Մեղավորի հոգին
Նմանատիպ
Կարթագենում մի հազարապետ էր ապրում, որ շատ մեղավոր կյանք էր վարում: Մի անգամ սարսափելի հիվանդություն տարածվեց քաղաքում, որից բազմաթիվ մարդիկ մահացան: Հազարապետը վախից դարձի եկավ առ Աստված և ապաշխարեց մեղքերից: Նա թողեց քաղաքն ու կնոջ հետ մի գյուղ գնաց, որտեղ ժամանակն անցկացնում էր Աստծու մասին մտորելով:
Որոշ ժամանակ անց, սատանայի դրդմամբ, նա շնության մեղքի մեջ ընկավ հարևան հողագործի կնոջ հետ, և մեղանչելուց մի քանի օր անց մահացավ օձի խայթոցից:
Գյուղից մեկ ասպարեզ հեռու մենաստան կար: Հազարապետի կինը գնաց այնտեղ և վանականներին խնդրեց վերցնել ննջեցյալի մարմինն ու թաղել եկեղեցում: Թաղումը կատարեցին ժամը երեքին, իսկ ժամը իննին գերեզմանից բարձր բղավոց լսվեց. «Ողորմե՜ք, ողորմե՜ք ինձ»: Մոտենալով գերեզմանին և նրա աղաղակը լսելով, վանականները քանդեցին հողն ու ողջ գտան հազարապետին: Սարսափով զարմանում էին և հարցեր տալիս՝ ցանկանալով իմանալ, թե ինչ էր պատահել նրան և ինչպես էր կենդանացել: Բայց նա ուժգին լացի պատճառով չկարողացավ ոչինչ պատմել և միայն խնդրեց իրեն Տարասիոս եպիսկոպոսի մոտ տանել:
Եպիսկոպոսը երեք օր խնդրում էր նրան պատմել, թե ինչ է տեսել այնտեղ, բայց նա միայն չորրորդ օրը սկսեց խոսել:
Սաստիկ արտասվելով՝ նա հետևյալը պատմեց.
– Մեռնելիս մի քանի եթովպիացու տեսա դիմացս կանգնած: Նրանք շատ սարսափելի էին, և հոգիս խռովվեց: Հետո երկու շատ գեղեցիկ պատանիների տեսա: Հոգիս ձգվեց նրանց կողմը և նույն պահին երկրից վեր թռչելով, սկսեցինք երկինք բարձրանալ՝ ճանապարհին օդային կայանների հանդիպելով, որոնք կանգնեցնում են մարդկային բոլոր հոգիներին և դրանցից յուրաքանչյուրն առանձին մեղքի համար է տանջում, մեկը՝ ստի, մյուսը՝ նախանձի, երրորդը՝ հպարտության… Յուրաքանչյուր մեղք իր փորձողներն ունի օդում: Եվ ահա տեսա, որ հրեշտակները մի տապանակ են բռնել, որում իմ բարի գործերն էին, որոնք նրանք համեմատեցին իմ չար գործերի հետ: Այդպես մենք անցանք այդ կայանները: Իսկ երբ երկնային դարպասներին ավելի մոտենալով, հասանք անառակության կայանին, դևերը բռնեցին ինձ և սկսեցին ցույց տալ մանկուց մինչև մահս գործած բոլոր անառակություններս, և ինձ ուղեկցող հրեշտակներն ասացին. «Քաղաքում գործած քո բոլոր մարմնական մեղքերը Աստված ներեց, քանի որ ապաշխարեցիր»: Սակայն դևերն ասացին. «Բայց երբ հեռացար քաղաքից, դաշտում շնացար հողագործի կնոջ հետ»: Սա լսելով, հրեշտակները չգտան մի այնպիսի բարի գործ, որ կարողանային հակադրել այդ մեղքին, ուստի, ինձ թողնելով, հեռացան: Այդժամ դևերը բռնեցին ինձ, սկսեցին ծեծել և այնուհետև ցած տարան երկրի անդունդները: Նեղ մուտքերով և գարշահոտ ճեղքերով անցնելով,
հասա դժոխքի խորքերը, որտեղ հավիտենական խավարում բանտարկված են մեղավորների հոգիները, որտեղ կյանք չկա, այլ միայն հավիտենական տանջանք է, անսփոփ լաց ու ատամների անասելի կրճտոց: Այնտեղ մշտապես լսվում է մեղավորների հուսահատ աղաղակը. «Վա՜յ մեզ, վա՜յ: Ավա՜ղ, ավա՜ղ»: Եվ անհնար է փոխանցել այնտեղի բոլոր տառապանքները, անհնար է պատմել բոլոր չարչարանքների մասին, որ տեսա: Դժոխքի խորքում տնքում են հոգիները, և ոչ ոք չի ողորմում նրանց: Լալիս են և մխիթարող չկա: Աղոթում են, սակայն դրանք լսող և իրենց ազատող չկա: Ես փակված էի այն մռայլ, սարսափելի վշտերով լի վայրում և ուժգին լալիս էի ժամը երեքից մինչև իննը: Հետո փոքր լույս տեսա և այնտեղ եկած երկու հրեշտակներին: Սկսեցի եռանդագին աղերսել նրանց, որպեսզի ինձ դուրս հանեն այն սարսափելի վայրից, որպեսզի զղջայի Աստծու առջև:
Հրեշտակներն ինձ ասացին.
– Զուր ես աղոթում, այստեղից ոչ ոք դուրս չի գալու, մինչև համընդհանուր հարության ժամը չգա:
Սակայն քանի որ ես շարունակում էի թախանձագին խնդրել ու աղերսել նրանց և խոստացա ապաշխարել, ապա հրեշտակներից մեկը մյուսին ասաց.
– Երաշխավորո՞ւմ ես, որ նա ի սրտե կապաշխարի, ինչպես որ խոստանում է:
Մյուսն ասաց.
– Խոստանում եմ:
Այդժամ նրանք ինձ դուրս բերեցին այնտեղից և տարան դագաղի մոտ, որտեղ մարմինս էր պառկած և ասացին ինձ.
– Մտի՛ր նրա մեջ, որից բաժանվեցիր:
Եվ ահա ես տեսա, որ հոգիս հուլունքի պես շողում է, իսկ մեռած մարմինս ցեխի պես սև էր և գարշահոտ էր արձակում, և այդ պատճառով չցանկացա մտնել դրա մեջ: Հրեշտակներն ասացին.
– Անհնար է ապաշխարել առանց մարմնի, որով մեղքեր ես գործել:
Բայց ես աղաչում էի նրանց, որպեսզի չմտնեմ մարմնիս մեջ:
– Մտի՛ր, – ասացին հրեշտակները, – այլապես կրկին կտանենք քեզ այնտեղ, որտեղից բերեցինք:
Այնժամ մտա, կենդանացա և սկսեցի բղավել. «Ողորմե՜ք ինձ»:
Տարասիոս Սրբազանը նրան ասաց.
– Մի բա՛ն կեր:
Իսկ նա ուտել չէր ուզում, այլ մի եկեղեցուց մյուսը գնալով, երեսնիվայր ընկնում էր և արցունքներով ու խորը հոգոցներով խոստովանում իր մեղքերն ու ասում բոլորին.
– Վա՜յ մեղավորներին, քանի որ նրանց հավիտենական չարչարանք է սպասվում: Վա՜յ նրանց, որ դեռևս ժամանակ ունեն, սակայն չեն ապաշխարում: Վա՜յ իրենց մարմինը պղծողներին:
Հարությունից հետո հազարապետն ապրեց քառասուն օր և սրբեց իրեն ապաշխարությամբ: Իր մահվանից երեք օր առաջ իմացավ դրա մասին և Ողորմած ու Մարդասեր Աստծու մոտ գնաց, Որր դժոխք է իջեցնում, սակայն և բոլորին փրկվելու հնարավորություն է տալիս, և Որին վայել է փառք հավիտյանս, ամեն:
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում