Գնացե՛ք և աշակերտե՛ք. աշխարհը ավելի լավը դարձնելու ուղին

Գնացե՛ք և աշակերտե՛ք. աշխարհը ավելի լավը դարձնելու ուղին

Եկեղեցին Աստծո տունն է: Այդպես են մեզ սովորեցնում դեռ մանկության տարիներից: Հիշում եմ, երբ փոքր էի, ու մայրս ինձ եկեղեցի էր տանում, ներս մտնելիս ասում էր՝ Աստծո տուն ենք եկել: Գիտակցությունը, որ Աստծո տանն եմ գտնվում, իմ ներսում ակնածանքի ու խոնարհության զգացում էր առաջացնում: Այլևս կարիք չէր լինում զգուշացնելու՝ ինչ պիտի անեմ, կամ ինչ չպիտի անեմ այնտեղ: Իհարկե, այն ժամանակ ես չունեի համապատասխան գիտելիքներ. գրեթե ոչինչ չգիտեի եկեղեցու, քրիստոնեության, հավատի մասին: Գիտելիքները ամբարել եմ տարիների հետ՝ կարդալով, ուսումնասիրելով, հոգևոր մարդկանց հետ շփվելով: Սակայն ամեն անգամ, երբ եկեղեցի եմ մտնում, ականջներումս հնչում է մորս ձայնը՝ Աստծո տուն ենք եկել: Եվ նույն ակնածանքն ու խոնարհումն եմ ապրում՝ մանկական, մաքրամաքուր և պարզ:

Բայց հիմա գիտեմ նաև, որ յուրաքանչյուր տուն իր օրենքներն ունի: Եվ ամեն տուն այդ օրենքներով է կանգուն մնում: Եկեղեցին էլ կանգուն է մնում այն մարդկանց շնորհիվ, ովքեր հասկանում են՝ տանն անհրաժեշտ է խնամք, ուշադրություն, հոգատարություն և սեր: Ու ջանք չեն խնայում, որ եկեղեցում հոգատարության ու սիրո պակաս չլինի: Այս գործում իրենց կարևոր ներդրումն ունեն և՛ եկեղեցու սպասավորները, և՛ պարզ հավատավորները:

Բայց երբեմն եկեղեցում կատարվում են այնպիսի միջադեպեր, որոնք, անխոս, մարդկանց կրթության պակասից, չիմացությունից են գալիս: Ուստի անհրաժեշտ է բարձրացնել մարդկանց գիտակցությունն ու պատասխանատվության զգացումը: Միայն այդ կերպ մենք կարող ենք փոփոխություն մտցնել և ինչ-որ լավ ու մեծ բանի ծնունդ տալ:

Վերջերս իմ ամենասիրելի եկեղեցիներից մեկում էի: Բոլորս ունենք սիրելի եկեղեցի, մի տեղ, ուր հատկապես զգալի է Աստծո կանչն ու ներկայությունը, եկեղեցի, որը կարոտում ենք, որին կապված ենք տարբեր օրերի հիշողություններով, տարբեր ապրումների թելերով: Այդ եկեղեցում ես մկրտվել եմ՝ դառնալով Աստծո մեծ ընտանիքի անդամ: Այդ եկեղեցում եմ արտասվել ամենածանր հուսալքություններիս ժամանակ: Այդ եկեղեցի եմ վազել երջանկության մեջ, որ շնորհակալ լինեմ Աստծուն՝ շնորհածի համար: Վերջին անգամ, երբ այնտեղ էի, օրվա ավարտն էր: Վայելում էի ինձ այնքան ծանոթ խնկաբույրն ու ծանոթ սրբապատկերների գույներով հիանում հազարերորդ անգամ: Երբ պատրաստվում էի դուրս գալ, եկեղեցի մտավ մի ընտանիք՝ հայրը, մայրը և մանկահասակ երեխան: Բացի մեզնից այլ մարդ չկար ներսում: Ընտանիքը տեղավորվեց խորանի առաջ դրված նստարաններից մեկին, և այն պահին, երբ ես արդեն դուրս էի գալիս, նկատեցի, որ ընտանիքի հայրը հետն արևածաղկի սերմեր է բերել և առանց վարանելու օգտագործում է դրանք հենց եկեղեցում: Նկատածս ինձ ապշեցրեց և ցավ պատճառեց: Որովհետև ես տեսել էի եկեղեցում բջջային հեռախոսով բարձր խոսողների, տեսել էի ոչ պատշաճ հագնված մարդկանց, տեսել էի բարձր զրուցողների, բայց չէի տեսել, որ եկեղեցում նստեն խորանի առաջ և արևածաղկի սերմ օգտագործեն: Առաջին միտքս այս էր՝ մոտենալ ու զգուշացնել, որ ճիշտ չեն վարվում, որ սա այլ միջավայր է, զբոսայգի չէ, ժամանցի սրահ չէ, այլ մի տեղ, ուր պիտի կարողանաս մի պահ կտրվել աշխարհիկից, սովելու-սնվելու անվերջ շղթայից, աղմուկներից, ինքդ քեզնից…

Հետո հասկացա, որ միգուցե չկարողանամ ամենաճիշտ ձևը գտնել դա անելու և ինչ-որ բան շտկելու փոխարեն մի սխալ էլ ես անեմ: Ուստի զսպեցի ինձ ու լուռ դուրս եկա եկեղեցուց, բայց տեսածս ինձ երկար ժամանակ հանգիստ չէր տալիս և շարունակաբար ցավ էր պատճառում: Որովհետև ինչ-որ բան ինձ հուշում է, որ հենց այդ նույն մարդը պատրաստ է սոցցանցերում հայհոյանքներ գրել Աստծո, եկեղեցու, քրիստոնեության անունից, ասել՝ ինչն է ճիշտ, ինչը սխալ և ում է անհրաժեշտ հրապարակավ վառել: Սա էլ համատարած հանդիպող երևույթ է, որը նույնպես գալիս է կրթության պակասից: Եվ նրանք, ում ժամանակին տրվել է այդ կրթությունը, լույսը, գիտելիքը, պիտի բաշխեն մյուսներին, ովքեր չգիտեն՝ ուր են եկել, ինչ պիտի անեն, դեպի որ կողմ պիտի շարժվեն և հանուն ինչի: Մարդկանց կրթելու, լուսավորելու և ավելի լավը դարձնելու պատասխանատվությունը յուրաքանչյուրիս ուսերին է: Մեզ տրվում է, որ բաշխենք, տարածենք, շնորհենք՝ առանց դատելու, քննադատելու, առանց ավելորդ հպարտության: Որովհետև եթե ուզում ենք մարդկանց լույս տալ, լույս պիտի լինենք, եթե ուզում ենք վեր բարձրացնել, ինքներս պիտի վերևում կանգնած լինենք: Մեզնից ամեն մեկը կարող է դառնալ այն մարդը, որն ունակ է առաջնորդելու, առաջ տանելու, կրթելու և զարգացնելու բազում այլ մարդկանց՝ եկեղեցում, սեփական տանը, զբոսայգում, փողոցում, երթուղայինում, ամենուր:

Կրթել և լուսավոր հնարավոր է ամենուր, պարզապես պետք է բավարար համբերություն և ներուժ ունենալ, բավարար կամք և սեր…

Եվ այս ճանապարհին, երբ զգաք, որ սպառվել եք, կամ լի եք բարկությամբ, միգուցե հպարտությամբ, չափազանց հոգնել եք աշխարհի աղմուկներից, փորձեք լսել Աստծո կանչը և գնացեք ձեր սիրելի եկեղեցին: Ու թող ծանոթ խնկաբույրն և Աստծո ամոքիչ լռությունը ձեզ նորոգեն վերստին: Ապագան լուսավորինն է, ունեցածը կիսողինն է, քար չնետողինն է և բոլոր նրանցը, ովքեր պատրաստ են իրենց գիտելիքը բաշխել, պատրաստ են ճանապարհ ցույց տալ՝ մոլորվածին ծաղրելու փոխարեն, ովքեր պատրաստ են սիրել ու ներել՝ դատելու, քննադատելու փոխարեն:

Ա. Պողոսյան

Աղբյուր՝ Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում