Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուշ-դյու-Ռոն նահանգային խորհրդի պատվիրակությանը
Նմանատիպ
Մայիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն նահանգային խորհրդի նախագահ տիկին Մարտին-Ժիլ Վասալի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Ֆրանսիայի հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետ, «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական հասարակական կազմակերպության (Մարսել) Ֆրանսիայի գրասենյակի նախագահ պրն. Ռոբերտ Ազիլազյանի: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակար և լիազոր դեսպան պրն. Ժոնաթան Լաքոտը:
Պատվիրակությունը Հայաստան էր ժամանել մասնակցելու «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադրման 30-ամյակին նվիրված միջոցառումների առիթով: Վերջինիս աջակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գործում է բարեգործական ատամնաբուժարան Էջմիածին քաղաքի և հարակից շրջանների կարիքավոր անձանց և մանուկների համար:
Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ Բուշ-դյու-Ռոն նահանգային խորհրդի և ՀՀ պետական կառույցների միջև առկա սերտ փոխգործակցությանը: Վեհափառ Հայրապետը ուրախությամբ հաստատեց, որ «Բարձունք 5165» կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող բարեգործական ծրագրերը նպաստում են հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների առավել զորացմանը` այդ առիթով իր գնահատանքը հայտնելով տիկ. Վասալին, ում ազնիվ ջանքերի շնորհիվ նաև ֆրանսահայ մարդասիրական կազմակերպությունը շարունակում է իր օգտակար ծառայությունը բերել հայ ժողովրդի զավակներին:
Նորին Սրբությունը մասնավոր իր գնահատանքը փոխանցեց տիար Ռոբերտ Ազիլազյանին ֆրանսահայ համայնքի կյանքի զարգացման ու զորացման գործում ներդրած ջանքերի և Հայաստանում իրականացվող բազմաբնույթ սոցիալական ծրագրերի համար:
Իր հերթին տիկ. Մարտին-Ժիլ Վասալը վերհիշեց, որ վերջին անգամ Հայաստան է այցելել 2016 թվականին երկու երկրների միջև սոցիալական, տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացման և ամրապնդման նպատակով, ապա անդրադարձ կատարեց Հայաստան իր հերթական այցի օրակարգին, մասնավորապես դպրոցականների համար առողջապահության տարբեր ոլորտների վերաբերյալ կանխարգելման ծրագրին:
Ամենայն Հայոց Հայրապետը, ողջունելով նախաձեռնությունը, հույս հայտնեց, որ այն կնպաստի պատանիների առողջ աճին: Վերջում Նորին Սրբությունը Բուշ-դյու-Ռոն նահանգային խորհրդի պատվիրակությանը մաղթեց արգասավոր գործունեություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում