«Համբարձման» պատկերագրությունն ու խորհրդաբանությունը
Նմանատիպ
Հիսուս Քրիստոսի դեպի երկինք համբարձվելը նշանավորեց Նրա երկրային առաքելության փառավոր ավարտը: Չարչարվելով, խաչվելով և թաղվելով, ապա որպես հաղթության պսակ հարություն առնելով՝ Աստծո Որդին համբարձվեց, տեղափոխվեց աստվածային երկինք և նստեց Հայր Աստծո Քերովբեական Գահի աջ կողմում, ինչպես և խոստացել էր Իր աշակերտներին:
Քրիստոնեական արվեստում համբարձման տեսարանի հնագույն նմուշները հայտնի են 4-5-րդ դարերից: Հայկական արվեստում վաղագույն պատկերները մեզ են հասել 6-րդ դարից (Պտղնիի ու Օձունի եկեղեցիների որմնաքանդակները, Էջմիածնի Ավետարանի փղոսկրյա կազմի փորագիր պատկերները): Մանրանկարչության մեջ դա 862 թվականի Մլքե թագուհու Ավետարանի մանրանկարն է (Վենետիկի Մխիթարյան միաբանության մատենադարան, ՄՄ 86): Տերունական պատկերներում ամեն մի մանրամասն, նույնիսկ երկրորդական, ունի իր խորհրդաբանական իմաստը:
«Տիրոջ համբարձումը» մանրանկարների կոմպոզիցիան կենտրոնային է, խիստ արտահայտված ուղղահայացով: Մանրանկարի վերին մասում պատկերված է Քրիստոս ձվաձև պսակի՝ մանդոռլայի (Աստծո փառքի առարկայական արտահայտությունը) մեջ նստած, ձախ ձեռքով պահել է բացված մագաղաթի գալարը, իսկ աջով օրհնում է աշակերտներին: Սավառնելով երկու կողմից՝ Քրիստոսին են մոտենում հրեշտակները: Մանդոռլան տանող հրեշտակները լինում են թվով երկուսը կամ չորսը: Որոշ մանրանկարներում հրեշտակերը չեն պահում մանդոռլան, այլ միայն նախանշում են այդ շարժումը, որը ցույց է տալիս համբարձման խորհրդավոր բնույթը: Մանդոռլան պատկերվում է մի քանի տարբերակով՝ կլոր, ձվածիր, ուղղանկյուն և այլն: Արևմտյան որոշ օրինակներում Քրիստոս բռնել է Հայր Աստծո Աջը կամ Իր ձեռքն ուղղել է դեպի Մարիամն ու աշակերտները: Ուշ շրջանում Հիսուս պատկերվում էր ամպերի մեջ ընկղմված:
Արևմտյան օրինակներում երկինք տարվող գահի վրա պատկերվում է Գառն Աստծո: Ստորին մասում, խիստ պայմանական, պատկերված է Ձիթենյաց լեռը, որի վրա՝ կենտրոնում, առաքյալների երկու ոգեշունչ խմբերի միջև, դեմ առ դեմ և հանդիսավոր կեցվածքով կանգնած է Աստվածամայրը, աջից և ձախից՝ մեկական հրեշտակ, Պետրոս և Պողոս առաքյալները, և մյուս առաքյալները՝ բաժանված հավասարաթիվ խմբերի: Աստվածամոր կողքին կանգնած հրեշտակները խորհրդանշում են երկնային ուժերի ներկայությունը Եկեղեցու մեջ, իսկ Պետրոս և Պողոս առաքյալները մարմնավորում են Եկեղեցու հրեական և հեթանոսական դարձի եկած համայնքները: Երկու հրեշտակները դիմում են առաքյալներին՝ բացատրելով երևույթը: Հակառակ Տիրամոր խաղաղ կեցվածքին՝ առաքյալների դեմքերին երկյուղ կա և շփոթմունք: Համբարձման տեսարանի առավել տարածված այս տարբերակը հայտնի է 6-րդ դարից (Ռաբուլայի Ավետարան, Մոնցայի սրվակ և այլն): «Համբարձում» տերունական տեսարանում կենտրոնական տեղ է գրավում և կերպարներից առանձնանում է Աստվածամայրը (կան մանրանկարներ, որտեղ Աստվածամայրը պատկերված չէ): Նա պատկերվում է կանգնած, ձեռքերը աղոթքի նշանով պահած կրծքի մոտ (Օրանտ): Ավետարաններում և Գործք Առաքելոցում Աստվածամոր ներկայությունը համբարձման պահին հիշատակված չէ, և այս առումով Տիրամոր կերպարը զուտ խորհրդանշական իմաստ է կրում: Պատկերագրական հիմնական սխեման անփոփոխ ձևով պահպանվում է հետագայում ընդօրինակված ձեռագրերում:
Թորոս Տարոնացու ստեղծագործություններն աչքի են ընկնում իրենց հստակ ոճով, նա ստեղծագործական մոտեցում է ունեցել ուրիշ վարպետների մանրանկարների հանդեպ: Ընդ որում, նա երբեք չի կրկնում իրեն: Ամենուրեք, ուր հնարավոր է եղել, Թորոս Տարոնացին ձգտել է թեմայի նոր մեկնաբանությամբ ու գունային գամմայի հարստությամբ կոմպոզիցիա ներմուծել ինքնատիպն ու յուրօրինակը: Նա նույն թեման կերպավորելիս կարողացել է կոմպոզիցիոն նոր լուծում գտնել: Օրինակ, «Համբարձման» մեջ Քրիստոսը կանգնած է ձվաձև պսակի մեջ, որ մենք առաջին անգամ տեսնում ենք Թորոս Տարոնացու աշխատանքում:
Նկատելի է Թորոս Տարոնացու «Համբարձման» տեսարանի նկարելու եղանակի որոշ կոպտություն. նրա Տիրամայրը ցածրահասակ, ամրակազմ, խոշոր գլխով կին է: Թերևս Տիրամոր այդպիսի արտաքինը Թորոս Տարոնացու աշխատանքում բացատրվում է դեմքերը դիմացից պատկերելու անկարողությամբ: Դա երևում է «Եսայի Նչեցու Ավետարանի» պատկերներում և կրկնվում է հետագա ձեռագրերում: Գիտակցելով իր այս թերությունը՝ նա խուսափել է ուղիղ դիտողին նայող դեմքեր նկարելուց և մյուս բոլոր տեսարաններում դեմքերը պատկերել է երեք քառորդով: Եթե 1307թ. և 1318թ. ձեռագրերի «Տիրոջ համբարձումը» մանրանկարում Աստվածամոր ֆիգուրն ու դեմքը պատկերված են դիմացից, ապա 1323թ. Ավետարանում նա պատկերված է կիսադարձ, ընդ որում՝ վեր բարձրացված գլխով ու ձեռքերով:
Մոմիկի մանրանկարներում առանձնապես արտահայտիչ են Քրիստոսի և Տիրամոր կերպարները: Առաջինն արտահայտում է խաղաղ վեհություն, իսկ երկրորդը, Ն. Պ. Կոնդակովի բառերով ասած, «եկեղեցու կերպարն է, որ երկրի վրա թողել է համբառնվող Փրկիչը» (Н. П. Кондаков, Иконография Богоматери, 1914): Համբարձման տեսարանում խորհրդաբանորեն արտահայտված է Քրիստոսի Եկեղեցու գաղափարը`Քրիստոս որպես Գլուխ Եկեղեցու, Աստվածամայրը՝ որպես Եկեղեցի, Մայր հավատացյալների և Բարեխոս, առաքյալները`Եկեղեցու անդամներ, որն է Քրիստոսի մարմինը:
«Համբարձում» մանրանկարում տեսարանի երկու կեսերը (վերևի և ներքևի) կապված են ազատ սավառնող հինգերորդ հրեշտակի միջոցով:
«Համբարձման» պատկերագրությունը բյուզանդական սխեմայից փոքր-ինչ տարբերվում է գլխավորապես այն բանով, որ Տիրամոր շուրջը հրեշտակներ չկան, վերջիններս վերևում են և փողհարում են: Այս մանրանկարում Քրիստոսի աշակերտները տասնմեկն են, Հուդայի ֆիգուրը հանված է առաքյալների խմբից:
Քրիստոնեական արվեստում հայտնի է «Համբարձման» պատկերման մեկ այլ տարբերակ՝ ավելի խորհրդանշական ձևով. պատկերվում են երկու ճախրող հրեշտակ, որոնք դեպի վեր են տանում հաղթության դափնեպսակ (փոխարինում է մանդոռլային), մեջտեղում` հավասարաթև խաչ (խորհրդանշում է Հիսուսին), ինչպես Էջմիածնի Ավետարանի կազմի պատկերում: Մյուս գործող անձինք համանման գեղարվեստական կոմպոզիցիաներում բացակայում են:
Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ Ձիթենյաց լեռան վրա Քրիստոս ստեղծեց Եկեղեցու նվիրապետական կարգը՝ առաքյալներին շնորհելով կաթողիկոսից մինչև դպիր բոլոր հոգևոր աստիճանները:
Կազմեց Գայանե Սուգիկյանը
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում