«Ոչ ոք երկինք չի մտել՝ անտարբեր և սառնասիրտ կյանք ապրելով»

«Ոչ ոք երկինք չի մտել՝ անտարբեր և սառնասիրտ կյանք ապրելով»

««Երկնային հացը» հնարավոր է ճաշակել միայն «ճակատի քրտինքով» (Ծննդ. 3:19)»,- ասում են եկեղեցու հայրերը: «Ճակատի քրտինքով», այսինքն՝ մեծ ջանադրությամբ և հոգևոր նախանձախնդրությամբ է հնարավոր անցնել այն նեղ ճանապարհը, որ դեպի Երկնային Արքայություն և Կյանք է տանում: Սովորաբար թանկագին գանձ փնտրողը անտեսում է դժվարությունները, կանգ չի առնում և չի վախենում այն արգելքներից, որ հանդիպում են իր ճանապարհին: Նույնկերպ և նախանձախնդիր քրիստոնյան է հաղթահարում այն դժվարություններն ու խոչընդոտները, որ հնարավոր է հանդիպեն ամենամեծ գանձի՝ Երկնային Արքայության ճանապարհին: Եկեղեցու հայրերը հորդորում են միշտ վառ պահել նախանձախնդրության ոգին, որը դժվարին ճանապարհի շարժիչ ուժն է: «Երանի թե բարուն տևապես նախանձախնդիր լինեիք»,- գրել է Պողոս առաքյալը գաղատացիներին (Գաղ. 4:18): Աստծուն մերձ լինելու և փրկության ձգտելու նախանձախնդրություն ունեին սրբերը, որոնց վարքագրությունն այսօր էլ քրիստոնյայի սրտում աճեցնում և զարգացնում է նախանձախնդրության ոգին: Նրանց վարքագրությունը վկայում է, որ համառ ջանքերը, սրտանց աղոթքը, Աստծու և Նրա պատվիրանների հանդեպ խոր հավատարմությունը մարդուն արժանացնում է Տիրոջ ողորմությանը: Ս. Անտոն Մեծը, իր աշակերտների մեջ հոգևոր նախանձախնդրությունը վառ պահելու համար, հաճախակի հորդորում էր, որ հիշեն մահվան մասին և մտածեն, որ ապրած օրը հնարավոր է իրենց կյանքի վերջին օրը լինի:

Եթե հոգևոր նախանձախնդրություն ունեցողը ձգտում է հոգու փրկության և հավիտենական կյանքի, ապա աշխարհիկ նախանձախնդրություն ունեցողը ձգտում է նրան, ինչը ժամանակավոր է և անցողիկ: Հոգևոր կյանք մուտք գործած անձը պետք է ջանա դուրս գալ իր «ես»-ի սուբյեկտիվ շրջանակից, հավատը պահպանելու համար ջանքեր գործադրի և հաղթահարի այն կասկածներն ու դժվարությունները, որոնց կարող է ամեն օր բախվել: Նախանձախնդիր անձը, Տիրոջ խոստման համաձայն (Մատթ. 7:7), փնտրում է և գտնում: Որոնումը կյանքի ոգին է, առանց որի սառչում է կյանքը, առանց որի ջանքերն անպտուղ են դառնում: Ս. Մակար Մեծն ասում է. «Փնտրիր հույսով, փնտրիր և թակիր, դու միայն փնտրիր, Աստված չի մոռանում իրենը… Ջանքն ունեցողն արդեն հաղորդակցվում է Աստծու հետ: Առջևում մեծ ջանքեր են և վտանգներ, գնա առաջ, կլինի պտուղ: Ետ մի նայիր, այլ միայն առաջ: Հողագործը քրտինքը երեսին աշխատում է և հաց ուտում, նույնն է և քեզ մոտ: Շուտով կանցնեն փորձությունները, խաղաղություն և հանգստություն կունենաս, այն կվայելես թե՛ այստեղ՝ քո ներսում և թե՛ այնտեղ: Դու զինվոր ես, նայիր պսակին և մի՛ վախեցիր մահից: Ջանք թափիր և մի որոշիր պտուղը, որը Աստծու պարգևն է հանուն քո ջանքի, իսկ պարգև տալը Պարգևատուի կամքն է: Այդ պատճառով ինչ էլ որ անես, մի՛ ասա, թե հասել եմ կամ կհասնեմ, այլ եթե հասնեմ: Նավը, երեք քառորդ ուղի ացնելով, դեռ չի հասել և չի կարող ասել կհասնի՞, թե՞ ոչ: Այդպես և դու, երբեք մի համարիր քեզ ինչ-որ մի բանի հասած, այլ միայն փնտրող»:

«Երկնքի Արքայության համար ուժ են գործադրում, և ուժեղները ձեռք են բերում այն» (Մատթ. 11:12): Գործադրված ուժերը չեն ուժաթափում քրիստոնյային, այլ հակառակը՝ բազմապատկում են նրա ուժերի աղբյուրները: Այնինչ հոգևոր կյանքում անփութությունն անխուսափելիորեն թուլացնում է մարդու թե՛ հավատը, թե՛ հոգին և թե՛ մարմինը՝ անընդունակ դարձնելով հոգևոր սխրանքների: Դժվարությունների հանդիպող անձը, եթե տրտնջալու փոխարեն փառաբանի Աստծուն և դժվարությունները հաղթահարի աղոթքով, համբերությամբ և մերձավորին ծառայելով, ապա կարժանանա հոգևոր մեծ ուրախության և մխիթարության: Հեշտ է աստվածահաճո ապրել, երբ օրն ապրում ես Տիրոջ սիրառատ հայացքի ներքո և հանուն Նրա ու Նրա փառքի:

Հոգևոր նախանձախնդրության դրսևորման լավագույն համեմատությունը տնային տնտեսուհու տան մաքրությանն ուղղված աշխատանքն է, ինչն անխուսափելի է, քանի որ տունը միշտ կեղտոտվում է և փոշոտվում: Աշխատասեր տնտեսուհին թույլ չի տալիս, որ իր տունն անխնամ և աղտոտված լինի, նա ժամանակին մաքրում է, լվանում, փոշին վերցնում: Մարդու հոգին ևս տուն է, որ կրքերից, մեղքերից, անփութությունից և ծուլությունից մշտապես աղտոտվում է: Հոգու տան հանդեպ էլ անհրաժեշտ է խնամք և ուշադրություն ցուցաբերել՝ այն ժամանակին անկեղծ աղոթքով, զղջումով, ապաշխարությամբ և Ս. Հաղորդությամբ մաքրելու համար: Եվ միայն այս դեպքում հոգու տանը կպահպանվի մաքրություն և գեղեցկություն, ուր կբնակվի Ս. Հոգին՝ լուսավորելով այն Իր սրբարար ներկայությամբ:

Փրկարար նախանձախնդրությունը վառ պահելու կարևորագույն հիշեցում է Ս. Իսահակ Ասորու հետևյալ հորդորը. «Մշտապես հիշենք, քանի դեռ աշխարհում ենք և մարմնի մեջ, չենք կարող անգործ և անջանք մնալ, եթե անգամ բարձրացել ենք մինչև երկնակամար… Հոգևոր ուղին ամենօրյա խաչ է: Ոչ ոք երկինք չի մտել՝ անտարբեր և սառնասիրտ կյանք ապրելով… Եթե անգամ օրվա մեջ հազար հարված կրենք, թուլակամ և փոքրոգի չգտնվենք… Աշխարհը մրցման մի վայր է, և ժամանակը պայքարի ժամանակն է»:

Կարինե Սուգիկյան

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում