Արմեն Աշոտյանն ընդունել է Հալլե-Վիտտենբերգի համալսարանի պատվիրակությանը
Նմանատիպ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Գերմանիայի Հալլե-Վիտտենբերգի համալսարանի պատվիրակությանը’ արտաքին կապերի գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Գեսինե Ֆոլջանտի Ջոստի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից, հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է Հալլե-Վիտտենբերգի համալսարանում գործող «Մաշտոց» կենտրոնի գործունեությանը’ կարևորելով հայագիտության ուսումնասիրությունը ոչ միայն Գերմանիայի բուհերում, այլ նաև ողջ Եվրոպական Միության տարածքում:
Նախարարն ընդգծել է, որ պետք է անել հնարավորը’ հայոց և գերմաներեն լեզուների և միջմշակութային համագործակցության զարգացումը խթանելու համար: Պրոֆեսոր Գեսինե Ֆոլջանտի Ջոստն իր հերթին նշել է, որ 2014 թվականին լրանում է հայ-գերմանական հարաբերությունների հաստատման 100-ամյակը, որի առթիվ նախատեսվում է մեծ գիտաժողով անցկացնել’ հայ և գերմանացի գիտնականների
մասնակցությամբ: Ըստ հյուրի’ գիտաժողովը կարելի է նվիրել նաև Մեծ եղեռնի 100-ամյակի տարելիցին: Պրոռեկտորը նախարար Արմեն Աշոտյանին առաջարկել է Գերմանիա կատարած այցելության ընթացքում լինել նաև Գիտությունների ազգային ակադեմիայում:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Ակադեմիական փոխանակման ծառայության /DAAD/, ինչպես նաև երկու երկրներում գիտական գործունեության, մասնավորապես, ատենախոսությունների պաշտպանության հետ կապված խնդիրներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հալեի համալսարանի պրոֆեսոր Արմենուհի Դրոստ-Աբգարյանը և Երևանի Վ. Բրյուսովի անվան եզվաբանական համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Շտեֆան Ռաբանոսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում