«Եթե լեզուն, որով դու գրում ես, վատ գիտես, գրող լինելու մասին խոսելն ավելորդ է»

«Եթե լեզուն, որով դու գրում ես, վատ գիտես, գրող լինելու մասին խոսելն ավելորդ է»

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, Irates.am: «Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ «Կայարան» գրական հանդեսի՝ այս տարվա առաջին համարի շնորհանդեսը։ Առաջին համարում տպագրվել են Դավիթ Մուրադյանի, Վաչագան Ա. Սարգսյանի, Մհեր Իսրայելյանի, Գրիգի, Տաթև Մաղաքյանի, Արթուր Միկոյանի, Վարդուհի Գևորգյանի պատմվածքները, Ջեսահի վեպը, Պերճուհի Ավետյանի հրապարակախոսությունը և Արտակ Վարդանյանի ուղեգրությունը: Հանդեսը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, խմբագիրն է Սուսաննա Հարությունյանը։ «Կայարանը» լույս է տեսնում 2012-ից՝ որպես արձակի տարեգիրք։ 2019-ից արդեն լույս է տեսնում որպես հանդես՝ տարեկան չորս համարով։
Միջոցառմանը ներկա էին հանդեսի հեղինակները, գրական դաշտի մարդիկ ու գրասերներ: «Իրատեսը» զրուցել է նրանցից մի քանիսի հետ:

«ԻՍԿ ՀԱՋՈՂ ԳՈՐԾԵՐ ԱՄԵՆ ՕՐ ՉԵՆ ԳՐՎՈՒՄ»

ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ («Կայարան» հանդեսի գլխավոր խմբագիր, արձակագիր)

– Ինչո՞վ է պայմանավորված անցումը՝ տարեգրքից հանդեսի:

– Մինչև տարին պտտվում է ու գալիս է նոր համարը, ընթերցողն այդ ժամանակահատվածում քեզ մոռանում է: Եվ եկանք այն եզրակացության, որ «Կայարանի» պարբերականությունը կարելի է ավելի հաճախակիացնել: Այսօրվա գրական արտադրանքը ներկայացնելու համար տարեկան չորս համարը նորմալ է: Եթե ամսագիր լիներ, չէի կարողանա լավ ընտրություն կատարել, ու կգար մի պահ, որ ուղղակի էջեր կլցնեի, որովհետև պարտավորվում ես ամեն ամիս համար տալ՝ անկախ որակից: Այստեղ նաև ծավալի խնդիր կար: Տարեգիրքը մոտ 200 էջ էր, ու ընթերցողին այդ ծավալը վախեցնում էր, իսկ սա կարելի է մեկ-երկու օր թերթել կամ երկու ժամում ամբողջությամբ կարդալ:

Երեք ամիսը մեկ այս ծավալով տպագրելը շատ հարմար և՛ մեզ, և՛ ընթերցողին, և՛ հեղինակին: Ձևաչափը փոխելու հիմնական պատճառը դա էր: Ըստ էության, մեր հեղինակների քանակը չի պակասել կամ ավելացել, ամեն ինչ իր հունով գնում է:

– «Կայարանում» հանդիպում են և՛ հայտնի, և՛ անծանոթ անուններ: Առհասարակ, ի՞նչ սկզբունքով են ընտրվում հեղինակները: Նոր անուններ ներկայացնելը կարծես խրախուսվում է:

– Այո, նաև շահագրգռված ենք ներկայացնելու որոշակի վաստակ ունեցող հեղինակների, որ սկսնակները պատկերացում կազմեն իշխող գրական չափանիշների մասին: Երիտասարդի թերի գործը կարող ես տպագրել. երիտասարդությունը ներողամտության տեղ թողնում է, աճելու տեղ ունի: Սակայն արդեն տասը-քսան տարի գրական դաշտում գործող հեղինակի կիսատ-պռատ գործը չես ներկայացնի:

– Բացառապես անտի՞պ գործեր եք ընդգրկում «Կայարանում»:

– Մինչև հիմա՝ այո, բայց, ենթադրենք, մեկն իր պատմվածքների ժողովածուն հրատարակել է տասը-տասնհինգ տարի առաջ՝ 200, 300, 400 տպաքանակով, կարծում եմ, դա ավելի շատ արխիվացնել է, քան հրատարակել: Ինչքան էլ ասենք՝ ընթերցող չկա, նշված տպաքանակները մեր ընթերցողական դաշտի համար էլ շատ փոքր են, քչերն են ծանոթանում այդ գործերին: Իսկ հաջող գործեր ամեն օր չեն գրվում, կարող է ամեն ժողովածուի մեջ երեք, չորս, հինգ հաջող պատմվածք լինել: Դրա համար ես որոշել եմ հաշվի չառնել` նախորդ տարիներին տպագրվա՞ծ է, թե՞ ոչ, և այն հեղինակների գործերը, որ հավանում եմ, կամ դրանք համարվում են տվյալ հեղինակի ստեղծագործական տարածքում ամենալավը, նորից ներկայացնել:

– Այսինքն, գրական արտադրանքը պրոպագանդելու խնդիր է լուծում «Կայարանը»:

– Համենայն դեպս, մենք ուզում ենք կատարել գրական մամուլի մեր դերը՝ և՛ պրոպագանդել, և՛ ներկայացնել, և՛ չափանիշների մասին խոսել, և՛ ուղղորդել, և՛ խրախուսել։ Օրինակ, կայքերում, նույնիսկ գրական պարբերականներում երբեմն տեսնում ես հեղինակի, որ գրողի աչք ունի, տաղանդ, բնածին օժտվածություն, բայց լեզվի իմացությունն իր բարձրության վրա չէ: Ես այդպիսի գործեր չեմ հրատարակի: Ինձ համար կարևորը և առաջնայինը գրականության մեջ լեզվի իմացությունն է: Եթե լեզուն, որով դու գրում ես, վատ գիտես, գրող լինելու մասին խոսելն ավելորդ է, ինչպիսի նախադրյալներ էլ ունենաս: Ամեն մամուլ ունի իր սկզբունքներն ու առաջնահերթությունները, կարծում եմ, մինչև հիմա մեր տարեգրքերից էլ պարզ է, թե շեշտն ինչի վրա ենք դնում:

– «Կայարանը» ենթադրում է և՛ կանգառ, և՛ ընթացք: Կա՞ նման ենթատեքստ:

– Զուտ պատահականության սկզբունքով, բայց իրականում, 2011-ին, երբ հիմնադրվեց մեր գրական ակումբը, հավաքվում էինք «էդիթ պրինտի» Կայարանում գտնվող գրախանութում: Դա պատճառ դարձավ, որ մեր ակումբը, հետո նաև հանդեսը կոչվի «Կայարան»:

– Կարելի՞ է ասել, որ «Կայարանն» արդեն կայացած մշակութային իրողություն է:

– Ես մեծամտություն ունեմ այդպես կարծելու: Համենայն դեպս, դրական են արձագանքները՝ և՛ ընթերցողների, և՛ հեղինակների:

– Ինչի՞ մասին են գրում, ի՞նչ թեմաների են ավելի հաճախ անդրադառնում ձեր հեղինակները:

– Ամենատարբեր, բայց մի թեմա կա, որն ինձ ձանձրացրել է: ՈՒնենք հեղինակներ, որ ապրում են Ռուսաստանի, Ամերիկայի մեծ քաղաքներում, բայց գրում են իրենց գյուղի, տատի ու պապի մասին: Հասկանալի է, որ քո գործի 90 տոկոսը դու ես, քո մտքերը:

Անկախ այն բանից, թե ինչ գործ ես ստեղծում, քո գիրն անցնում է քո ճակատագրի միջով և հակառակը՝ քո ճակատագիրն է անցնում քո գրի միջով: Բայց եթե դու վերցնում ես որևէ թեմա, ուրեմն մի նորություն պիտի բերես՝ ասելիքի, մատուցման տեխնիկայի, դիտանկյան և այլն, գրական միջավայրում քո ներկայությունը ինչ-որ բացատրություն պետք է ունենա, այլապես դառնում ես շարքային գրամոլ: Մենք ունենք Հրանտ Մաթևոսյանի գյուղը, Հրանտի հետևորդների ու իմ ներկայացրած գյուղը, հիմա էլ իմ երեխաների տարիքի գրողներ են եկել, ու ցավալիորեն, նույնն են և՛ ասելիքը, և՛ դիտանկյունը, և՛ տեխնիկան: Այդ մի փաստը աչքս տեսել է:

– Նոր համարում կա՞ գործ, որ խորհուրդ կտաք անպայման կարդալ:

– Ցանկացած ընթացիկ մամուլում 80 տոկոսը սովորական գործեր են, 20 տոկոսը՝ քո ուզած լավ գործերն են: Զուտ պրոպագանդայի տեսանկյունից ես չեմ առանձնացնի որևէ հեղինակի, չեմ ասի՝ կա, թե չկա համարում այդպիսի գործ, որ ընթերցողը շատ չհիասթափվի կամ գայթակղվի: Կարծում եմ՝ լավ համար է՝ ընթերցելու արժանի:

«ԵԹԵ ԱՆԿԵՂԾ ԼԻՆԵՄ` ՆՊԱՏԱԿԱՈՒՂՂՎԱԾ ՁԵՎՈՎ ՀԵՂԻՆԱԿՆԵՐ ՉԵՆՔ ՓՆՏՐՈՒՄ»

ՇԱՎԱՐՇ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ (Էդիթ պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն)

– Երիտասարդ, սկսնակ գրողները գործեր ներկայացնու՞մ են տպագրության համար:

– Այո, հաճախ են մեզ ուղարկում իրենց ստեղագործությունները, հարցնում են՝ հնարավո՞ր է տպագրել, թե՞ ոչ: Խմբագիրը նայում է, խորհուրդներ տալիս: Վերջերս մի երիտասարդ տղա բավականին հաջող գործ էր ուղարկել, խմբագիրը մոտ երկուէջանոց խորհուրդների ցանկ գրեց:

– Նպատակ ունե՞ք ներկայացնելու նրանց:

– Ոչ՝ բոլորին, բայց կլինեն գրողներ, որոնց հնարավոր է տպագրենք: Առայժմ նրանց հետ աշխատանք է տարվում, ինչպես արդեն ասացի՝ աջակցում ենք խորհուրդներով: Առհասարակ, չէի ասի, թե ժամանակակիցներին շատ ենք տպագրում (զրույցի պահին գրախանութ մտավ արձակագիր Դավիթ Սամվելյանը-Ա. Ս.)։ Մեր հեղինակներից է Դավիթ Սամվելյանը, որի «Ռոդենի ձմեռը», «Արտագաղթած կարոտը» գրքերը բեսթսելերներ են, բավական լավ են վաճառվում:

– «Կայարանը» լրացնու՞մ է բացը՝ երիտասարդներին ներկայանալու հնարավորություն ընձեռելով:

– Այո, բայց այստեղ նույնպես ընտրություն է կատարվում, Սուսաննա Հարությունյանը կարող է ասել՝ ինչ մեթոդով է ընտրում հեղինակներին: Իսկապես լավ հարթակ է, եթե հայտնվեն «Կայարանում», հաջորդիվ չի բացառվում, որ նաև գրքով ներկայանան:

– Նոր հեղինակների հետ ինչպե՞ս եք ծանոթանում:

– Եթե անկեղծ լինեմ, նպատակաուղղված ձևով հեղինակներ չենք փնտրում, հանգամանքների բերումով ենք ծանոթանում, կամ իրենք են մեզ դիմում, և եթե հավանում ենք, համագործակցում ենք:

– Դա` որպես հրատարակիչ, իսկ որպես ընթերցող Ձեզ չի՞ հետաքրքրում` ինչ են գրում ժամանակակիցները:

– Գրքերը, որ պետք է ընթերցել, այնքան շատ են, ժամանակս չի ներում բոլորին ծանոթանալու, երբեմն հատվածներ եմ ընթերցում ընդհանուր պատկերացում կազմելու համար:

«ՍԿԱՎԱՌԱԿԻ ՎՐԱ ՀԱՎԱՔԱԾ ԳՐՔԵՐԻ ՇԱՐԱՆԸ ԿՈՏՐՈՒՄ Է ԳՐՈՂԻ ՈՒ ԳՐՔԱՍԵՐԻ ԿՈԼՈՐԻՏԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ»

ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ «Գրքի մոգություն» ֆեյսբուքյան խմբի հիմնադիրն է: Նրա առաջին գիրքը վերնագրված է «Կանաչ կազմով գիրքը», շուտով լույս կտեսնի «Դեղին կազմով գիրքը», երրորդը կլինի «Կարմիր կազմով գիրքը»:

– Գրիգոր, ինչո՞վ է պայմանավորված գունային այս հաջորդականությունը:

– Կանաչը մուտքն է գրականություն, դեղինի դեպքում արդեն ինչ-որ ճանապարհ անցել ես ու զգուշանում ես, իսկ կարմիրը ենթադրում է, որ պետք է շատ ուշադիր լինես, գիտակցես, որ մուտք ես գործել գրական աշխարհ ու այն, ինչ մատուցում ես, պետք է արժեք ունենա:

– Գրողին կարելի է ճանաչել տպագիր գրքով, սոցցանցերով, մամուլով: Ո՞ր դեպքում է գրող-ընթերցող կապն ավելի անմիջական, արդյունավետ ու ճիշտ:

– Ես միշտ կողմնակից եմ եղել տպագիր գրքին, բայց նաև հասկանում եմ, որ չի կարելի անտեսել էլեկտրոնային տարբերակը, թվային հարթակները: Ինքս էլ սոցցանցերում ներկայացնում եմ և՛ դասականներին, և՛ ժամանակակիցներին, փորձում եմ հետաքրքրություն առաջացնել ընթերցողի մեջ, որ նա գնա գրախանութ, գիրք գնի, ունենա իր գրադարակները, իր գրքերը: Սոսկ սկավառակի վրա հավաքած գրքերի շարանը կոտրում է գրողի ու գրքասերի կոլորիտային միջավայրը, որ միշտ եղել է:

– «Կայարանին» ծանո՞թ եք:

– Այսօր ծանոթացա, միշտ գովելի է լավ բանի տարածումը: «Կայարանը» ներկայացնում է ժամանակակից հայ և համաշխարհային գրականություն: Նորարարական ու հետաքրքիր հարթակ է նաև երիտասարդների համար: Այստեղ ուսանողներ կային, խոսվեց այդ մասին. «Կայարանն» ու նմանատիպ հարթակները տալիս են ուսանողին այն, ինչը չի կարող տալ նրանց համալսարանը:

– Քաղաքականությունը մեր կյանքում դարձել է գերակա ուղղություն: Ըստ այդմ, գրողն ու գրականությունը անկյուն չե՞ն քշվում:

– Չեմ կարծում, երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մեծ թվով լավ գործեր են ստեղծվել: Քաղաքականությունը և՛ խանգարում, և՛ օգնում է գրողին: Կան գրողներ, որ խառը իրավիճակում ավելի լավ են ստեղծագործում, կան գրողներ, որ գուցե կուզենային սիրո մասին գրել, բայց չեն կարողանում լիարժեք արտահայտվել:

– Իսկ ընթերցո՞ղը. նման իրավիճակներում գուցե չցանկանա մտնել գրախանութ, գիրք գնել, կարդալ:

– Չեմ կարծում, քաղաքական գործընթացները գրողի և ընթերցողի մտածելակերպի վրա ինչ-որ կերպ, իհարկե, ազդում են, բայց ինչպես նշեցի, դրանից գրական ընթացքը կանգ չի առնում: Եթե երկրում ամեն ինչ իդեալական լինի, հասարակական-քաղաքական սուր խնդիրներ չլինեն, էլի կլինեն գրողներ, որ կգրեն, ու կլինեն ընթերցողներ, որ կկարդան այդ գրողներին: Սա շարունակական պրոցես է:

Զրույցները`  Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում