Գևորգ Էմին․ Սիամանթոյի մենախոսությունը

Գևորգ Էմին․ Սիամանթոյի մենախոսությունը

1.

– Ո՜վ հղացավ այս միտքը դիվական`
Մասիսը ճերմակ,
Մասիսը անբիծ
Այս լայն աշխարհում դնել այն տեղում,
Ուր դար ու դարեր
Պիտի արյունեն լանջերը նրա
Եւ գագաթն անգամ.

Ո՜վ միտք հղացավ
Դժոխք արարել
Եղյալ ու չեղյալ Դրախտի տեղում,
Արարատ լեռան հովանու ներքո,
Երկրի փոխարեն
Մեզ տալով մի հին,
Ոտնակոխ ճամփա,
Հողի տեղ` չոր քար,
Ջրի տեղ` արյուն…
Ո՜վ միտք հղացավ,
Դեռ մեր պատմության վաղ արշալույսին,
Այս արարչագործ,
Հին ժողովրդի
Գլուխը դնել մի հարևանի
(Բիրտ Պարսկաստանի)
Արնոտ սրի տակ.
Մյուսի աջով-
(Բյուզանդիո խաչով),
Պահանջելով,
Որ նա…ծախի իր հոգին,
Եթե ուզում է… մարմինը փրկել:

Եւ եթե դարերն
Անզոր են եղել նրան ազատել,
Եւ եթե
Գալիք դարերն անզոր են ազատել նրան
Եւ հրաշքն է լոկ
Հնարն անհնար,-

Տե՛ր,
Տուր ինձ Մովսես մարգարեի պես
Հանել ու տանել ցեղն իմ հալածված
Այս Հայաստանից,-
Ոչ -Մահաստանից,
Ոչ -Քարաստանից,
Դեպի ապահով, ուրիշ մի եզերք
(Կա՞ այդպիսի տեղ…) –
Ցեղն իմ մշտատև –
Նրա սերմը նոր
Արմատները հին,
Վեպ, կոթող ու երգ…

Տուր պերճաբանիս
Թլվատությունը նրա մոգական
Եւ սուրը նրա`
Աղբյուր հանելու հանդիպած քարից,
Եւ գավազանը`
Ճեղքելու Կարմիր ծովը մեր բախտի,
Լացի ու արյան,
Թեկուզև Մովսես մարգարեի պես
Իմ մահը գտնեմ,

Օտար հող մտնեմ,
Այդ երանելի ափին չհասած,
Բաղձալի սեմին նրա փակ դռան…

Տե՛ր,
Չե՞ս լսում դու
«Կարմիր լուրերը» ջարդի ու արյան…

2.

Ջնջվում է ,
Կորչում,
Իմ ազնիվ սերմը,
Տեսակն ու սեռը.

Եւ ինչպե՞ս մնար,
Ինչպե՞ս դիմանար.

Երբ մենք, թվով` քիչ,
Սակայն եզակի որակ ենք եղել,
Քանակի աշխարհ…

Նետ ու աղեղի փոխարեն` տավիղ
Եւ գիր ենք պաշտել սրի փոխարեն
Եւ զենքի տեղ` երգ,
Զորքի տեղ` ցնորք–
Զենքի, զորքի ու բանակի աշխարհ…

Մենք` մարդկության ու պատմության դոնոր
Ամեն մի դարի
Արդար պայքարին
Արյուն ենք տվել,
Արյունը մեր քիչ,
Արյունը մեր թանկ.
Դրա փոխարեն
Մեզ գովք շռայլող
Թանաքի՛ աշխարհ…

Ինչքան ել դժվար,
Հաճախ` անհնար,
Բայց, ինչ էլ լիներ,
Միշտ մարդ ենք եղել
Ու մարդ մնացել-
Տմարդի՛ աշխարհ.

Եղել ձիրք, տաղանդ,
Երբ վսեմ տաղանդն
Աղանդ է կոչվել,
Աղանդի՛ աշխարհ.

Նվիրվել բարուն ու գաղափարին-
Նեղ կաղապարի
Ու… չարի աշխարհ.

Երկրպագել ու խնկարկել միայն
Ներշնչումի ու արարման պահին-
Փողի, օգուտի
Ու շահի աշխարհ…

Ջնջվում է ,
Կորչում իմ ազնիվ սերմը,
Տեսակն ու սեռը,
Իմ անկրկնելի ցեղը հայկական.

Քսաներորդ դար,
Եւ դո՛ւ, մարդկություն,
Որ,
Իբրև բարի,
Եւ հոգատար ու խղճով ես այնքան,
Որ պահպանում ես
Ու փրկում մահից
Նույնիսկ գորշ գայլի
Կամ շնագայլի տոհմ ու ցեղերին,
Ամեն տեսակի
Գիշատիչներին ցեղի մարդկային,
(Օձից մինչև… Կայեն… )

Հետևեք մեզ նաև Telegram-ում