Հոգևորական շերտը «վերին դարակում» է

Հոգևորական շերտը «վերին դարակում» է

Այս ներքաղաքական խժդժուկների ֆոնին հայաստանյան հասարակական-քաղաքական կուլիսներում նշմարվում է մի հիմնախնդիր, որն է` հոգևորականության շերտի պահարանի վերին դարակում գտնվելը։ Վեղարավոր օրհնյալների հեղինակությունը նվազում է հետզհետե, քանզի այդ դասին տեսնելու համար անհրաժեշտ են ինչ-ինչ առիթներ` լավ, թե վատ, կամ պարզապես եկեղեցի գնալ։ Իսկ նրանց պարտադրել, որ օրական մեկ ժամ գոնե քայլեն փողոցներով, շոյեն մանուկներին ու լեզվական բռնություն գործադրեն անհեթեթ աղանդավորական հոսանքներին, որոնք պատեհ-անպատեհ հերձվածում են մեզ իրենց սին ժպիտներով, անհնար բան է։ Եվ հազար ափսոս, որ մեր առօրյա հայացքները չեն որսում այդ սև ու պատվավոր հագուստը, ու առանց տեսողական շոյանքի է մնում մի ողջ հասարակություն։ Ի՞նչ անել, ո՞րն է ուղին։

Հարգարժան անփորձ ու գրեթե անփորձունակ «բարձունքներ», ձեր սիրելի «ջոջական» խորհրդարանում գոնե մի աթոռ հատկացրեք բանիմաց հոգևորականի, գրողի տանը, նա ձեր կառավարական բլոկին չի խառնվի, նրա առաքելությունն այլ է` երկրի ներսում ժողովրդի «դաստիարակչությամբ» զբաղվելը։ Մենք շատ ունենք դրա կարիքը։ Ինչու ոչ, դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկան թող դասավանդի հենց եկեղեցական. երեխաների մանկապատանեկան հուշերում թող ուրվագծվի վեղարը։ Իջեցրե՛ք այդ խավն անհաս պահարաններից ու մեկնե՛ք հասարակությանը։ Կազմակերպե՛ք, ձեռնարկե՛ք. «քաղցկեղը» հոշոտելով ընդարձակվում է մեզանում։

Հայկ ՍԻՐՈՒՆՅԱՆ

Հ. Գ. Պատվելի՛ շարժասանդուղքի բարձրերում գտնվողներ, նման ազգասիրության համար խոշոր ներդրումներ, խոշոր հարկատուներ ու առհասարակ «խոշոր» անհատներ պետք չեն։ Փոքր, շա՜տ փոքր հավատք պարզապես։

Աղբյուր՝ Irates.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում