Ինչու է Արկադի Վարդանյանը հրաժարվել փաստաբանից

Քաղաքագետ Արկադի Վարդանյանն իրեն վերագրվող մեղադրանքը չի ընդունել գործով նախաքննության առաջին օրերի ընթացքում: Այս մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Արկադի Վարդանյանի նախկին պաշտպան Նարինե Ռշտունին, ում ծառայություններից մայիսի 27-ին հրաժարվել է Արկադի Վարդանյանի կինը, ով Իսպանիայում է բնակվում: Նարինե Ռշտունին հերքել է այն լուրերը, թե ինքը չի հասցրել բողոքարկել Արկադի Վարդանյանին կալանավորելու որոշումը: Նրա հավաստիացմամբ՝ բողոքն արդեն պատրաստ էր, բայց Արկադի Վարդանյանի կինը հրաժարվել է պաշտպանական ծառայություններից: Իսկ թե ինչո՞ւ՝ փաստաբանը չգիտի, քանի որ իր պաշտպանությունից, կարծես թե, դժգոհ չեն եղել: Ինչ վերաբերում է նախաքննության այն հատվածին, որին Ռշտունին մասնակցել է, փաստաբանն ասել է, որ Արկադի Վարդանյանը չի ընդունել իրեն վերագրվող մեղադրանքը, իսկ ինքն ունեցել է հիմքեր նրան «պաշտպանելու» համար:

Արկադի Վարդանյանի պաշտպանությունն արդեն իսկ ստանձնել է փաստաբան Գայանե Գալոյանն, ով «Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ նոր է սկսել ծանոթանալ գործի նյութերին և այս պահին դեռևս հստակ չի կարող ասել, թե գործը «սարքված» է, թե ոչ: «Նախաքննական գաղտնիք է ամեն ինչ, երևի մի փոքր ընթացքը կգնա, և որոշակի կարծիք կունենամ գործի վերաբերյալ»,- նշել է Գայանե Գալոյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Երևանում ձերբակալվել էին Արսեն Ավետյանը և Արկադի Վարդանյանը՝ Արսեն Ավետյանի հոր’ Ռոբերտ Ավետյանի սպանությունը նախապատրաստելու կասկածանքով: Ըստ ԱԱԾ-ի, Արսեն Ավետյանը և Արկադի Վարդանյանը պլանավորել, միջոցներ են ձեռք բերել և պայմաններ ստեղծել Ռոբերտ Ավետյանին թունավորելու միջոցով նրա գույքին տիրանալու համար: Ստացված տեղեկությունների հիման վրա դեռևս 2013 թ. մայիսի 17-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստություն):

Հետևեք մեզ նաև Telegram-ում