Հայ և ռուս պատգամավորները քննարկել են ռազմաքաղաքական ոլորտում երկկողմ համագործակցության հարցեր

Հայ և ռուս պատգամավորները քննարկել են ռազմաքաղաքական ոլորտում երկկողմ համագործակցության հարցեր

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության խորհրդարանների պատգամավորները երկկողմ հարաբերություններում ռազմաքաղաքական ոլորտի մի շարք հարցեր են քննարկել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 17-ին լրագրողների հետ զրույցում ասաց Ռուսաստանի Դաշնային խորհրդի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Սերգեյ Արենինը։

«Ամեն ինչ արվել է համագործակցության որոշ արգելքներ հաղթահարելու համար։ Կարծում եմ, որ հանդիպումները շատ լավ են անցել։ Մեր հարաբերություններում դրական տրամադրվածությունը, որն ամենակարևորն է, կշարունակվի։ Կարծում եմ, որ մեր գործընկերները կհյուրընկալվեն մեզ, մենք նրանց կսպասենք Մոսկվայում»,- ասաց Արենինը:

ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ նման հանդիպումները միտված են երկրների անվտանգության բաղադրիչի ավելացմանը։

«Անվտանգության հետ կապված որևէ խնդիր չունենք։ Ավելին՝ մենք անվտանգության բաղադրիչը նմանատիպ հանդիպումներով անընդհատ ավելացնելու ենք, որովհետև ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր անվտանգության հիմնական բաղադրիչը հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունների շրջանակում է, իսկ դրանք մենք պահպանելու և ամրացնելու ենք»,- նշեց Քոչարյանը։

Ռուսաստանի Դաշնային խորհրդի պատգամավորները ծաղիկներ խոնարհեցին Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի արձանի և Հաղթանակի զբոսայգու անմար կրակի մոտ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում