Սամվել Մարգարյան․ Սխրանք
Նմանատիպ
Շարքը նվիրվում է 2016 թվականին ապրիլյան պատերազմում (ապրիլի 2-5-ը) զոհված հերոսներ, Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանակիրներ կապիտան Արմենակ Ուրֆանյանի, սերժանտ, Արցախի հերոս (հետմահու) Ռոբերտ Աբաջյանի, եզդի գնդացրորդ Քյարամ Սլոյանի, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի
և զոհված մյուս հայ քաջորդիների հիշատակին:
ՔԱՋԵՐ ՀԱՅԿԱԶՈՒՆ
Քառօրյա կռիվ, պատերազմ նորից,
Տագնապ, ահազանգ, փոթորկված արյուն,
Մեր մարտիկները ամրոց-դիրքերից
Զարկեցին անվրեպ, շանթին թշնամուն:
Քաջեր հայկազուն, ձեր սխրանքներով
Դասվեցիք շարքում հայ հերոսների,
Դուք հայոց փառքը պարզեցիք վերև-
Գագաթներից վեր մեր Մասիսների:
Թշնամին եկավ, ինչպես մի հեղեղ-
Անթիվ գայլերի ոհմակ մոլեգին,
Սակայն նա տեսավ ձեր զարկը ահեղ
Եվ ձեր զորավոր հայկազուն ոգին:
ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԳԱՐՈՒՆ
Արցախ, Մարտակերտ, երկուսն ապրիլի…
Գիշեր է գարնան, ապրիլյան գիշեր,
Սահմանն է հսկում վաշտն Ուրֆանյանի,
Յոթ արծիվներ են տոկում անվեհեր:
Արցախյան գիշեր, գարնան սուրբ զարթոնք,
Ձնծաղիկներն են աչքերը բացում,
Մով մանուշակի մի փոքրիկ կոկոն
Զարթնել է խաղաղ, ժպտում է, թախծում:
Խրամատներում բուրմունքն է հողի,
Հողը զարթոնքի հուրերով է լի,
Լսվում է հեռվում թուխ արտույտների
Ճռվողյունը տաք, այնքան բաղձալի:
Գարուն է, զարթոնք, խրամատներում
Ո՛չ խաղաղ նինջ կա, ո՛չ խաղաղ երազ,
Ճակատագրական է ամեն մի պահը,
Վտանգով հղի՝ ամեն ակնթարթ:
Դիրքերից մեկում Ռոբերտն է կանգնել,
Նայում է հեռուն, մատը՝ ձգանին,
Եզդի Քյարամը կրակ է կապել
Եվ հպարտ փարվել իր գնդացրին…
Ի ԶԵՆ
Իր դիտակետից Ռոբերտը տեսավ
Քողարկված, ծպտյալ թշնամու զորքին…
– Պարոն կապիտան,- շտապ զեկուցեց,-
Գրոհ է ձեռնարկում պարտված թշնամին:
– Ի զեն, ի մարտ,- Ուրֆանյանի
Ձայնը ահեղ էր ու ահագնալից,-
Մենք ընդունում ենք տագնապը մարտի
Եվ չենք նահանջում մեր սահմաններից:
Կուռ, շրջանաձև դիրքեր գրավենք,
Աչալուրջ լինենք և երբ մոտենան՝
Մենք պիտի զարկենք, պիտի մարտնչենք
Մինչև մեր վերջին կաթիլը արյան:
Մենք նահանջելու ոչ մի քայլ չունենք,
Մեր այս դիրքերը բերդերն են հայոց,
Մեր ծնողներին պիտի պաշտպանենք,
Մեր հայրենիքը՝ սրբության-սրբոց:
ՃԱԿԱՏԱՄԱՐՏ
Մարտն սկսվեց, գրոհում են
Ջոկատները ոսոխների,
Որոտում է ռազմադաշտը
Պայթյուններից ականների:
Բզկտվում են հողը, քարը
Գնդակների տարափներից,
Թավալվում են գորշ գայլերը
Մեր քաջերի կրակներից:
Անդրանիկի ու Քյարամի
Գնդացիրներն են թեժացել,
Արմենակի ու Տիգրանի
Շանթացիրներն են շիկացել:
Ձախողվում է նենգ թշնամին
Ետ է փախչում` ելման դիրքեր,
Նա թողել է ռազմադաշտում
Լոկ պարտություն, տասնյակ դիեր…
Անցավ կես ժամ, նորից գրոհ,
Գրոհում են արդեն տանկեր,
Նոր տարափ է գնդակների,
Որոտում են ռումբեր, արկեր:
Մարտնչում են հերոսաբար
Ռազմիկները Ուրֆանյանի,
Յոթ հոգու դեմ մարտ է մղում
Մի ռազմագունդ ոսոխների:
Ուրֆանյանի շանթատեգից
Բոցավառվեց մի հրասայլ,
Անդրանիկի դիպուկ զարկից
Գահավիժեց մի ռազմագայլ…
2.
Երրորդ գրոհ` թեժ, մոլեգին,
Եվ ոռնոցներ գայլախաղի,
Գրոհում են ասկյարները
Նոր ուժերով ու կատաղի:
Փամփուշտները վերջանում են,
Նռնակներ են մերոնք նետում,
Իսկ թշնամու հրետանին
Նոր ուժգնությամբ է որոտում:
– Իմ մարտիկներ, դուք նահանջեք,
Ես կպահեմ ձեր թիկունքը,
Ես մինչև մահ կմարտնչեմ,
Մինչև հասնի զորագունդը…
– Հրամանատար,- Քյարամն ասաց,-
Մենք չենք լքի քեզ դիրքերում,
Մենք էլ չունենք դարձի ճամփա,
Լավ է մեռնենք քեզ հետ, մարտում…
3.
Ի՞նչ պատահեց… լռեց հանկարծ
Գնդացիրը Սլոյանի,
Մի արկ պայթեց այնքան մոտիկ,
Բեկվեց կանչը Ուրֆանյանի:
Նրանք ընկան, հողը ցողվեց
Ալ լույսերով հերոսների,
Հառաչում է հողը, քարը
Տարափներից գնդակների…
– Կռվելու ենք մենք մինչև վերջ,-
Ասաց սերժանտ Աբաջյանը,
Մենք չենք կարող անտեր թողնել
Մեր դիրքերը, մեր սահմանը:
Գրոհում են ոսոխները,
Արդեն մոտ են, մոտ են այնքան,
Զոհրաբյանի զենքն էլ լռեց.
Արդեն ժամն է օրհասական…
– Իմ եղբայրներ, շուտ նահանջեք,
Դա հորդոր է ու հրաման,
Գուցե դուք ձեր կյանքը փրկեք,
Շուտ նահանջեք, ես կմնամ…
Եվ վիրավոր Աբաջյանը
Նռնակներով է մարտնչում,
Ուժանակներն սպառվեցին,
Մնաց մեկը նրա ձեռքում:
«Հիմա թող գան»,- մտքում ասաց,-
Օղակն հանեց ձեռնառումբի,
Երբ մոտեցան երեք ասկյար`
Պայթեցրեց զենքը ձեռքի…
Զոհվեց հերոս հայ քաջորդին,
Գարնան սերը ջահել հոգում,
Ներս են խուժում ոսոխները
Ու ոռնում են մեր դիրքերում:
Բայց կարճ տևեց այդ ոռնոցը,
Կաղկանձում են արդեն ցավից,
Քանզի վաշտը Մալոյանի
Որոտում է մոտիկ սարից…
ՓԱՌՔ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
Փա՜ռք ապրիլյան հերոսներին,
Որ զոհվեցին վասն հայրենյաց,
Փա՜ռք Արմենակ Ուրֆանյանին-
Զոհեց հոգու լույսը կենաց:
Դառնանք սիրով փառաբանենք
Սերժանտ Ռոբերտ Աբաջյանին,
Եզդի Քյարամ Սլոյանին
Եվ Անդրանիկ Զոհրաբյանին:
Ռազմիկներին մեր նվիրյալ,
Որ մարտերում ահագնացան,
Որ վագրացան գայլերի դեմ
Եվ դարերում անմահացան:
ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՆՈՐ ԵՆ ՍԿՍՎԵԼ
Հիսունհինգ դար է Հայասա երկրում
Զարկում են, դոփում անթիվ թշնամիք,
Քո զավակներն են զոհվում մարտերում,
Մինչև ե՞րբ զոհվեն, ասա՛, հայրենիք:
Մեր կորուստներին թիվ, սահման չկա,
Տասից լոկ մեկն է միայն մնացել,
Արցախը փրկվեց, երկինքն է վկա,
Մեր հաղթանակները նոր են սկսվել:
Մեր հաղթանակները նոր են սկսվել,
Երկինք ու երկիր այդ են կամենում,
Շատ ենք կորցրել, շատ ենք նահանջել,
Մեր կորուստները մենք նոր ենք գտնում:
Քսաներորդ դարի հրաշքն ես, Արցախ,
Մեծ Հայքի նահանգ, հինավուրց ու հին,
Քեզ նորից զավթել չեն կարող երբեք,
Որքան էլ փորձի մեր նոր թշնամին:
Քեզ նորից զավթել չեն կարող երբեք,
Լեռնածաղկելու ես, Մեծ Հայքի եզերք…
1-3 փետրվարի 2017 թ.
Երազգավորս
Աղբյուր՝ Grakantert.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում