Սերգեյ Սմբատյան. «Խաչատրյանի անվան մրցույթի չկայանալը կլինի մեծագույն հեղինակազրկում եւ որակի անկում»

Սերգեյ Սմբատյան. «Խաչատրյանի անվան մրցույթի չկայանալը կլինի մեծագույն հեղինակազրկում եւ որակի անկում»

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, Aravot.am: Արամ Խաչատրյանի անվան մրցույթին հաշված օրեր են մնացել, սակայն դրա ճակատագիրն անորոշ է:

«Շատ մտահոգված եմ մրցույթի ճակատագրով, որովհետեւ 15 տարին է մրցույթի: Արամ Խաչատրյանի անվան մրցույթը Եվրոպական միջազգային ֆեդերացիայի ընտանիքի անդամ է: Հիշեցնենք, որ մրցույթի հաղթողները տարիներ անց դարձել են Չայկովսկու անվան միջազգային մրցույթի հաղթողներ, ինչպես օրինակ, Նարեկ Հախնազարյանը. Անդրեյ Իոնիցան: Սա բնականաբար, խոսում, է խաչատրյանական մրցույթի միջազգային չափազանց բարձր որակի մասին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը:

«Մեր նվագախումբն արդեն տասը տարի մրցույթի պաշտոնական նվագախումբն է, եւ ես տեսնում եմ այն աճը, հնարավորությունները, որ կարելի է ունենալ: Խաչատրյանական մրցույթը Հայաստանում տեսակով միակ հարթակն է: Ես շատ ուրախ եմ, որ այն նաեւ քննադատում են, որովհետեւ դա նեղ մասնագիտական ձեւաչափով մրցույթ է եւ ոչ թե փառատոն, որպեսզի բոլորը գոհ մնան: Ընդ որում` երբեմն քննադատում են մարդիկ, որոնք դուրս են սահմանված սանդղակից:

Խաչատրյանական մրցույթով ճանաչում են Հայաստանը: Եթե այն չկայանա, այլեւս չի կարող լինել Եվրոպական միջազգային ֆեդերացիայի ընտանիքի անդամ, ինչը միջազգային առումով հեղինակազրկում է նշանակում: Իհարկե, ոչ մի կատաստրոֆիկ բան չկա, աշխարհը չի կանգնի դրանից, բայց դա երաժիշտների համար ահավոր մեծ սթրես կլինի: Կարելի է ստեղծել եւս 5 միջազգային մրցույթ, բայց որպես պատմություն ունեցող մրցույթ՝ Խաչատրյանական մրցույթը միակն է: Սպասենք զարգացումներին»,-հավելեց մեր զրուցակիցը:

Սերգեյ Սմբատյանը հայտնեց, որ այժմ մրցույթի տնօրինությունը քննարկումների մեջ է նախարարության հետ: Իր ձեւակերպմամբ, ոգեւորիչ նորություններ չկան, բայց անհամբեր սպասում են դրանց, որովհետեւ որպես նվագախումբ պետք է տեղյակ լինեն, արդյոք մասնակցում են, թե ոչ, որպեսզի ձեւակերպեն առաջիկա ծրագրերը:

«Այս տարի մրցույթը 80-ից ավելի հայտ է ստացել: Եվ եթե մտածում են, որ պահանջվող գումարը չարժի տրամադրել մրցույթին, ինչ արած: Ամեն դեպքում, բայց դա կլինի մեծագույն հեղինակազրկում եւ որակի անկում»,-ընդգծեց դիրիժորը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում