Թաթուլ Բոլորչյան. Բանաստեղծություններ
Նմանատիպ
ՄՈՐՍ
Կտուրի վրա կնճիռ էր դառնում
Թոնրատան ծուխը,
Ես կարծում էի աղոթք էր,
Մա՛յր,
Երդիկից փոքրիկ լուսին էր կաթում,
Ես կարծում էի աղոթք էր,
Մա՛յր…
Հոգսը նժար էր դառնում աչքերիդ
ծանր ու թեթևն էր ընկերանում
Զույգ աչքերիս մեջ
Դու քնում էիր,
Ես կարծում էի աղոթք էր,
Մա՛յր:
***
Աչքերիդ մեջ ծովը մեռավ,
Ալիքները կնճիռ դարձան
Իմ ճակատին, ճայերն անթիվ
Ճերմակեցին իմ մազերին:
Ափ չհասան նավակներս,
Ափ չհասան…
Շողշողացին ավազները ոսկեհատիկ,
Ծիածանվեց կեռ լուսինը
Կիսակամար,
Ափ չհասան նավակներս,
Ափ չհասան…
Խեղդվեցին անապատում
Ճանապարհները խաչբերան,
Ժայռերն ամուլ ժանգ կախեցին
Հատակն ի վար,
Ափ չհասան նավակներս,
Ափ չհասան:
***
Ուշանում ես, սեր իմ
Աշնանահար եղա,
Արցունքներիս նման
Ես սերմացու եղա,
Հազար անգամ մեղա ուշացածիս համար
Ուշանում ես, սեր իմ:
Դու որտե՞ղ ես հիմա
Ես ցիրուցան եղա.
Կողպվում է դուռս,
Թալանում են քունս,
Հազար անգամ մեղա ուշացածիս համար
Ուշանում ես սեր իմ:
Հասկերն հասուն արտում
Գլուխ գլխի արին,
Գլորեցին տարին ծուխ հանեցին երկինք:
Այս կարճ ճամփի վրա
Ուշանում ես, սեր իմ,
Հազար անգամ մեղա ուշացածիս համար:
***
Գնացքները վաղուց կայարան են հասել
Ու ջնջում են դեմքիս ծանր առասպելը
Ու՞մ համար է տեսնես
Այս իմ սպասելը
Գնացքները վաղուց կայարան են հասել:
***
Հիմա ինչ-որ տեղ հյուրընկալվում է
Իմ արցունքների փոքրիկ գոլորշին…
Եվ ով իմանա,
Գուցե ժանգոտված քարերի վրա,
Գուցե այն ճերմակ ամպերի մեջ է,
Կամ թե այս ծաղկի
Վիրջին ծիծաղն է,
Կամ այս թռչնի սրբազան դողը…
Հիմա ինչ-որ տեղ հյուրընկալվում է
Իմ արցունքների փոքրիկ գոլորշին:
***
Զարմանալի չէ, որ ես արևից
Միշտ գողացել եմ,
Հարստացել եմ,
Զարմանալի չէ, որ իր պակասը
Նա չի զգացել,
Չի աղքատացել…
Զարմանալի չէ, որ անձրևով էլ
Մեկ-մեկ թրջվել եմ,
Մեկ-մեկ ջնջվել եմ,
Ամպրոպների դեմ լուռ քրքջացել
Եվ այդ բոլորով քիչ-քիչ աճել եմ,
Զարմանալի չէ:
***
Մեկ տարի առաջ
մեզնից հեռացավ
Թաթուլ Բոլորչյանը
***
Ի՞նչ եմ ուզում
Մամռած քարից,
Մամռած գրի լռությունից
Ի՞նչ եմ ուզում…
Նոսրանում է անտառն էլի
Մերկ ծառերի`
Մենակությունն է երևում,
Խաշամի տեղ`
Լքված օրվա
Մենությունն է քամին տանում…
Ծերանում են աղբյուրները,
Ծովի ակունքն է խլանում,
Արքայական ծովերի մեջ
Լուսնի հեքիաթն է մահանում…
Իմ տառապած
«Երգի երկիր»
Դու երկնապաշտ,
Դու բարեպաշտ,
Աղոթքաշատ երկիր.
Ե՞րբ ես նորից քեզ գտնելու,
Ե՞րբ են ձյուներն հալվելու,
Ե՞րբ է արևն ակոսներից
Հողի գաղտնիքն հանելու…
Ես հոգնեցի ինձ մանրելուց,
Քար ու ավազ մաղելուց,
Խոշորն` անցավ,
Մանրը` մնաց,
Էլ մանրելու
Հալ չունեմ…
***
Ծովից բերած
Մի հիշատակ,
Մի խեցի կա իմ դարակում,
Մի անանուն,
Անհաս կարոտ,
Աղմկում է ականջիս մեջ…
Խոր հատակում` ծնված խեցի
Ալեկոծված, օծված խեցի,
Աղմկում է ականջիս մեջ…
Մի մատնաչափ այս խեցու մեջ`
Աշխարհի չափ աղաղակ կա,
Խաչված ջրի
Չարչարանք կա,
Նահատակված
Պատարագ կա…
Շնորհ արա` դիր ականջիդ`
Ծովի անվերջ տառապանք կա,
Ալիքների հառաչանք կա,
Հորդ գետերի աղաչանք կա
Այս խեցու մեջ…
Սկիզբ ու վերջ`
Այս մի փոքրիկ խեցու մեջ է,
Անընդմիջում,
Աղմկում է իմ ականջում,
Ո՛չ քուն ունի,
Ո՛չ դադարում …
***
Ես ապրում եմ
Քարերի հետ,
Ջրերի հետ եմ ապրում,
Քարի ներսում
Դեռ լռում եմ,
Ջրի դրսում` ծարավում…
Երկնքի մեջ,
Երկնքից դուրս եմ ապրում
Ներս ու դրսի միջև նստած
Ապաշխարանք եմ անում…
Եվ դեռ ապրում,
Ձայնի նման,
Ձայների պես թափառում,
Իմանալով, որ աշխարհում
Ձայները չեն մահանում…
Ես ապրում եմ,
Ես մեռնում եմ
Եվ դեռ հառնում եմ նորից,
Հառաչանքս,
Աղաչանքս
Էն մեծ ծովին եմ խառնում…
***
Արարում եմ`
Ծաղիկների մանկությունը,
Թիթեռների`
Անմեղությունն եմ արարում,
Մեղուների քաղցրությունը…
Իջնող մթի մեղմությունը,
Ելնող աստղի
Թարմությունը,
Մայրամուտի ծանրությունը…
Լեռան հասակն եմ արարում`
Չի երևում խորությունը,
Անդունդների կորությունը,
Տևողության
Զորությունը…
Արարելով, վերծանելով
Գնում եմ ես,
Հեռանալով, մերձենալով,
Փնտրում եմ ես,
Չեմ լրանում` կորցնելով,
Գտածով չեմ
Ամբողջանում…
***
Ցավը էլի
Քարին մնաց,
Քարափներում մնաց,
Սառցե լեռան դեմքի վրա
Ցավի կնճիռ դառավ…
Փրփուր դառավ ու ճերմակեց,
Ցավի ջրվեժ դառավ,
Վերքի խորունկ
Անդունդներում
Փշուր-փշուր եղավ…
Ընկավ հազար
Առվի բերան
Թաց ու չորից ելավ,
Խորթ ու պղտոր ջրերի մեջ
Էլի ծարավ մնաց…
Ինչպե՞ս անեմ, որ երկիրն իմ
Ցավագարից վանեմ,
Դառնամ ցավի
Վավերագիր
Եվ վկայող լինեմ…
***
Եվ հիմա էլ`
Մի անսովոր
Եղանակի հետ եմ խաղում.
Աշնանացած ջրերի մեջ
Սիրահարված եմ երևում,
Ավազանում մաքրագրված
Սրբագրված եմ երևում,
Բարդիների պարանոցին`
Ծածկագրված եմ երևում,
Կաղնու հզոր արմատի տակ`
Գաղտնագրված եմ երևում
Ընձյուղներում դեռ նորատունկ
Սղագրված եմ երևում…
Այսպես գաղտնի ու գրավոր
Գնում եմ դեռ`
Ինքս ինձ հետ
Եվ առանց ինձ…
Մի տեղ դառնում եմ վերջակետ,
Մյուս տեղում` մի բազմակետ,
Մեկ էլ տեսար հաջորդ էջում
Փակագծի մեջ եմ մնում`
Էլի ինձ հետ,
Եվ առանց ինձ…
Թաթուլ Պողոսի Բոլորչյան (1931, ապրիլի 14, գ. Գումբուրդո, Ախալքալաք – 2014, փետրվարի 20, Երևան), հայ բանաստեղծ։ Հայաստանի գրողների միության անդամ 1968 թվականից։
1965 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։
Արդեն 1960-ական թվականներին նա ճանաչում է ստացել իր բանաստեղծություններով։
1966-1974 թթ. աշխատել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում, 1985-2003 թվականներին՝ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող։ 2003 թվականից աշխատել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը կից ինստիտուտում։
Հեղինակ է 14 բանաստեղծական ժողովածուի։
Մահացել է երկարատև հիվանդությունից հետո, 2014 թվականի փետրվարի 20-ին, Երևանում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում