Վարդան Վանատուր

Վարդան Վանատուր

Լույս անքննելի

Լույս անքննելի` հայաստանալույս
Ու սքանչելի –
Թող քո մեջ ապրի իմ երանյալը`
Լույսիդ փափագով,
Թող ես անթեղվեմ քո գույների մեջ
հայաստանալույս…

Քո գույների մեջ ապրեմ ամեն օր,
Արևիդ նման հավիտենություն…
Քո լույս նշխարով ապրեմ դաշտերիդ
Էջերին ծաղկած` հայաստանալույս…

Բազմաձայն երգով քո մանուկների
Ծիծաղը լցվի հոգուս ծալքերում –
Կարոտս դառնա նրանց ուղեկցող,
Լույսիդ համբույրը ծարավածներին
Դառնա տուն կանչող`
Կարոտի փափագ` հայաստանալույս:

Երեխաներ

Այս աննշան ու քարշ եկող
ժամանակում
Ի՞նչ եք անում, երեխանե՛ր –
Հացի նման նշխար, նշխար
Երեխանե՛ր –
Ձեր ձայների ձայներով է
Հոգիս ապրում,
Երեխանե՛ր –
Ամեն մեկդ ծաղկի մի թերթ ու
ծաղկաբույր,
Ամեն մեկդ հասկ ցորենի,
Ամեն մեկդ կյանքի արև –
Աշխարհաշեն ծիլը գոյի,
Ամեն մեկդ ձեր ձայներն եք մեզ
ընծայում,
Որ աշխարհը ապրի, ապրի՜ –
Սակայն ինչո՞ւ այս աշխարհը
Ձեր ձայները դարձնում է մատաղացու…
Երեխանե՛ր, ձեր ձայներով
Ծիլ է աճում ձեր հետքերին
Եվ մեզ տալիս խինդ ու երազ –
Կանաչ գարուն` ձրի՜, ձրի՜…

* * *
Չեն ամուսնանում աստղերը,
Չեն փակվում դռները աստղերի,
Խամրում են գույները աստղերի,
Նրանց չեն ճանաչում դարերը:

Մաղվո՛ւմ է լույսերի ջինջ փոշին
Ծիր Կաթնի հնամաշ հայացքից,
Կորում են ստվերներն անհամար –
Աշխարհի վերմակը չեն դառնում…

Ուզում եմ նրանց մեջ բնակվել,
Շալակած դարերը մերկանդամ,
Չհալվել և մնալ մարդամեջ`
Աստծո խնամված տաճարում:

Իմ հոգուց կյանքն է թալանվում –
Հարավս` երազս ո՞ւր տարավ,
Իմ ճամփան փախել է ինձանից,
Երևի նոր կյանք է որոնում…
Հեռացող մարդիկ…
Ճշմարտությունը ձեր մեջ եմ փնտրում,
Ո՞ւր եք շտապում, խռովյալ մարդիկ –
Ինձ ծանակեցին անիրավները.
– Մանուկ ես, մանուկ –
Ճշմարտությունը չես գտնի երբեք…

Հոգսն ավերում է մեր ցաված հոգին
Հոսող ջրերի ավազուտներում –
Ո՞ւմ ես սպասում,
Հայացքների մեջ արև կա մանուկ,
Ջրերի ափին խոսքերի ձայնը
Դառնում արտասուք…
Ճամփեքի վրա, ավազուտներում,
Ո՞ւմ ես սպասում –
Զառամ հոգսերդ շալակած նորից
Այս հողագնդում…
Ճշմարտությունը չես գտնի երբեք:

Ամպերն իջան

Ծերունադեմք ամպերն իջան
գագաթներին,
Ձյունոտ օր է` ճերմակ ճամփա
աղվեսագիր –
Լանջերն ի վար, լանջեր փախած
Եվ ուղիներ… Ու անդորր է
Հեռաստանում անկրկնելի,
Հեռաստանում ես չեմ տեսնում –
Հույսն օրերիս ճերմակել է…
Ճերմակությունն եմ շալակել,
Որպես մաքուր մի առասպել,
Որպես մատյան սիրո մի երգ
Սառցակալած…

* * *
Եղեռնի զոհերի հիշատակին

Ինձ է նայում տխրությունս մեն-մենակ-
Ձեզ ո՞ւր տարան, ծիծառներ իմ,
ծիծառներ,
Արյունակեր հրեշները
Ձեր բները դարձրեցին ավերակ-
Ձեզ ո՞ւր տարան, ծիծառներ իմ,
ծիծառներ…

Վեր եմ նայում, երկնքում ձեզ
չեմ տեսնում,
Իմ հույսերը հիմա հոգիս են ճնշում,
Ճամփաներիս հույզերս են հեկեկում –
Դաժանները ձեզ ո՞ւր տարան,
կացնեցին,
Անվերադարձ ծիծառներ իմ,
ծիծառներ…

Լույսի շող իմ

Լույսի շող իմ, ծիծաղ-ծաղիկ
աստղափայլ,
Ինձ ազատիր մենությունից անկենդան-
Թղթիս գրիր ազատություն սրտաբաց-
Կուր ժամանակ համբերատար
ընթացքի,
Դառնամ զինվորն ամենասեր
բանակի…
Որ սերն հաղթի ընչաքաղցին անիրավ,
Հույսեր ժողվի քարափներից մի անգամ,
Որ դարձնի իր մերկ կյանքի ավարը,
Որ հասկանա` ինչ է թողնում,
Ինչ է տանում այս աշխարհից
տնանկը…

Քանի գարուն, քանի ամառ եմ ճամփել,
Եվ ծիծաղել ճամփաներին մեն-մենակ –
Հրավառել ես իմ կյանքը աներկյուղ,
Բարությունս բազմապատկել
անընդհատ,
Ուրիշներին սիրո լույսեր նվիրել…

Ես իմ սերը երազում եմ ստեղծում
Եվ նվիրում անդավաճան ամենքին,
Եվ աներկյուղ կյանքս դարձնում
ձեզ համար
Մաքուր նշխար, երանելի հացաբույր,
Որ ճաշակի զորավարը ամենասեր
բանակի:

* * *
Ազատությունը եթե չեք գտնում,
Դուք հնար չունեք ապրելու համար,
Ինչ գաղտնիքներ եք ձեր մեջ
թաքցնում-
Կյանքի խորանում դառնում եք ավար:

Ձեզ չի մկրտի հասկի հասակը-
Վայ ասողը իր ձայնը կմարի,
Քրիստոսինն է լուսապսակը,
Մեղքը մեր մեջ է անկեղծ հանճարի…

Մենք օտարելու դեռ շատ բան ունենք –
Անհոգությունը մեզնից չենք վանում,
Տիեզերքում մենք ոտնատեղ չունենք,
Երևի այնտեղ խիղճն է բնակվում:

* * *
Կաղկանձում է քամին փողոցներում
աշնան –
Նկուղներում մութը իր բաժինն է
չափում,
Լռության հետ խաղաղ հաշտություն է
կնքել,
Կատակում է կյանքը ամայացած
ափում…

Ուշացած օրն այսօր հաշմանդամի նման
Կաղ քայլերով մենակ անցնում է լուռ,
անձայն,
Փողոցներով խոնավ մուրացկանի նման
Արցունքածին ցավը շաղ տալով մութ
ճամփին:

Երազ ու միտք չկա, շարժումների
ընթացք,
Փողոցներում նստած մութ գիշերը
անտուն
Իր հաշիվն է ուզում քնածներից հիմա-
Չիմանալով՝ խիղճը մոխրացել է
վաղուց:

Մութը մեր սրտի

Անմահությունը քարերի մեջ է,
Փորձեք նրանցից լռություն քամել,
Երկինքը մաքուր իր ցողն է շաղել –
Անմահությունը քարերի մեջ է:
Մութը մեր սրտի լույսն է առնում,
Ծախում է ձախին, աջին չքացնում,
Ծանակվածն հիմա ո՞ւմ է անիծում –
Մութը մեր սրտի լույսն է առնում:

Երկնչողը իր սարսափն է տեսնում,
Անձրևները ինչո՞ւ են լալիս,
Դաշտերին սիրո երգեր են տալիս –
Երկնչողը միշտ սարսափահարն է:

Արևը հույս է բոլորի համար,
Կյանքը մեզ համար ցունամի սարքում,
Աստվածներն են կյանքը խաթարում –
Անձրևը հույս է արտերի համար:

Իմ հոգի

Կապույտի մասունք, իմ կապույտ
նշխար,
Կապույտ երկնքում քեզ տեսա, հոգի՛ս,
Ինձ էիր նայում աչքաշոյանքով
Եվ լուսավորում իմ տարիները`
Ճամփաներիս մեջ լուռ անրջանքով:

Իմ հոգս, իմ հոգի, հոգի անստվեր,
Շնչովդ են ապրում օրերս մաքուր –
Դու ճարահատյալ կյանքիս պատառը
Նվիրում ես ինձ երկյուղածությամբ
Եվ համբերատար խիղճս նժարում
Հրավառությամբ,
Եվ դառնում անձայն հավատի քննիչ –
Իմ անկեղծ հոգի, իմ հույսի ծվեն,
Անտեսանելի, իմ հոգսի նշխար,
Բարերար շնորհ, դու աստվածային –
Իմ կյանք ամեն օր…

* * *
Տաղտուկը հոգի մաշող տնանկն է –
Վերև գնալու կածան է փնտրում,
Անզորությունից շառն աղմկում է
Եվ լուտանք թափում շուրջը անտրտում:

Մութի ճամբարը քարանձավում է,
Սևանկարը երկնքում է լուրթ –
Կյանքը գույների դիմանկարն է`
Ընչաքաղցը բաց բերան անհագուրդ:

Աշնան հայացքի հույզը դեղին է,
Գորշ է այս կյանքը` սարսափը դաժան,
Ճամփի ավարը միշտ հեղեղինն է –
Կորուստը ցավ է մեզնից անբաժան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում