Էդուարդ Հախվերդյան․ Բանաստեղծություններ

Էդուարդ Հախվերդյան․ Բանաստեղծություններ

I
Հիմա, երբ
Քաղաքի խեղված ու ծաղկատար դեմքը
Ծածկված է ճերմակ տագնապով,
Եվ ուղեղի ամեն մի ծալքում
Դաժան մոլուցքն է մահաբեր սղոցների…

Հիմա, երբ
Տաճարի գմբեթները
Ձուլված են ճերմակ մշուշին,
Եվ ոչինչից առ կախ խաչերը
Ոչինչ չօրհնելով
Անշարժորեն գամված են օդին…

Հիմա, երբ
Դրախտային այգիներում
Անխնա տապալվում են
Մեր երազների անչափահաս ծառերը,
Եվ ցավատանջ հառաչի գորշ ծխնելույզները
Ծուխ ու մրի վերածելով
Արագորեն դուրս են փնչում
Դյուրաբեկ մեր հոգու աստղաքարերը…

Հիմա, երբ
Փառապանծ պատմության
Անտանիք տարածքը
Անհագորեն ճանկռոտում են
Գորշ գայլերի արնոտ թաթերը,
Եվ անճյուղ բարոյականության երկնուղեշ ծառը
Դանդաղ փտում է
Ոչ մի զոհի չսպասելով…

Հիմա, երբ
Ճերմակ տագնապը
Հոգու երկնքից ձյունում է
Մահաբույր օրերի մութ փողոցներում,
Եվ սարսափի անտես ձեռքերը
Սև խաչ են քաշում տների վրա,
Եվ տները ճաղապատվում են,
Եվ ծառերը ճաղապատվում են
Եվ կամաց- կամաց
Սառն ու սարդային լուռ համբերությամբ
Մեր երկաթատենչ անհագ մոլուցքից,
Մեր հոգիները ճաղակալվում են,
Եվ զենքը
Իր սնանկ առաքելությունը ուրանալով
Լկտիության բարձունքներում
Խոցոտում է
Մահամերձ արդարության անարյուն կողը…

Հիմա, երբ
Տների մահաբեր խավարում
Խոշտանգվում են`
Փշրված հայելուց
Ակնապիշ նայող
Խեղված, խելագար
Գորշ դիմակները…

Հիմա, երբ
Հառաչը,
Ճիչը,
Ոռնոցը
Սառցալեռ դարձած
Խցանվել են
Ձգված կոկորդի ձայնալարերում
Օհ, մի հարցրու, մի հարցրու,
Թե ինչպե՞ս
ՍՖինքսի պես տեղում գամված
Դարձա

Անառակ որդի…

II
Ճերմակ տանիքները,
Ճերմակ ծառերը
Ճերմակ փողոցները
Չեն վկայում ձմեռ:
Սա նախանշանն է պատռվող դիմակների,
Սա նախանշանն է ինչ-որ հատուցման,
Սա նախանշանն է քաղցր բերկրանքի,
Սա նախանշանն է ինքնաճանաչման…

Ճերմակ տագնապի տառապանքները
Հոգու գագաթներից,
Ինչպես ժայռը սիզիփոսյան,
Գլորվում են հավերժորեն
Գարուններից` ձմեռ,
Ձմեռներից գարուն,
Եվ մեր բաժին կյանքի բերկրանքը,
Լեռան քարի գույնի վայելքն է,
Անանուն ծաղկի պայծառ թովչանքը,
Հուշերի այգում տրտմություն ցանող
Անհայտ թռչունի թևաբախումը,
Խոսքի ճախրանքում`
Բառի հմայքը,
Ներկի ազատագրումը,
Գույնի խրախճանքը պաստառի վրա:
Եվ մեր բաժին կյանքի բերկրանքը
Ռումբերի հետ լեզու գտնելն է,
Մեր փրկության թելը կորցրած
Անորոշության լաբիրինթում`
Խուճապահարվելն է,
Լռության պատգամը սերտած
Աղմկոտ գինետներում`
Խաղողի խենթության մեջ,
Մեր անորոշ, անմիտ օրը
Վերամբարձորեն իմաստավորելն է,
Ամեն ժամի,
Ամեն օրվա,
Ամեն տարվա
Փոփոխական եղանակներից
Ճիշտ ժամանակին
Գոյատևման կտրոնների հայթհայթումն է,
Պանդորայի
Աղետների,
Չարիքների
Բացած կարասը
Մեր բզկտված մարմիններով խցանելն է,
Մի խուլ անկյունում
Համբերության չիբուխի հետ`
Սուրճի վայելքն է:
Դժոխք ու դրախտ,
Քաոս, քավարան,
Սկիզբն ու վերջը
Սիրո լույսերով` հրավառելն է,
Սիրո ճրագին` պատրույգ դառնալն է,
Բոլոր նյութերը
Սիրանյութի հետ շաղախելն է,
Քանզի մեր բաժին կյանքի բերկրանքը`
Բերկրանքն է Սիզիպոսի,
Իսկ ժայռաբեկորը մեր տառապանքի`
Ընկած է հովտում,
Իսկ ժայռաբեկորը մեր ճակատագրի
Ընկած է հովտում,
Իսկ ժայռաբեկորը մեր առօրյայի`
Ընկած է հովտում,
Եվ մեր բաժին կյանքի բերկրանքը
Մեր հաստատուն ու համրաքայլ
Մոտեցումն է տառապանքին,
Մեր կյանքի ու ճակատագրի
Ըմբռնումը պայծառորեն,
Մեր կյանքն ու ճակատագիրը
Պայծառորեն,
Պայծառորեն
Արհամարելն է:

III
Օ՜, քամիներ լկտի ու կույր…
Հայրս եկավ խուզված գլխով, չհայհոյեց, չզայրացավ ու չհայցեց անմեղության փոխհատուցում: Կույր տագնապի սև լորձունքը բանտախցի պատին թողած` լուռ հավաքեց իր լռության ոսկե շղթան և կարոտի և իր արյան ճիչը խեղդած պայթող սրտում` լուռ հեռացավ:
Օ՜, քամիներ լկտի ու կույր…
Աչքը` աչքիս, շուրթը` շրթիս, սիրտը` սրտիս, կանգնեց շվար ու ապշահար: Չբողոքեց, չնախատեց, և ծիծաղի պարկը թողած մաքսատանը, վերջին փշուր իր ծիծաղը, որպես կյանքի բազմակետեր լուռ շաղ տվեց ու հեռացավ: Ու չլսեց խուլ պայթյունը խոցված սրտիս, ու չտեսավ` միշտ առանց ինձ, գնացքների ծանր երթը իմ վրայով:
Օ՜, քամիներ լկտի ու կույր…
Քանի հազար ծաղիկ ու խոտ, քանի հազար տունկ ու ծառեր ձեր քրքիջը հրեշային փշրեց, ջարդեց, քշեց տարավ, խավարասույզ այս ափերից դրախտային:
Օ, քամիներ լկտի ու կույր…
Այս ի՞նչ հունձք է գարնան շեմին, այս ի՞նչ սգո հողմասյուն է վեր խոյանում` կոտրատելով մեր զարթոնքի ծիրանենին:
Օ՜, քամիներ լկտի ու կույր…

IV
Հիմա, երբ բոլորը պատրաստ են փախուստի,
Հիմա, երբ բոլորը քայլում են ճամպրուկներով,
Հիմա, երբ պանդխտության դարավոր ցուպը
Ինչ-որ կախարդանքով
Վերածվել է հրաշագործ գավազանի
Ես,
Որպես ձմռան միակ վառելիք
Եվ աղեղի նման պրկված
Նյարդերի միակ սպեղանի,
Պատառոտում եմ
Անահիտի դիմանկարը` արվեստից հեռու,
Պատառոտում եմ
Անահիտին չուղարկած
Սիրո նամակները` արվեստից հեռու,
Եվ բազում այլ կտավներ` արվեստից հեռու,
Եվ բազում այլ գրքեր` արվեստից հեռու,
Եվ բազում այլ թղթեր` արվեստից հեռու,
Եվ ամոթից շիկնած վառարանի մոտ`
Երգում եմ ձմռան ամենատխուր երգը`
Ջերմության մասին:

Ամեն ինչ գնում է դեպի փառամոլություն,
Ամեն ինչ գնում է դեպի փառամոլություն:

Երկնքից իջնում են բազում սանդուղքներ
Եվ տանկերը արյան կակաչների հետքերով
Գնում են դեպի արևելք,
Եվ զինվորները`
Քամուց դողահար տերևների պես
Մահվան ուսապարկերով
Գնում են դեպի արևելք,
Եվ բժիշկները`
Հիպոկրատի ծանր գլխարկի տակ կքած
Գնում են դեպի արևելք,
Եվ նկարիչները
Եվ բանաստեղծները,
Եվ գիտնականները
Եվ նրանք, ովքեր կամավորներ են,
Եվ նրանք, ովքեր չեն հասցրել փախչել,
Արյան կակաչների հետքերով
Գնում են դեպի արևելք,
Եվ սպանելու մոլուցքը,
Եվ սպանելու տենդը
Բարձրագահ տերերի կամոք
Դառնում է միակ նպատակակետ:

V
Ես աղբակույտում չեմ փնտրում ոչինչ…
Ես երազի մեջ սավառնում էի` երգելով բոլոր պահերը կյանքիս: Ես անհուսության բոժոժն եմ պատռել` հավատքի լույսում ճախրելու համար, այս ո՞վ է նորից կապույտը ցանցել, այս ո՞վ մեխել թևերս ժայռին…
Ես աղբակույտում չեմ փնտրում ոչինչ…
Ես առանց ցավի թողել եմ ծաղկած բուրաստանները, որ քարի ծերպի հրաշք ծաղիկը հավատքիս միակ նեցուկը դարձնեմ…
Ես աղբակույտում չեմ փնտրում ոչինչ, բայց ահա կրծքիս, որպես ճարմանդ շողշողում է դեղին վարդը` աղբակույտի սրտում բացված:
Ես աղբակույտում չեմ փնտրում ոչինչ…

VI
Նորից խոնարհ եմ քո խոտի առաջ,
Քո ամեն ծաղկի ու քարի առաջ,
Եվ չլինելը խնդիր չէ բնավ,
Եվ պատասխանը դյուրին է այնքան
Եվ այնքան կտրուկ,
Որքան ընթացքը անշեղ գնդակի
Փողից մինչև քունք:
Մենք ձկների պես քո ցանցում ընկած
Դեռ խլրտում ենք, դեռ թփրտում ենք…
Այս բազմաբերան հողի երախը խցկելու համար
Մեզ մի դարձրեք պահածոյացված սարդինաձկներ`
Դագաղների մեջ:

Եվս մի ձմեռ
Եվս մի գարուն,
Եվս մի ամառ-
Եվ տերևաթափ համատարած…
Եվ քարավանը ձախորդ օրերի
Դաշույնի նման
Մաս-մաս կտրելով մեր գոյությունը
Անսպառորեն պտտվում է հար
Չորս եղանակի շրջապտույտում:

Օ՜, մի տարեք ինձ,
Մի’ տարեք ինձ
Կարմիր խոտերով արոտավայրեր.
Ես չեմ ուզում կակաչների ջարդը տեսնել…
Եվ չլինելը խնդիր չէ բնավ,
Եվ պատասխանը դյուրին է այնքան
Եվ այնքան կտրուկ,
Որքան ընթացքը անշեղ գնդակի
Փողից մինչև քունք…

Հետևեք մեզ նաև Telegram-ում