Նոր գիրք՝ «Պալատի ուրվականը»

Նոր գիրք՝ «Պալատի ուրվականը»

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, Aravot.am: Օրերս ՀԳՄ կլոր սեղանի շուրջը տեղի ունեցավ բանաստեղծուհի Խանդութի (Զուռնաջյան) «Պալատի ուրվականը» գրքի քննարկումը: Հեղինակի կյանքն ու գրական գործունեությունը ներկայացրեց արձակագիր Ալիսա Հովհաննիսյանը. «Արմատներով Ջավախքի Կարծախ գյուղից է: Հավատարիմ է իր արմատներին: Հոգում անհանգստություն կա, հայրենասիրական վառ դրսեւորումներ, որոնք արտացոլվում են նրա ստեղծագործություններում»…

ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանին՝ որպես գրականագետի, հուզել էին սոցիալական թեմաներին առնչվող պատմվածքները, որոնք հեղինակի արձագանքներն էին այսօրվա տագնապներին, ապրումներին…

Կարեւորեց նաեւ Արցախյան ազատամարտին վերաբերող նյութերը, որոնք եւս նոր էջեր են ավելացնում մեր ազգային-ազատագրական հերոսական պայքարին: Հոգեւոր հայացքների մասին էլ նշեց. «Թռիչք ունեն դեպի երկինք՝ առ Աստված, դեպի ինքնաճանաչում»: Պ.Դեմիրճյանը գրքի մեխը համարեց «Թուրքի մեռնող աչքը» պատմվածքը:

Ըստ երգիծաբան Հրանտ Հորիզոնի, եթե մրցույթ հայտարարվեր, ապա վերոնշյալ գործը բարձր գնահատանքի կարժանանար…

Բանաստեղծ-նկարիչ Արեւշատ Ավագյանը գնահատեց Խանդութի մարդկային գծերը՝ սկզբունքայնությունը, համարձակությունը, շիտակ լինելը, կյանքի խորթ երեւույթներին դիմագրավելը:

Գրքի խմբագիր եւ «Հոգեւոր խռովքի գիրը» առաջաբանի հեղինակ Շնորհիկ Շահինյանը հետաքրքրական համարեց Խանդութի աշխարհընկալումը. «Բխած նրա տարերային պոռթկումներից եւ զգացողություններից: Հեղինակը գրում է հոգեւոր բանաստեղծություններ, ներքին տեսլականով՝ կապված տիեզերքի, Արարչի եւ անմեկնելի երեւույթների հետ: Հեղինակի նախորդ գրքերին լրացնելու եկավ «Պալատի ուրվականը» ժողովածուն, որն ընդգրկում է նրա վերջին տարիների պատմվածքները: Այն նորովի է բացահայտում Խանդութ գրողի ներաշխարհի խռովքը…»:

Որպես գրքի նկարիչ Վիկտոր Հովհաննիսյանը ժողովածուի նվաճումը համարեց «Մեռնող թուրքի աչքը» գործը, նշելով, որ այն սեղմ է եւ քչով շատ բան ասող: Գրված է հուզիչ եւ պատկերավոր մտածողությամբ: Նկարչի կողմից հավանության էր արժանացել նաեւ «Կարմիր համբույր» պատկերը:

Գրող Թորոս Թորանյանն էլ, ինչպես միշտ, յուրովի՝ հախուռն թնդեցրեց իր ասելիքը. «Տիկնայք եւ պարոնայք, այս գիրքն երբ կարդացի, զգացի, որ բանաստեղծուհին արձակի մեջ ալ բանաստեղծուհի է: Այն խիզախությամբ մը գրված է, հատկապես՝ «Թուրքին մեռնող աչքը» պատմվածքը, որուն՝ ինչպես դուք, այնպես ալ ես՝ գրքին նվաճումը կհամարիմ»:

Վաստակաշատ դերասանուհի, ռեժիսոր Մայրանուշ Գրիգորյանը քննարկման ընթացքում Խանդութի նախորդ ժողովածուներից ասմունքեց բանաստեղծություններ, «Պալատի ուրվական»-ից ներկայացրեց պատմվածքներ, որոնք կարծես հոգեւոր կամուրջ ստեղծեցին երկրի եւ երկնքի միջեւ:

Ցերեկույթի վերջում Խանդութը իրեն ուղղված գովասանքներից, գնահատականներից շփոթվեց, հուզվեց եւ հանդես եկավ հակիրճ խոսքով. «Ձեր տրված գնահատականներն ինձ համար ուղեցույց կհանդիսանան: Իմ էությունը, կերպարը ճշմարտացի բնութագրելու համար հայտնում եմ խորին երախտագիտությունս…»:

ԳՈՒՐԳԵՆ ԼՈՌԵՑԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում