Աշոտ Գաբրիելյան․ Բանաստեղծություններ
Նմանատիպ
Ծովի ու ցամաքի եզրին
Աստծո մատն է աղակալում…
Քո երկունքի ու իմ միջև
Ծովի ու ցամաքի երազն է պտղավորվում՝
Արարման օրերի ներդաշնությունը երկնելու համար…
Կոնքերիդ տարփահեզ ամբարում
Պահպանիր իմ հղած արարման շաբաթը
Եվ քարացած արցունքներիդ միջից
Հանիր բյուրեղյա բառերը,
Ուզում եմ համտեսել
Աստծո և իմ միջև եղած
Բառերի ոգին…
* * *
Բոլոր բառերը մոխրացնել է պետք,
Որպեսզի մերձենամ քեզ…
Որոնցում ծովն է փրփրում
Ու ցամաք նետում
Քո պիրկ մարմինը…
Բառերն այրվում են
Ու չեն մոխրանում…
Բառե՛ր, ո՞վ կտրեց ձեր պորտալարը
Եվ նետեց ինձ…
Ձեռքերս ծովին պարզած՝
Նորից հեռանում եմ քեզանից…
* * *
Աչքերիդ արտասուքը
Հրդեհված ծովեր է մարում…
Աչքերդ
Կաթիլ-կաթիլ լուսավորվում են
Ու ապաստան տալիս
Սիրո հրեշտակներին…
Թ՛ող քեզ զգամ
Իմ պարանոցի
Զարկերակի նման մերձ
Ու հեգ առ հեգ վանկեմ
Կորսված բառերի ոգին
Ու շնչառությանդ հնչյուները…
* * *
Անունդ եմ այրում թղթի վրայ
Եւ բառանախշ եմ փորձում կիտել կոնքիդ…
Արեւը ծիածան է յօրինում
Եւ վայրկեան առ վայրկեան
Կերպարանափոխում բառը,
Որն իր լի շուրթերին էր…
Եւ մէկ հնչիւն իսկ դեռ չդաջւած՝
Հեռանում է բառն ու արտասւում կրծքերիդ,
Որոնցում երկու փոքրիկ սնկեր են ծիլ տալիս…
* * *
Չեմ գրում՝
Քեզ եմ տեղավորում ասված տողերի մեջ,
Եվ խոսքս դառնում է չլսված պատմություն…
Սիրո մասին այլևս չեմ գրում,
Գրում եմ հանուն սիրո…
Նկատել եմ արցունքներ թաքցրած աչքերդ,
Որոնք իմ սրտում են արտասվում…
Սիրուց պոկվելը
Նման է կիսատ բանաստեղծության,
Որը ոչինչ չարժե,
Բացի նրանում եղած
ՍԵՐ բառից…
Ես այլևս չեմ գրում սիրո մասին…
Ներիր,
Չեմ գրում, քանզի անավարտ է մնում,
Չեմ գրում, ու սերը չի ավարտվի…