Հայ երիտասարդ ռեժիսորները՝ Քիշինևում

Հայ երիտասարդ ռեժիսորները՝ Քիշինևում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, Irates.am: Մայիսի 14-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշինևում ավարտվեց «Կլասսֆեստ» միջազգային ուսանողական կինոփառատոնը, որին մասնակցում էին նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներ Մանե Բաղդասարյանը, Շուշան Ստեփանյանը, Գարուշ Ղազարյանը: Նրանք պատվով ներկայացրին Հայաստանը կինոփառատոնում և մրցանակաբաշխության օրը Հայաստանի անունը չորս անգամ հնչեց բեմից:

«Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակը շնորհվեց «Աղջիկը լուսնի վրա» ֆիլմի համար, «Լավագույն Հայկական ֆիլմ» մրցանակին արժանացավ «Ադապտացիան» , «Լավագույն ֆիլմերի ծրագիր» մրցանակին արժանացավ հայկական ողջ ծրագիրը, որը ներկայացվեց Մոլդովայում: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին հանձնվեցին դիպլոմներ:

Ռեժիսոր Մանեն «Ադապտացիա» ֆիլմի համար ստացավ 12-րդ մրցանակը, այս անգամ՝ Քիշինևում: Հանդիսատեսին և ժյուրին գրավել էր հատկապես ֆիլմում հնչող Բիթլզ խմբի հայտնի երգերից մեկի « In my Life»-ի ընտրություն ու ճիշտ տեղում այն մոնտաժելը:
Կինոգետները իրենց տպավորություններն ու գնահատականը հայտնեցին, ինչը շատ ոգևորիչ էր երիտասարդ ռեժիսորների համար: Հանդիսատեսը տպավորված էր հայաստանյան ֆիլմերի ծրագրով: Լեփ-լեցուն դահլիճում ֆիլմերի դիտումներից հետո երիտասարդները պատասխանեցին իրենց տրվող հարցերին:

Հայկական ծրագիրը ներառում էր վավերագրական, խաղարկային ֆիլմեր և անիմացիաներ, գերակշռում էին վավերագրական ֆիլմերը: Հայաստանի ներկայացուցիչները արժանացան «Լավագույն ծրագիր» մրցանակի՝ սովորական մարդկանց ճակատագրերը էկրան բարձրացնելու համար: Փառատոնին մասնակցում էին բազմաթիվ ուսանողներ ու դասախոսներ՝ Հայաստանից, Մոլդովայից,ՈՒկրաինայից, Ռումինիայից, Ադրբեջանից, Ռուսաստանից, Բելառուսից, Գերմանիայից, Իտալիայից,Ղազախստանից, Ղրղզստանից, Լեհաստանից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում