Էմին Թորոսյանը նշանակվել է Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, Aravot.am: Մայիսի 17-ին՝ Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Պատանի հանդիսատեսի թատրոնում կազմակերպված հանդիպման ժամանակ նշեց, որ տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի արդյունքում մրցութային շեմը հաղթահարած երկու թեկնածուներից քաղաքապետի որոշմամբ թատրոնի տնօրեն է նշանակվել Էմին Թորոսյանը:
«Նշանակումը մեկ տարով է եւ մենք վստահություն ունենք, որ պարոն Թորոսյանի ծրագրերը կյանքի կկոչվեն: Պայմանագրի երկարացումը եւ հետագա պաշտոնավարումը պետք է ցանկացած ղեկավար վաստակի իր կատարած աշխատանքով, մի շարք ծրագրերի մասին քննարկում ունեցել ենք, որոշներն էլ քննարկման փուլում են: Պետք է ճիշտ խաղացանկային քաղաքականություն վարենք, այնպիսի փոփոխություններ անենք, որ Պատանի հանդիսատեսի թատրոնը լավագույններից մեկը լինի Երեւան քաղաքում»,-նշել է Տիգրան Վիրաբյանը:
Էմին Թորոսյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին վստահության համար, նշելով. «Թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար լինելու ամիսների ընթացքում ինձ հնարավորություն էր ընձեռնվել խնդիրներին ծանոթանալու ներսից եւ որոշակիորեն ուրվագծելու դրանց լուծման ճանապարհը, որով մենք արդեն շարժվում ենք առաջ: Այո, կարծում եմ, որ մեկ տարին լավագույնս դրսեւորվելու ժամանակահատված է առաջ գնալու եւ զարգանալու համար: Վստահ եմ՝ մեր աշխատակազմը կարող է լուծել խնդիրները եւ իրագործել նոր ծրագրեր»:
Պատանի հանդիսատեսի թատրոնի մամուլի ծառայություն
Հետևեք մեզ նաև Telegram-ում