Ստամբուլյան կոնվենցիայի փաստաթղթում հակասությունների, սխալների և թյուր մեկնաբանությունների մասին
Նմանատիպ
Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին (կարճ՝ Ստամբուլյան կոնվենցիա) – փաստաթղթում հակասությունների, սխալների և թյուր մեկնաբանությունների մասին
Փաստաթուղթը կանանց հանդեպ բռնության կանխարգելման և օգնության տրամադրման լավ նպատակով հանդերձ ունի հեղհեղուկ ձևակերպումներ, դրանց միջոցով այլ հասկացություններ ներմուծելու միտումներ, պատմության կամ պատմական շրջանների ու փուլերի կամայական մեկնաբանություններ, արմատական ֆեմինիստական կամ էկոֆեմինիզմի միակողմանի հասկացությունների ներառում:
Նախաբան
Վերհիշելով … Հ-CM/Rec(2010)10 Հանձնարարականը՝ գենդերային հավասարության չափորոշիչների և մեխանիզմների մասին, – «գենդեր» բառը տարբեր գործածումներ ունի սույն փաստաթղթում, բայց այդպես էլ հստակորեն չի տրված դրա ստույգ սահմանումը, այլ այն երբեմն կիրառվում է վերացականորեն, երբեմն՝ որպես «սեռական» բառի հոմանիշ: Սովորաբար «սեռ» բառն օգտագործվում է կենսաբանական իմաստով, իսկ «գենդերը»՝ մի հասարակության ու մշակույթի մեջ ընկալելի համարվող որոշակի սեռին պատկանելու մարդու նախընտրության նշումով, որով այստեղ հեռահար նպատակ ու նաև հետագայում պարտադրանք է նկատվում փաստաթղթով հանձնառություն ստանձնած երկրների կամ ժողովուրդների նկատմամբ:
Դատապարտելով կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության բոլոր ձևերը; -առարկություններ են եղել այստեղ ընտանիքի առանձին շեշտադրման դեմ՝ այն նշումով, որ բռնության առնչությամբ դատապարտող օրենքներ կան, անհրաժեշտություն չկա ընտանիքն առանձնացնելու, ինչը կարող է այլ քողարկված նպատակներ ունենալ և այդ միտումով օգտագործվել: /նույնը նաև Նախաբանի այլ հատվածում – որն ազատ կլինի կանանց նկատմամբ բռնությունից և ընտանեկան բռնությունից/,
Գիտակցելով, որ կանանց և տղամարդկանց միջև փաստական և իրավաբանական հավասարությունը վճռորոշ գործոն է հանդիսանում կանանց նկատմամբ բռնությունը կանխելու գործում; – ի՞նչ է հասկացվում «փաստական հավասարություն» ասելով: Կինը և տղամարդը տարբեր դերակատարումներ ունեն սերնդագործության, ընտանեկան կյանքի մեջ: Քրիստոնեական տեսակետից տղամարդու և կնոջ միջև հավասարությունը շեշտելը՝ տարբերությունների վերացումով կամ դրանց միտումնավոր բացառումով, անընդունելի է:
Դա լավագույնս շեշտվում է հատկապես Ռուս Օրթոդոքս Եկեղեցու հեղինակ Ալեքսանդր Շմեմանի ձևակերպմամբ. «Հավասարությունը հաստատվում է որպես տարբերությունների անպիտանություն: Հավասարության սկզբունքին քրիստոնեությունը հակադրում է սերը, որի էությունը համեմատության բացակայության մեջ է: Աշխարհում չկա և չի կարող լինել հավասարություն, քանի որ աշխարհն ստեղծված է սիրով և ոչ թե սկզբունքներով: Աշխարհը կարիք ունի սիրո և ոչ թե հավասարության: Հենց սիրո մեջ է արմատավորված մարդու երկվությունը` որպես տղամարդու և կնոջ: Դա սխալ չէ, որը մարդկությունը կարող է ուղղել հավասարությամբ, և կամ թերություն, պատահականություն չէ, այլ կյանքի էության առաջին և գոյաբանական արտահայտությունը: Սա նշանակում է, որ ոչ մի հավասարություն չկա, այլ կա գոյաբանական տարբերություն, որ հնարավոր է դարձնում սերը, այսինքն` միավորությունը և ոչ թե հավասարությունը: Հավասարությունը միշտ ենթադրում է հավասարների բազմակիություն` երբեք միավորություն չդարձող, մինչդեռ տարբերությունը բերում է միավորություն, որում տարբերությունը չի ոչնչանում, այլ դառնում է միություն, կյանք, ստեղծագործություն»:
(Շարունակելի)
Ադամ քահանա Մանուկյան
Աղբյուր՝ Ter-hambardzum.net
Հետևեք մեզ նաև Telegram-ում