Բուդաղյանների հարազատները նոր մանրամասներ են պատմում հունիսի 1-ի իրադարձությունների մասին

Նախօրեին Սյունիքի մարզպետարանը հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ մարզպետարանի ներկայացուցիչները մարզպետի գորիսյան բնակարանում դիտել են դեպքի բուն ընթացքի տեսագրությունը, որում ձայնագրություն չկա:

«Ժամանակ»-ը երեկ փորձել է Բուդաղյանների հարազատներից պարզել, թե ինչպես են գնահատում հաղորդագրության հրապարակումը: Նրանք միանշանակ դատապարտել են Սյունիքի մարզպետարանի տարածած հաղորդագրությունը՝ այն համարելով խիստ կողմնակալ գնահատական: Տեսագրությունը դիտել են հարազատներից մի քանիսը: Նրանց պատմելով՝ կադրերից ակնհայտ երևում է, որ Արտակ Բուդաղյանն ընդհանրապես զինված չի եղել, ավելին՝ նրա զենքը տանն է եղել: Մասնավորապես, հաղորդագրության այն հատվածը, որում նկարագրվում է, որ մեքենայից իջնում է գնդապետ Արտակ Բուդաղյանը (հավաքվածներից մի քանի մետր հեռու) և անմիջապես կրակ է բացում, չի համապատասխանում իրականությանը։ Արտակը իջել է, մոտեցել Զարզանդին և Սուրեն Խաչատրյանի որդուն, ըստ ամենայնի՝ Արտակի և կանգնածների միջև երկու րոպե հայհոյախառն զրույց է եղել:

«Երբ Ավոն իջել է, սկսել են նրա վրա կրակել, Ավոյին կրակել են հինգ անգամ, «սետկա» են սարքել, ըստ ամենայնի՝ կրակել են թե՛ ներսից, թե՛ դրսից: Կադրերից ակնհայտ երևում է, որ Զարզանդը և Սուրիկի տղան կրակել են, իսկ թե հետևից ով է կրակել Ավոյի վրա՝ կադրում չի երևում»,- պատմել են հարազատները:
Նշենք, որ Բուդաղյանների հարազատներին ցույց տված կադրերում որևէ տեղ չի երևացել Սուրեն Խաչատրյանը:

Ըստ շրջանառվող լուրերի՝ Ավո Բուդաղյանին օրվա կերուխումից հետո ճանապարհ դնող մարզպետը հայհոյել է, հարվածել Ավետիք Բուդաղյանին, իսկ եղբայրներն էլ գնացել են պարզաբանման, բայց ոչ կրակ բացելու նպատակով: Արտակ Բուդաղյանը թեև արդեն խոսում է նրան դեռ չեն հարցաքննել: Երեկվանից նրա մոտ սկսվել է թոքաբորբ, այժմ միակ վտանգը թոքաբորբն է: Արտակը շարունակում է պնդել, որ իրեն լավ է զգում՝ ինչո՞ւ են իրեն պահում այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում