Հոբելյանական հուշ երեկո՝ նվիրված Մեծն Կոմիտասի ծննդյան 150-ամյակին

Հոբելյանական հուշ երեկո՝ նվիրված Մեծն Կոմիտասի ծննդյան 150-ամյակին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, Aravot.am: Սույն թվի մայիսի 10-ին Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքի Տարեցների միության միջոցառումների դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր հուշ երեկո՝ «Կոմիտասի կյանքն ու մահվան առեղծվածը» խորագրով, նվիրված՝ Մեծն Կոմիտասի ծննդյան 150-ամյակին:

Այդ անչափ հետաքրքիր ու բովանդակալից երեկոն կազմակերպել էր ԱՄՆ ՀԳԼՄ-ն (Հայ գրողների եւ լրագրողների միությունը): Երեկոն սահուն եւ հմտորեն վարում էր ճանաչված բանաստեղծուհի, միության վարչության անդամ Աննա Ղլղաթյանը: Օրվա գլխավոր բանախոսներն էին միության նախագահ, շնորհալի բանաստեղծ Վազգեն Վանատուրը, միության կանոնակարգային հանձնաժողովի նախագահ, իրավագետ, նախկին դատավոր Սուրեն Ղազարյանը ու միության անդամ, պատմաբան Արծրուն Ալեքսանյանը: Երեկոյի բացումը կատարվեց Կոմիտասի հանրահայտ «Հորովել» երգով, կատարողներ՝ միության արվեստի խմբակցության անդամներ Նաիրա Տեր-Կարապետյան եւ Արմո Մաթեւոսյան:

Այնուհետեւ Ա. Ալեքսանյանը ներկայացրեց Կոմիտասի կենսագրությունը եւ մշակութային այն ժառանգությունը, որ թողել է նա: Համառոտակի ներկայացնենք այն՝ ըստ բանախոսի բերած տվյալների.

«Սողոմոն Սողոմոնյանը 12 տարեկանում իր ձայնային հրաշալի տվյալների, երաժշտական արտակարգ ընդունակությունների ու երաժշտաընկալման համար ուղարկվել է Էջմիածին, Գեւորգյան ճեմարանում ուսուցանելու, ձեռնադրվել է աբեղա եւ ստացել Կոմիտաս անունը՝ ի պատիվ 7-րդ դարի Կոմիտաս կաթողիկոսի, ով օժտված է եղել նույնպիսի զարմանահրաշ, սքանչելի երաժշտական տվյալներով, ինչպես՝ փոքրիկ Սողոմոնը: Հետագայում նրան շնորհվել է վարդապետի աստիճան: 1895-96թթ. սովորել է Թիֆլիսում Մակար Եկմալյանի ղեկավարությամբ, իսկ ավելի ուշ՝ 1896-99թթ. Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմ արքունական համալսարանում՝ շնորհիվ հայ մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի: Կոմիտասն ավարտել է այդ համալսարանի փիլիսոփայության բաժինը եւ Ռիխարդ Շմիդտի մասնավոր երաժշտանոցը: Նրա ուսուցիչներն են եղել ակնառու երաժշտագետներ Օսկար Ֆլայշերը, Հայնրիխ Բելլերմանը եւ Մաքս Ֆրիդլենդերը։

Կոմիտասի հեղինակությամբ առաջին հրատարակությունը «Հայ քնար» ժողովածուն էր, որտեղ ընդգրկված էին հայ գեղջկական երգերի մեներգային եւ խմբերգային մշակումներ, լույս է տեսել Փարիզում 1907թ.-ին, իսկ երկրորդը՝ «Հայ գեղջկական երգեր» ժողովածուն, որը ներառում էր հայ ժողովրդական երգերի մեներգային եւ խմբերգային մշակումներ, լույս է տեսել Լայպցիգում 1912-ին: Կոմիտասը ստեղծել է. վոկալ՝ «Անտունի», «Կռունկ», «Ծիրանի ծառ», «Ալ այլուղս», «Զինչ ու զինչ», ժողովրդական եւ հոգեւոր՝ «Անձրեւն եկավ», «Լուսնակն անուշ», «Գութաներգ», «Հայր մեր», «Ով զարմանալի», «Այսօր ձայնն հայրական», «Էջ Միածինն ի Հօրէ», «Տէր, ողորմեա» եւ այլն, դաշնամուրային՝ «Յոթ պար», «Մշո շորոր» եւ այլ ժանրի ստեղծագործություններ: Նրա ստեղծագործության մեջ առանձնակի տեղ է գրավում իր միակ ավարտուն մեծածավալ գործը՝ «Պատարագ»-ը, գրված տղամարդկանց երգչախմբի համար: 1915 թ. երիտթուրքերի կազմակերպած եւ Օսմանյան Թուրքիայի իշխանությունների կողմից դաժանորեն իրագործած Հայոց ցեղասպանությունը ողբերգականորեն ընդհատում է հանճարեղ Կոմիտասի գործունեությունը։ Նա ձերբակալվում եւ աքսորվում է: Որոշ ժամանակ անց, ամերիկյան դեսպան Մորգենթաուի միջնորդությամբ, Կոմիտասին աքսորից ետ են բերում, սակայն ապրած արհավիրքի հետեւանքով նա կորցնում է իր հոգեկան հավասարակշռությունը եւ դադարում ստեղծագործել։ 1916-1919 թթ. Կոմիտասը գտնվել է Կոստանդնուպոլսի Շիշլի թաղամասի հոգեբուժարանում։ Նրա կյանքի վերջին 16 տարիներն անցել են Փարիզի Վիլ-Էվրար եւ Վիլ-Ժուիֆ արվարձանների բուժական հաստատություններում։

Կոմիտաս վարդապետը վախճանվվել է 1935 թ. հոկտեմբերի 22-ին Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվել է Երեւան եւ վերաթաղվել հայ ականավոր գործիչների պանթեոնում, որը ներկայումս կրում է Կոմիտասի անունը»:

Իրավագետ Ս. Ղազարյանն իր ելույթում մանրամասն անդրադարձավ Կոմիտասի հիվանդությանը դատաբժշկական քննության տեսակետից եւ այն համոզումն արտահայտեց, որ նա երբեք էլ չի տառապել հոգեկան որեւէ հիվանդությամբ:

Մասնավորապես նա ասաց, որ 40 անց մարդիկ երբեք չեն հիվանդանում մտագարությամբ (շիզոֆրենիայով), ինչպես որ ախտորոշվել էր Մեծն Կոմիտասը: Բացի այդ, Կոմիտասը հոգեբուժարանում պահվել է մեկուսացված եւ առավել վտանգավոր հիվանդների վարքագծին հատուկ պայմաններում, չնայած նա երբեք թշնամական ու հարձակողական վերաբերմունք չի ցուցաբերել ո՛չ բուժանձնակազմի եւ ո՛չ էլ՝ ինքն իր նկատմամբ: Արգելված են եղել նաեւ այցելությունները նրա մոտ:

ԱՄՆ ՀԳԼՄ նախագահ Վ. Վանատուրի ելույթում կարմիր թելի նման անցնում էր այն միտքը, որ Կոմիտաս վարդապետը խելագար չէր, որովհետեւ երբեք ականատես չի եղել որեւէ սահմռկեցուցիչ եղեռնագործության, մանկահասակ երեխաների բռնաբարության ու ծերունիների գազանաբարո սպանության տեսարանի: Հետեւաբար, թյուր կարծիք կա հայ ժողովրդի մոտ, թե այս բոլորը տեսնելով է նա խելագարվել: Բնականաբար, Կոմիտասը լսել էր այդ ամենի մասին, բայց իր աչքերով չէր տեսել: Նա անդրադարձավ նաեւ Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամ, հայտնի հոգեբույժ, հոգեբան եւ հոգեվերլուծաբան Լուիզ Ֆով-Հովհաննիսյանի ատենախոսությանը: 1991թ. նոյեմբերին Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիային կից փարիզյան բժշկական համալսարանում Փարիզի երկու հոգեբուժարանների առաջատար մասնագետ, բժշկագիտության դոկտոր Լուիզ Ֆով-Հովհաննիսյանը Կոմիտասի հիվանդության եւ մահվան թեմայով ատենախոսություն պաշտպանեց՝ ապացուցելով, որ կոմպոզիտորը հոգեկան հիվանդ չի եղել եւ չի տառապել մտագարությամբ։ Ըստ նրա՝ Կոմիտաս վարդապետը տառապում էր ընկճախտով (դեպրեսիա) միայն: Այդ են վկայում նրա հիվանդության պատմության գրառումները:

Տաղանդաշատ բանաստեղծ Պարույր Սեւակն անդրադարձել է Մեծն Կոմիտասի խելագարությանը «Անլռելի զանգակատան» մեջ, «Ղողանջի մթագնման» բաժնում: Մեծն քնարերգուն նկարագրելով հայ ժողովրդի աներեւակայելի տառապանքները՝ մեկընդմեջ ամրագրում է Կոմիտասի «խելագարվելու» /-Դե ե՜կ Վարդապե՛տ, Ու մի՛ խենթանա…/, «ցնդելու» /-Դե ե՜կ, Վարդապե՜տ, Եկ ու մի՛ ցնդիր…/, «ծռվելու» /-Դե ե՜կ, Վարդապե՛տ, Եկ ու մի՛ ծռվիր…/, «գժվելու» /-Դե ե՜կ Վարդապե՛տ, Եկ ու մի՛ գժվիր…/, «թռցրու խելքդ» /-Դե ե՜կ, Վարդապե՜տ, Եկ ու մի՛ թռցրու խելքդ…/ փաստը… Պ. Սեւակը նույնպես հավատացած էր, որ Կոմիտասը խելագարվել է՝ չդիմանալով իր աչքերով տեսածին.

Եփրատ էր կոչվում

Եվ… Մուրադ ասվեց,

Ջհանդամի գյո՜ռը, թող կոչվեր Մուրադ,

Միայն թե գետը գետություն աներ՝

Գերաններ տաներ

Եվ ոչ թե դիակ,

Առվույտի խրձեր, կոճղեր ափ հաներ,

Եվ ոչ թե գանգեր, ուսեր ու թիակ…

Երեկոյի ընթացքում ԱՄՆ ՀԳԼՄ արվեստի խմբակցության մի շարք անդամներ՝ Նշան Ջաղացպանյանը («Տեր ողորմյա», Կոմիտաս), Ժիրայր Բարսամյանը («Աղբյուրներ», խոսք՝ Սիլվա Կապուտիկյանի, երաժշտությունը՝ Նորայր Բարսեղյանի եւ «Ապրիլյան տղերք», խոսք՝ Վազգեն Վանատուրի, երաժշտությունը՝ Ժիրայր Բարսամյանի), դուդուկահար եւ ակորդեոնիստ Աշոտ Հեբոյանը եւ Գեւորգ Գաբուզյանը («Դլե յաման», «Կռունկ», Կոմիտաս) ներկայացան հրաշալի կատարումներով:

Անկասկած Կոմիտասը շատ մեծ դեր ունի հայկական մշակույթում՝ որպես հայ երգահան, երգիչ, երաժշտագետ, քնարերգու, բանահավաք, խմբավար, մանկավարժ եւ ազգային երաժշտագիտական դպրոցի հիմնադիր: Միանգամայն հիմնավորված է հայ գրող, քննադատ, բանասեր ու հասարակական գործիչ Արշակ Չոպանյանի այն պնդումը, որ նա հայկական երաժշտության փրկիչն է: Կոմիտասը հայ դասական երաժշտության հիմնադիրն է: Նրան աշխարհն է ճանաչում: Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ընթացող կազմակերպության Գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանը որոշում է ընդունել ընդգրկելու Կոմիտասի եւ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների 2018-2019 թվականների օրացույցում:

Երկոյի ընթացքում Կոմիտաս վարդապետին նվիրված իր չափածո ստեղծագործությամբ հանդես եկավ ԱՄՆ ՀԳԼՄ պատվավոր անդամ, բանաստեղծուհի, գեղանկարչուհի Սոնյա Մկրյանը: Կոմիտասի քնարերգությունը հանդիսատեսին ներկայացրեց ԱՄՆ ՀԳԼՄ անդամ, բանաստեղծուհի Նելլի Ենոքյանը:

Հիանալի ասմունքով հանդես եկավ ԱՄՆ ՀԳԼՄ անդամ Սվետլանա Տոնապետյանը՝ ներկայացնելով հատված Պ. Սեւակի «Անլռելի Զանգակատան»՝ «Ղողանջի մթագնման» բաժինը:

Երեկոն փակեց Վ. Վանատուրը, ներկայացնելով մի հատված Կոմիտասին նվիրված, իր հիասքանչ ու ազդեցիկ «Սեւազգեստ Արեւը» մեծածավալ բանաստեղծությունից:

Երեկոյի վերջում միության նախագահ Վ. Վանատուրը շնորհակալություն հայտնեց երեկոն վարող Ա. Խլղաթյանին եւ կազմակերպչական հարցերում մասնակցություն ցուցաբերած միության մյուս անդամներին, որից հետո եղավ պատշաճ հյուրասիրություն եւ մտքերի աշխույժ փոխանակություն կոմիտասյան թեմաներով:

ՄԱՐՏԻՆ ՇԻՐԻՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում