Հովհաննես Թումանյան․ Գիշեր
Նմանատիպ
Եկավ գիշերն՝ սփոփանքը
Անմխիթար սըրտերի,
Եվ սարերի կերպարանքը
Փոխվեց անեզր ստվերի։
Հաղթահարված խորին քնից՝
Պապանձվեցին ամեն տեղ,
Մութն ու խավար հորիզոնից
Ծագեց լուսին փառահեղ։
Եվ երկնքում բարձր կախված
Սիփան սարի կատարին,
Մունջ նայում էր նա դեպի ցած՝
Տխուր նիրհող աշխարհին։
Նըրա փափուկ, արծաթահեր
Հով շողերը իրանց հետ
Թափում էին հանգստաբեր
Նիհր ու թմբիր քաղցրավետ։
Սակայն գիշերն այն հեգ երկրում
Հանգստության փոխանակ
Ահ ու սարսափ է միշտ բերում,
Գաղտնի հարված ու տանջանք։
Գիշերային լռության մեջ
Ծանըր տնքոց է լսվում,
Եվ աղաչանք, և լաց անվերջ,
Եվ… ողջ լեզվով չի ասվում։
Էն ճամփորդն է, ճամփի տակին
Չարչարվում է` կիսամահ,
Էն ծնողն է իր զավակին
Ողբում, կանչում… և չըկա…
Կույս աղջիկն է լըլկանքի մեջ,
Ալևորը խոր բանտում…
Էն կտրիճն է հայրենատենչ
Խիզախ հոգին ավանդում…
Եվ կյանքն այնտեղ ծանր ու խավար
Մի գիշեր է ահավոր…
Եվ ո՛վ գիտե, որի՞ համար
Կլուսանա բարի օր։
1890
Հետևեք մեզ նաև Telegram-ում