«Իսկ ես շարունակում էի հարստացնել իմ հավաքածուն նրանց՝ խուճապի ավելի ու ավելի ճարտար ձևակերպումներով». նոր գիրք` «Ռեժիմը խուճապի մեջ է»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, Aravot.am: «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ Կարեն Ղարսլյանի «Ռեժիմը խուճապի մեջ է» տրագիկոմեդիկ գրքի շնորհանդեսը:
Գրքի ներկայացումը հեղինակը` Կարեն Ղարսլյանը սկսեց առաջաբանից: Նրա խոսքերով. «Տրագիկոմեդիայում գործող անձանց և նրանց խոսքի որևէ նմանություն անձանց և նրանց իրական խոսքին պատահական չեն, դեռ ավելին՝ դրանք բացարձակապես նույնն են»: Ամեն ինչ սկսվել է 2011 թվականի նոյեմբերի 4-ին, երբ հեղինակը իր ֆեյսբուքյան էջում նկատել է Գևորգ Միքայելյանի գրառումը. «Բաղրամյան 26-ում խուճապ էր ընկել…»: Այս հատվածը նման է Հով. Թումանյանի «Գիքորը» պատմվածքի առաջին տողին: Կարդալով սա՝ Կարեն Ղարսլյանը հասկացավ, որ քաղաքական խուճապի գնացքը գրականության ոլորտ է ներթափանցել ու որոշեց սկսել գիրք գրելու աշխատանքները:
Գիրքը իր մեջ ամփոփում է 1994 թվականից սկսած մինչև 2018 թվականը Հայաստանի բոլոր իշխանությունների հասցեին արված «խուճապները»: Այսինքն` մեկ տեղում են ամփոփված ընդդիմադիր ուժերի այն արտահայտությունները, որտեղ կա հետևյալ միտքը՝ իշխանությունը խուճապի մեջ է: Առցանց որոնումների արդյունքում հավաքվել են 2001- ից 2018 թթ. ասված բազմաթիվ մտքեր տարբեր քաղաքական գործիչների կողմից, նաև հետաքրքիր փաստեր տվյալ ժամանակաշրջանի մասին, որոնք գրված են գրքի «Ջնջված տեսարաններ » հատվածում:
Գրքի յուրահատկությունն այն է, որ գրված է «բառախաղերի» միջոցով: Յուրաքանչյուր ժամանակաշրջանից մյուսը անցնելիս հեղինակը տվյալ պահի իշխանության գլուխը կանգնած մարդու անվան ու ազգանվան տառերից ու դրանց փոփոխություններից ստանում է հաջորդ ղեկավարի անուն- ազգանունը: Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի անուն- ազգանվան տառերից և դրանց մասնիկների փոփոխությունից ստացել էր Սերժ Սարգսյան անունը: Այս ամենը գրքում ներկայացված է գրաֆիկաների ու անիմացիոն նկարազարդումների միջոցով:
Ըստ հեղինակի. «Գրքի հիմնական նպատակը մեկն է, որ տարիներ շարունակ ընդդիմադիր բազմաթիվ ուժեր համառորեն ապրեցրել են ռեժիմի մոտալուտ խուճապահար տապալման մարգարեությունը, իսկ թիրախավորված իշխանությունները շարունակում էին մնալ երկրի ղեկին, իսկ ես շարունակում էի հարստացնել իմ հավաքածուն նրանց՝ խուճապի ավելի ու ավելի ճարտար ձևակերպումներով»: Ահա մի քանի օրինակ, թե քաղաքական գործիչները երբ են օգտագործել տվյալ միտքը. 2005 թ. Արտաշես Գեղամյան. «Եթե սա իշխանությունների բարոյալքության և խուճապի նոր դրսևորում չէ, ապա ինչ է»: 2008թ. Արթուր Բաղդասարյան. «Իշխանությունը խուճապի մեջ է, և ուժը դուք եք»: 2008թ. Լևոն Տեր- Պետրոսյան. «Հայաստանի իշխանությունները խուճապի մեջ են: Դրա վկայությունը այն է, որ 21 բնակավայրից ժողովրդին արգելել են մասնակցել այսօրվա հանրահավաքին»: 2017 թ. Նիկոլ Փաշինյան. «Մի քիչ սիրուն էլ չի, որ ասեմ, բայց ռեժիմը խուճապի մեջ է»:
Մերի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում