Июльансамбль կոչվող թատերախումբը հանդես կգա Երեւանում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, Aravot.am: Բոլոր այն քաղաքներում, որտեղ գտնվում են «Ռուսալ» ընկերության մեջ մտնող գործարաններ, իսկ դրանք 12-ն են, կազմակերպվում է «Ռուսալ» թատերական փառատոնը: Հայաստանյան «Արմենալը» նույնպես մաս է կազմում «Ռուսալի», հետեւաբար Երեւանում նույնպես կանցկացվի այդ փառատոնը: Aravot.am-ի հետ զրույցում «Արմենալի» լրատվության պատասխանատու Ալեքսանդր Մելքումյանը տեղեկացրեց, որ հունիսին Երեւանում կներկայացվեն Մոսկովյան ՄԽԱՏ-ին կից երիտասարդական թատերախմբերի ներկայացումները: Հանդես կգա Июльансамбль կոչվող թատերախումբը, որը ձեւավորվել է Վ. Ռիժակովի արվեստանոցի ուսանողներից, իսկ անվանումը խորհրդանշում է այն ամիսը, երբ երիտասարդները դարձել են պրոֆեսիոնալ դերասաններ:
«Երեւանն առաջին անգամ է ընդգրկվում այս միջոցառման մեջ, չնայած փառատոնն արդեն մի քանի տարի անցկացվում է: Երկու բեմադրություն կլինի, մեկը կոչվում է «Несовременный концерт» (ռեժիսոր` Վ. Ռիժակով), կներկայացվի հունիսի 4-ին Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնում, մյուսը` «Cовременный концерт»: Սա սոցիալական ծրագիր է, հիմնական լսարանը գործարանի աշխատակիցներն են, թատերական աշխարհի մարդիկ եւ շահագրգիռ կազմակերպություններ»,-ասաց Մելքումյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում