«Չունենք ժամանակակից լավ դրամատուրգիա, զարկերակին խփող դրամատուրգիա»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, Irates.am: «Իրատեսի» հյուրը դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ է:
– Պարոն Կարապետյան, 1987-1992 թվականներին աշխատել եք «Անիվների վրա» թատրոն-ստուդիայում, 1995 թվականին` Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում, 1996-ից Պարոնյանի անվան թատրոնում եք: Դերասանի ինքնադրսևորման կերպերը փոփոխու՞մ եք տարբեր թատրոններում աշխատելու պարագայում:
– Դերասանի գործը մեկն է` խաղալը, և կապ չունի, թե այն որ կամ ինչ ժանրի թատրոնում ես անում: Բնականաբար, յուրաքանչյուր թատրոն ունի իր առանձնահատկությունը: Օրինակ՝ «Անիվների վրա» թատրոն-ստուդիայում ազատ էինք. բեմադրում, ստեղծագործում էինք՝ ինչպես ուզում էինք, ինչ ժանրում և ոճում, որ ուզում էինք: Պատանի հանդիսատեսի թատրոնում կա հատուկ հասցեատեր՝ երեխաները: Բայց այս թատրոնում եղել են, կան ու կլինեն ներկայացումներ, որոնք նախատեսված են ավագ տարիքի հանդիսատեսի համար: Ես հիմնականում հենց այս ներկայացումներում եմ զբաղված: Այդ ներկայացումներում խաղացած դերերի համար եմ ստացել իմ մրցանակների մեծ մասը: Օրինակ՝ Սոֆոկլեսի «Անտիգոնե» թատերգության մեջ՝ բեմադրված Հակոբ Ղազանչյանի կողմից, մարմնավորել եմ Կրեոնի կերպարը և երկու անգամ արժանացել միջազգային մրցանակի:
– 2000 թվականին՝ ՈՒկրաինայում, 2004-ին՝ Մակեդոնիայում, այո՞:
– Այո՛: 2000-ին փառատոն էր Կերչում, 2004-ին՝ Ստոբիում: Երկու մրցանակն էլ ստացել եմ «Տղամարդու լավագույն դերակատարման համար» անվանակարգում: Ինչ վերաբերում է Պարոնյանի անվան թատրոնին, ապա այստեղ էլ կան այլ առանձնահատկություններ. բեմադրվում են կատակերգական ժանրի ներկայացումներ: Թվում էր, թե կատակերգությունն այնքան էլ իմ ժանրը չէ, բայց տարիների ընթացքում ես կարողացա տեղավորվել այդ ժանրի մեջ և հաճույք ստանալ իմ գործից:
– Երկու միջազգային մրցանակներից բացի, հայաստանյան թատերական մրցանակաբաշխությունների ժամանակ ևս պարգևատրվել եք մի քանի անգամ: Տարբե՞ր են գնահատման չափորոշիչները Հայաստանում և դրսում:
– Երբ խաղում էինք Կերչում, հանդիսատեսների մեջ կային տարբեր ազգությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ հայեր: Մակեդոնիայում միայն մակեդոնացիներ էին: 2500 հանդիսական էր ներկա, որոնք բացարձակապես չգիտեին հայերեն: Բնականաբար, նրանց բաժանվել էր թատերգության տեքստի անոտացիան, բայց թատրոնի պարագայում պարտադիր չէ լեզուն հասկանալը: Բեմադրությունն այնպես էր արված, գործողությունն այնքան հստակ էր, որ հանդիսատեսն ամեն ինչ հասկանում էր: Խաղում էինք Ստոբիի ամֆիթատրոնում, որը, ինչպես նաև քաղաքը, հիմնադրվել է Ալեքսանդր Մակեդոնացու հոր` Ֆիլիպի կողմից: Ամֆիթատրոնը պեղել էին գետնի տակից: Մի հատվածն ամբողջությամբ պահպանված էր, մյուս հատվածում փլատակներ էին: Մինչև ներկայացման սկիզբը շատ աղմկոտ էր հանդիսատեսը: Սկսվեց ներկայացումը, և քար լռություն տիրեց: Աննկարագրելի ակուստիկա ուներ տարածքը, երեկոյան իննին, երբ արդեն մութն ընկել էր, եղանակը մի քանի աստիճանով ցրտել էր, վառվում էին լույսեր, ես վախենում էի, որ մեր ձայները տեղ չեն հասնի: Բայց յուրաքանչյուր շշուկն անգամ լսելի էր: Անպատմելի է այն, թե ինչ կատարվեց ներկայացման ավարտին: 2500 հանդիսական, որոնք հայերեն մի բառ իսկ չէին հասկանում, երկար ու բուռն ծափահարում էին: Նրանք հասկացել էին, թե ինչ է կատարվել բեմում:
– Ձեզ տեսել ենք «Աննա» հեռուստասերիալում, «Սպանված աղավնի», «Հովիվը» գեղարվեստական ֆիլմերում: Ինչ-որ մի հենք կա, չէ՞, ըստ որի կատարվում է դերասանի ընտրությունն այս կամ այն դերի համար: Օրինակ՝ ես Ձեզ ոչ մի կերպ չեմ պատկերացնում Թուսյանի դերում՝ «Սպանված աղավնի» ֆիլմում:
– Հաճախ ռեժիսորները գերադասում են միայն պատրաստի տիպաժների դերասանի, որն իր արտաքին տվյալներով համապատասխանում է տվյալ դերին: Այդպես չպետք է լինի՝ իմ կարծիքով: Ես դերասան եմ և ընդունակ եմ կերպարանափոխվելու: Ի միջի այլոց ասեմ, որ այն բոլոր կերպարները, որոնցում ես հաջողություն եմ ունեցել, եղել են բացասական: Յագո եմ խաղացել, Ներոն, Կրեոն, Ստալին: Այս կերպարները որևէ կապ չունեն այն կերպարների հետ, որոնք խաղացել եմ Ձեր հիշատակած սերիալում և ֆիլմերում:
– Իմ հիշատակած երեք գործերի հանդեպ էլ հանրության և մասնագետների մոտեցումը հակասական է եղել, ինքներդ ինչպե՞ս եք վերաբերվում դրանց:
– Սերիալում նույնպես պիտի խաղա դերասանը, դա էլ է մեր աշխատանքի ոլորտը: Հենց դերասանները պիտի խաղան սերիալներում: Ոչ ոք չի ասում, թե վատ սերիալներ պիտի նկարեն, մատների արանքով պիտի նայեն գործին: Այսպիսի մոտեցման պատճառով է վատ համբավի արժանացել սերիալը մեր իրականությունում: Բայց սերիալներում ևս լինում են կերպարներ, որոնք հիշվում են: «Աննան» առաջին սերիալն էր, որում ես նկարահանվեցի: Այդ աշխատանքը տևեց մոտ երկու տարի: Բոլորովին հեշտ աշխատանք չէր երկու տարի լինել հեռուստաէկրանին և չձանձրացնել մարդկանց, ստեղծել մի կերպար, որի մասին կհիշեն երկար: Շատ հաճախ ինձ հենց այդ կերպարով էլ հիշում են: Իմ կարծիքով՝ պատճառն այն է, որ ես, սցենարիստն ու ռեժիսորը կարողացել էինք ստեղծել ժամանակակից մի մարդու կերպար, որն այսօր անհրաժեշտ տեսակ է, մեր իրականության հերոսն է: Նա մի մարդ էր, որն իր շնորհքի, ունակությունների, ուժերի հաշվին կարողացել էր առաջ գնալ, ստեղծել մեծ հիմնարկություն և օգտակար լինել շրջապատի համար: Նա ո՛չ գող էր, ո՛չ ավազակ, ո՛չ սրիկա: Ազնիվ, աշխատող, տաղանդավոր մարդու տեսակ էր: Ինչ վերաբերում է գեղարվեստական ֆիլմերին, ապա դրանցում խաղալը շատ ավելի բարդ է, քան սերիալում: Գեղարվեստական ֆիլմն ավելի երկար նախապատրաստական շրջան է պահանջում: Սերիալում, թող ինձ ներեն իմ գործընկերները, հոսքագծի նման է աշխատանքը, իսկ ֆիլմում դու պիտի երկար կայացնես, «ծնես» կերպարդ: «Սպանված աղավնի» ֆիլմում աշխատել եմ մեծ հաճույքով: Ես իհարկե, կարող էի Թուսյանի դերը խաղալ, որը հրաշալիորեն խաղացել է Խորեն Լևոնյանը: Իմ Թուսյանը կլիներ բոլորովին այլ Թուսյան, բայց ես այն ևս հաճույքով կխաղայի: Ես ալարկոտ դերասան չեմ և կփորձեի ստանալ Թուսյանի իմ տեսակը՝ իմ դեմքով, իմ որակներով: Այնուամենայնիվ, շատ շնորհակալ եմ, որ ինձ առաջարկվեց հենց Միքայել Մարգարյանի կերպարը, որն ինձ շատ ավելի հոգեհարազատ էր:
– Դուք դժվար ժամանակներում եք մուտք գործել թատրոն. շուկան, նյութը գերակա արժեքներ էին 1990-ականներին, իսկ արվեստով զբաղվելը դոնքիշոտյան սխրանքի պես մի բան էր: Կարո՞ղ ենք ասել, որ այսօր՝ 2010-ականներին, էապես փոխվել է այս հարաբերակցությունը՝ հօգուտ արվեստի:
– Ես ափսոսում եմ, որ իմ երիտասարդության տարիները մաքառումների մեջ անցան: Իմ սերունդը կայացման ճանապարհին ժամանակի և հնարավորությունների մեծ կորուստ ունեցավ: Հիմա աշխատելու հնարավորություններն անհամեմատ շատ են՝ թատրոն, կինո, սերիալ… Երիտասարդների համար շատ դռներ ավելի դյուրին են բացվում: 1990-ականներին ամեն բան փլվեց: Եղել է ժամանակ, երբ «Անիվների վրա» թատրոն-ստուդիան քաղաքում միակ աշխատող թատրոնն էր: Աշխատել, ներկայացում ենք խաղացել մոմի լույսի տակ: Թատրոն-ստուդիան ստեղծեցինք մեր ուժերով՝ ինստիտուտն ավարտելուց հետո, որպեսզի չանցնենք կայացման դժվարին ճանապարհը ակադեմիական թատրոններում, որտեղ այն տարիներին շատ մեծ դերասաններ կային, և մեր առջև շատ դռներ փակ էին լինելու: Իսկ հիմա որոշ թատրոններում անգամ դերասանի պակաս կա:
– Այսօր ի՞նչն է առավելապես խանգարում դերասանների աշխատանքին:
– Առաջին հերթին խանգարում է այն, որ մենք չունենք ժամանակակից լավ դրամատուրգիա, զարկերակին խփող դրամատուրգիա: Մի քանի քայլ առաջ չեն տեսնում, այդ պատճառով էլ չեն գրում: Խարխափում են, երևի հավատ ու վստահություն չունեն, մի բան, որ իմ կարծիքով, դատապարտելի վերաբերմունք է: Ինչ իրավիճակ էլ լինի երկրում, դու պիտի հավատ ու վստահություն ունենաս, ապագայի հանդեպ լավատես լինես: Այսօր շատ խնդիրներ կան մեր երկրում, բայց չի կարելի հուսահատվել, նստել ու ասել՝ վերջ: Պիտի գրես այն լավի մասին, որին ձգտում ես, որ մարդիկ գան-տեսնեն, ու երբ գա այդ լավը, ճանաչեն: Մեր ժողովրդին ի՞նչ է պետք այսօր. իմ կարծիքով՝ հերոս, հերոսի կերպար, գաղափար կրող: Մեր դրամատուրգիան, ցավոք, այսօր այդպիսի կերպարներ չի ստեղծում: Ես ունեմ իմ պատկերացումներն այս իմաստով, բայց միշտ չէ, որ մեր դրամատուրգներն այդ պատկերացումներին հարիր գործեր են բերում թատրոն:
– Այսինքն՝ առաջարկվող թատերգությունները հուսահատեցնո՞ղ են:
– Այո՛:
– Իսկ կյա՞նքն ինչպիսին է, հուսահատեցնո՞ղ է, թե՞ հուսադրող, այնուամենայնիվ:
– Որքան էլ որ խնդիրները շատ լինեն, ինձ համար հուսադրող բան միշտ կա: Հուսահատությունն ամենամեծ մեղքն է: Դժվարություններից ընկրկել պետք չէ երբեք: Հուսահատությունը և դժվարությունները մարդուն միայն կոփում են, իսկ դրանց հաղթելու բանաձևը ես տեսնում եմ ամենօրյա, անդադար աշխատանքի մեջ: Ես չեմ սիրում կտրուկ, թռիչքային անցումներ, որովհետև դրանց ժամանակ շատ պարապ տեղեր են մնում: Ինչպես երկրակեղևի պարագայում, այդ դատարկ տեղերը հետագայում կարող են մեծ ցնցումների պատճառ դառնալ: Ճանապարհը պիտի բնականոն զարգացումով անցնես, սակայն, եթե այն անցնում ես թռիչքաձև, ապա պետք է էլ ավելի մեծ ջանքեր թափես այն բովանդակությամբ և գաղափարներով լցնելու համար: Մեկ տարի առաջ մեր երկրում ժողովուրդը ոտքի կանգնեց ու ցանկացավ փոփոխություն: Դե, փոխեցինք, բերեցինք նորերին, հիմա կտեսնենք՝ ոնց կլինի: Վատ կլինի, ժողովուրդը դժգոհ կլինի, կգա հաջորդը: Ի վերջո, մեզ մոտ պիտի կայանա քաղաքացիական հասարակություն կոչվածը: Ցավոք, մենք լիարժեք քաղաքացիական ինքնագիտակցություն առայժմ չունենք: «Քաղաքացին» մշակույթ է, որը պիտի մեջդ կրես: Մեր ուղեղը դեռ ամբողջովին պատրաստ չէ դրան, դեռ այնքան չի հասունացել, մարդը դեռ պատրաստ չէ ծխախոտի մնացուկը չգցել գետնին, հանրային գույքը չփչացնել, չգողանալ, չխաբել… Դրան հասնելու համար ճանապարհ է պետք անցնել, և մեր մշակույթն այս առումով հսկայական անելիք ունի: Դրա համար մեր դրամատուրգիան պիտի լինի հզոր, ապտակ տվող, ցնցում առաջացնող: Պետք է հասկացնել, որ սխալվելու դեպքում պատիժն անպայման գալու է: Եվ եթե ուզում ենք ինչ-որ բան փոխել, առաջին հերթին ինքներս մեզ պիտի փոխենք: Իշխանավոր ու իշխանություն փոխելով՝ ոչինչ չի փոխվի, եթե ինքդ չես փոխվել: Ե՛ս պիտի դառնամ քաղաքացի, ե՛ս պիտի դառնամ տերը իմ երկրի: Նախ՝ ինքս ինձնից պիտի պահանջներ ունենամ, հետո միայն հարևանից, քաղաքապետարանից, նախարարությունից, կառավարությունից: Եթե ես անընդհատ փչացնում եմ, կառավարությունը հո չի՞ կարող անընդհատ սարքել: Սա է իմ չափանիշը: Միևնույն ժամանակ, կարծում եմ, քաղաքացու բարձր ինքնագիտակցության կողքին, իշխանությունը ևս մշտապես ինքնազսպման և ինքն իրեն քննադատաբար վերաբերվելու ճանապարհ պետք է անցնի: Դարերով ապացուցված է, որ իշխանությունը շատ ավելի լծակներ ունի մարդուն փոխելու, քան մարդը՝ իշխանությունը: Իշխանությունը մի հզոր մեխանիզմ է, որը, ուզես-չուզես, քեզ գցելու է իր ատամնանիվների տակ և սկսելու է մամլել: Շատ հզոր պիտի լինես, որ այդ ատամնանիվները զսպես ու սկսես ծառայեցնել իրենց նպատակին: Հարցնում եք՝ կյանքը հուսադրո՞ղ է, թե՞ հուսահատեցնող, ինչպես նշեցի սկզբում, ես լավատես եմ:
Զրույցը վարեց ՝ Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ
Հետևեք մեզ նաև Telegram-ում