Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրեց Շոպենի և Բորոդինի ստեղծագործություններից
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, Irates.am: Մայիսի 16-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես եկավ հանրահայտ դաշնակահարուհի Վալենտինա Բաբորը։
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագախումբը ներկայացրեց Ֆրեդերիկ Շոպենի Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը։
Վալենտինա Բաբորը երրորդ անգամ է Հայաստանում. Երևանում ելույթ է ունեցել 2014 և 2016 թվականներին։ Նա նկատում է, որ մարդիկ այստեղ շատ ջերմ, սիրալիր և բացսիրտ են, և իր համար հաճելի է լինել մեր երկրում: Դաշնակահարուհին խոստովանում է, որ Շոպենի Դաշնամուրի թիվ 1 կոնցերտն իր ամենասիրելի ստեղծագործություններից է։ Այն տասնամյակներ առաջ նվագել է դեռևս իր պապիկը բարեգործական համերգում՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում վիրավորված մարդկանց։
Բաբորը բարձր է գնահատում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությունը։ «Նրանք շատ պրոֆեսիոնալ են, հիանալի հնչողություն ունեն: Շոպենի ստեղծագործության կատարման ժամանակ կարողանում են իսկապես լսել, հետևել և զգալ նույնիսկ իմ ամենափոքր տեմպային փոփոխությունները»,- ասում է դաշնակահարուհին:
Համերգի երկրորդ հատվածում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրեց ռուսական էպիկական սիմֆոնիզմի հիմնադիր Ալեքսանդր Բորոդինի Երկրորդ՝ «Դյուցազնական» սիմֆոնիան, որը երկար տարիներ չէր հնչել Հայաստանում։
«Մեր ցանկությունն է կատարել սիմֆոնիկ երաժշտություն, որն իմ պատկերացմամբ չի կարող չհնչել, բայց Հայաստանում հազվադեպ է հնչում։ Այս ստեղծագործությունը բացառիկ սիմֆոնիզմ է պարունակում, շատ է կատարվում արտերկրում, շատ անվանի երաժիշտներ ձայնագրել են այն, և այժմ մենք այդ գեղեցիկ գործը ներկայացնում ենք երևանյան ունկնդրին»,- ասում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը՝ ավելացնելով, որ իրենք շատ ուրախ են նվագախմբի համերգաշրջանում Վալենտինա Բաբորին հյուրընկալելու համար։
Նշենք, որ համերգին ներկա էին նաև ԴասA ծրագրի մասնակիցները, իսկ մեկ օր առաջ՝ մայիսի 15-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Վալենտինա Բաբորը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացուցիչները հանդիպել էին Երևանի թիվ 119 և 65 ավագ դպրոցների աշակերտների հետ։ Դաշնակահարուհին աշակերտների հետ անցկացրել է վարպետության դաս, տեղի է ունեցել քննարկում դասական երաժշտության մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում