Վարդան Հակոբյան․ Իսկ Էմերսոնը ձու էր խաշում հրաբուխների վրա
Նմանատիպ
Մութի ճյուղերին ծանրանում է լույսը, և ծաղկած
խնձորենիները քեզ առաջնորդում են դեպի
արևելքն անիմանալի:
Կռունկն ինքն է ընտրում չվելու գիշերն ու երկինքը:
Դու սպիտակ ձյուն ես, սև աղջիկ, Երուսաղեմի
դաշտերից բերված երկնային մանանան կրկնակի անուշ է
մերկ մարմնիդ վրա, և աստվածները քեզ ունկնդրում են
անգամ այն ժամանակ, երբ դու լուռ ես լինում
կամ գրեթե անխոս:
(Տե’ր, ինձ փրկիր սիրուց):
Քո ափից ջուր է խմում չգիտեմ ով, ես միայն
կորդացած հող եմ, որ ծաղիկների
գուրգուրանքներն է կիսում` գրկելով ոտքերդ, ընդունում մատներիդ
արանքով շիթ առ շիթ ծպտված կաթիլները:
Վիրավոր խոտեր,
արնահամ քամի:
Ոչ ոք չէր բացում դուռը: Եվ ես ջարդեցի այն:
Եվ երբ ներս մտա, բոլորը հարգանքով ոտքի ելան`
բարի գալուստ: Ապոլիները կանգնել անկյունում
և ուշի ուշով հետևում էր ինձ:
Աստղոտ իրիկուն` մեղսոտ ու գեղեցիկ` որպես կնոջ
ձեռք, որը ձգվել է դեպի անմեղավոր խնձորը:
Ես ինձ մատուցում եմ լույսին, ես շնչում եմ քեզ:
Եվ սիրո հրեշտակն այդ պահին իջնելով երկնքից,
ներս է մտնում վանք, թևը համբուրում է խաչը
խորանի, որը փայլում է սուրբ ու անօրինակ
անուշահոտությամբ: Իսկ եկեղեցու ներսում մոմի
բոցերը ոստոստում են պատերին, մի երեխա սպիտակ
աղավնիներ է թռցնում երկինք:
Հեռավոր, անհայտ, անորոշ ու դիք ճանապարհներին
ծաղիկը խտուտ է բերում, և առյուծի մեջ
արթնանում են գարնան բնազդներ: Ես հարբել եմ
սպիտակ մութով: Ես սպիտակ
մութով եմ հարբել: Ես հարբել եմ
մութով սպիտակ: Հիշո՞ւմ ես, երբ ուզում էի
համբուրել քեզ, երկնքով անցնում էին անթիվ կռունկներ:
Նույնիսկ մոռացել էինք, թե առաջին անգամ
երբ ենք ծնվել: Իսկ Ռալֆ Էմերսոնն իր համար հանգիստ
ու անվրդով ձու էր խաշում տաք
ածուխների վրա հրաբուխների: (Հիշում եմ երանական
օրն այն, երբ դեռ չկայի ես):
Ես դառն անապատների ավազահողմ ու փոթորիկներ եմ կտրել,
դժվար աղջիկ Երուսաղեմի, և սիրում եմ
ներս մտնել միայն փակ դռներով:
Դռներն իմ առաջ հանկարծ չբացես, թե չէ ետ կգնամ: