո՛չ էլ գողերը պատերն են ծակում ու գողանում. քանի որ, ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն» (Մատթեոս 6.20-22)։

Իսկ ի՞նչ ենք անում մենք: Մեր ամբողջ կյանքն անցնում է երկրի վրա գանձեր դիզելու փորձերի մեջ: Դեռ վաղ մանկությունից մեզ թունավորում են այնպիսի հավակնություններով, որոնցից ազատվելը չափազանց բարդ է լինում նույնիսկ հասուն տարիքում: Ապրում ենք հասարակության մեջ, որտեղ մարդուն գնահատում են ըստ իր զբաղեցրած պաշտոնի ու դիզած գանձերի առատության: Ողջ աշխարհն է միևնույն մոլորության մեջ և արդեն շատ, շատ երկար ժամանակ: Երկու հազար տարվա մեջ մարդը դեռ չի հասկացել, որ նյութը, որը զրկված է հոգուց, դատապարտված է ոչնչացման, դա նյութի բնույթն է, նրա կարևորագույն հատկանիշը:

Իհարկե, սա աղքատ և կարիքավոր լինելու պատգամ չէ, ինչպես թյուրիմացաբար կարող է ընկալվել: Պատգամը նյութից, քայքայվողից, կորստի դատապարտվածից վեր լինելն է ու կյանքը դրանց հայթայթմանն ու բազմապատկմանը չնվիրելը: Ինչպե՞ս շատացնել այն, ինչն ի բնե հակված է պակասել ու ոչնչանալ:

Մինչդեռ այն գանձերը, որոնք երկնքինն են, մնայուն են և բազմապատկվելու պատրաստ:

Գանձ է սերը, որը բաշխելիս ոչ թե քչանում է, այլ ավելանում, գանձ է մեծահոգությունն ու ժպիտը, գանձ է շնորհակալությունը, որովհետև դրանում է շնորհն ու շնորհից բխող բարիքները: Գանձ է այն ամենն, ինչը մեզ նմանեցնում է Աստծուն, ինչը մեր սրտերը երկնքով է լցնում, ինչը մեզ բարձրացնում է մեզնից:

Հնարավոր չէ Աստծուն իսկապես մոտ լինել, սնվել Նրա շնորհած հացով ու մնալ քաղցած. Աստծով լցված լինելը մարդուն այնպիսի ձգողականությամբ է օժտում, որն օգնում է լուծել ամեն խնդիր ու մեղմել ամեն կարիք:

Քրիստոս նաև ասում է, որ հնարավոր չէ երկնքի արքայություն մտնել՝ առանց երեխայի նմանվելու, երեխա դառնալու: Նկատե՞լ եք, որ որևէ երեխա չի անհանգստանում վաղվա օրվա համար, ընկած չէ անվերջ շրջապտույտի մեջ, որի առանցքը փողն ու նյութն է, փոխարենը նրանք անսահման վստահություն ունեն կյանքի հանդեպ, գիտեն, որ հոգատար ձեռքերում են, և այդ ձեռքերն ամենուր են: Մեծանալով՝ մարդը սկսում է կասկածել, որ պարուրված է հոգատարությամբ ու զորեղ է Աստծով, որ իր համար անհնար ոչինչ չկա, պարզապես պետք է խնդրել: Խնդրե՛լ, ոչ թե մուրալ կամ պահանջել:

Երբ քո սիրտը ոչ թե երկնքում է, այլ քայքայման ու կորստի դատապարտված կեղծ արժեքների մեջ, անընդհատ, անվերջ ցանկանում ես ինչ-որ բան, անընդհատ ցանկանում ես կլանել, սպառել, ունենալ: Եվ որքան շատ ես ունենում, այնքան շատ ես ուզում:

Որովհետև իրերի ու նյութի առատությունն ապահովության ու լիության պատրանք է ստեղծում, բայց ընդամենը՝ պատրանք, որն ամեն հարմար առիթով ճչում է իր բուն էության մասին: Ուստի, անդադար ինքդ քեզ պիտի հարցնես, թե որտեղ են քո գանձերը, որտեղ ես կուտակում դրանք ու որտեղ է քո սիրտը, ինչն է քո կյանքի առանցքը, ինչի վրա ես կառուցում քո կյանքն ու արժեհամակարգը: Այդ բոլորը քո՞ ընտրությունն է, թե կրում ես հասարակական կարծրատիպերի բեռն ամբողջ ծանրությամբ, որը քեզ վրա սկսել է կուտակվել դեռ այն օրերից, երբ անպաշտպան էիր, երբ ամեն ինչ վերցնում էիր առանց մեկ անգամ իսկ քննելու:

Ո՞ւր ես վազում, ինչի հետևից: Որտե՞ղ են քո գանձերը, և ո՞ւր է քո սիրտը…

Ա. Պողոսյան

Աղբյուր՝ Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում