ԿԳ նախարար. Ռուսաստանը Հայաստանի համար կարեւոր գործընկեր է նաեւ կրթական բնագավառում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայությունից: Ողջունելով հյուրին՝ Ա.Աշոտյանը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում աշխատանքի անցնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-ռուսական կրթական համագործակցության ընդլայնմանն ու ամրապնդմանը:«Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի համար կարևոր գործընկեր է ոչ միայն տնտեսության և ռազմական համագործակցության ոլորտում, այլև կրթական բնագավառում»,-շեշտել է ՀՀ ԿԳ նախարարը:

Դեսպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել գործադրել բոլոր ջանքերը՝ ի նպաստ հայ-ռուսական կրթական համագործակցության զարգացման և նշել, որ Հայաստան-Ռուսաստան հարբերությունները վաղուց արդեն հասել են այնպիսի մակարդակի, որ որևէ անլուծելի խնդիր չի կարող լինել: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ կրթական ծրագրերին առնչվող մի շարք խնդիրներ: Անդրադարձ է եղել Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի՝ որպես երկու երկրների միջև կրթական համագործակցության հաջողված օրինակի գործունեությանը և ռուսական գիմնազիա հիմնելու ծրագրին:

Նշելով, որ համալսարանը ապահովում է բավարար մակարդակի բարձրագույն կրթություն՝ ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է Սլավոնական համալսարանում հետազոտական և գիտական բաղադրիչի ներդրումն ու ամրապնդումը, որը հնարավարություն կտա կրթության համակարգում բարձրացնել բուհի կշիռը: Ա. Աշոտյանը կարևորել է նաև ՌԴ որոշ դպրոցներում հայերենի ուսուցման կազմակերպման խնդիրը՝ շեշտելով, որ այս հարցում Հայաստանն ակնկալում է պետական աջակցություն Ռուսաստանից: Դեսպանն ու նախարարը քննարկել են նաև Հայաստանի դպրոցներում ռուսերենի դասավանդմանը, երկկողմ միջպետական համաձայնագրով բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև մի շարք այլ աշխատանքային խնդիրների վերաբերող հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում