«Ապրելու այդ ձևն իմ մեջ խոր ակնածանք է առաջացրել»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, Irates.am: Հայտնի են Ստեփան Ալաջաջյանի անվան արձակի մրցույթի հաղթողները: «Նրա հոգսը» պատմվածքի համար մրցանակի արժանացավ Նազիկ Հակոբյանը, «Կինը և եռափեղկ հայելին» վիպակի համար՝ Հրաչ Բեգլարյանը: Մրցույթը «Կայարան» գրական ակումբի և «Ալաջաջյան» հիմնադրամի համատեղ նախաձեռնությունն է: Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում: Նույն օրը գրողի դուստր Թերեզա Ալաջաջյան-Հայրապետյանն ընթերցողին ներկայացրեց նաև «Մայրամուտ» գիրքը: «Իրատեսի» հետ զրույցում նա նշեց, որ «Մայրամուտը» Ստեփան Ալաջաջյանի վերջին գործն է, որ տեղ է գտել այս ժողովածուում: Վեպն անավարտ է. գրողը չի հասցրել այն ավարտել: Նրա մահվանից հետո պարզվել է, որ նույն գործը նաև անգլերեն է գրել: «Մայրամուտը» ժողովածուն կազմել է Գրիգոր Ջանիկյանը: Գրքում տեղ են գտել նաև «Առագաստի» էջերում» հրապարակագրությունը և գրողի վերջին՝ «Հայի հայությունը» վերնագրված հարցազրույցը, որը վարել է Գրիգոր Ջանիկյանը:
ԹԵՐԵԶԱ ԱԼԱՋԱՋՅԱՆ-ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ (Ստեփան Ալաջաջյանի դուստրը)
– Ինչի՞ մասին է անավարտ վեպը:
– Հիվանդանոցային պատմություն է, որին նաև սիրո երանգ է հաղորդել: Այլ կերպ ասած՝ իր կյանքի մասին է, իր երևակայությունն ու կյանքի փիլիսոփայությունը:
– Հնարավո՞ր է` «Առագաստ» հանդեսը նորից վերատպագրվի, նոր կյանք ստանա:
– Գիտե՞ք, իրենից հետո կարծես չեմ ուզում շարունակել, դա իրենն էր, ո՛չ իմը: Ինքն էր ընտրում նյութերը, խմբագրում, նախաբան գրում: Ես կազմակերպական հարցերով էի զբաղվում, ստեղծագործական հարցերին քիչ էի միջամտում: Եթե հետագայում որոշեմ ամսագիր հրատարակել, չեմ կարծում, թե «Առագաստ» կանվանեմ:
– «Եղեգները չխոնարհվեցին» վեպը նոր հրատարակություն կունենա՞:
– Անկեղծ ասած՝ վեպը թարգմանվել է անգլերեն, բայց դեռ չի հրատարակվել: Հայրս շատ էր ուզում, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին այդ գիրքը վերահրատարակվի, խնդրել էր, որ իր մահից հետո պարոն Անանյանի հետ խոսեմ այդ մասին, բայց իրենից հետո Լևոն Անանյանն էլ մահացավ: Ես մշակույթի նախարարությունում այդ մասին խոսեցի, և ինձ առաջարկեցին գիրքը թարգմանել անգլերեն: Ամերիկայում դժվարությամբ գտանք մասնագետների, որոնք շատ լավ գիտեին և՛ անգլերեն, և՛ հայերեն:
– Դրսի ընթերցողի՞ն է ուղղվելու գիրքը:
– Այո, փորձելու ենք հրատարակել Ամերիկայում: Եղեռնի մասին նրա եռահատոր վեպը՝ «Չսպիացած վերքը», նույնպես հայ գրականության լավագույն կոթողներից է: Լույս տեսավ Խորհրդային Միության փլուզման շրջանում ու ինչպես հարկն է չտարածվեց: Հայրս ուզում էր, որ այդ գիրքը նույնպես հետագայում վերահրատարակվի:
– Իր մասին գրելու մտադրություն չունե՞ք
– Ինքն իր մասին գրել է և այնքան լավ, որ չեմ կարծում, թե կարիք կա նոր բան ասելու:
– Մրցույթի մասին ի՞նչ կասեք:
– Շնորհակալ եմ Սուսաննային, որ այսպիսի նախաձեռնությամբ հանդես եկավ: Ինքս, գրողի ընտանիքում ու շրջապատում մեծանալով, գիտեմ, թե որքան դժվար է մտավորականների ու գրողների վիճակը: Անպայման ուզում եմ իրենց ոգևորել մրցանակով: Սա առաջին մրցույթն էր, փորձելու ենք դարձնել ամենամյա:
ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆ (Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, գրականագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ)
– Ի՞նչ կասեք Ստեփան Ալաջաջյանի գրական վաստակի մասին:
– Անցած դարի 50-ականներից մեր գրական-հասարակական կյանքը բավականին հագեցած էր Ստեփան Ալաջաջյանով: Մեծ տարածում գտավ «Անապատում» վիպակը: 40-ականների վերջին, 50-ականների սկզբին երկրորդ համաշխարհայինի գեղարվեստական արտացոլումներն առաջին պլանում էին, մեզանում էլ Հրաչյա Քոչարը, Սերո Խանզադյանը, Մկրտիչ Սարգսյանը և մյուսներն էին: Բայց երկրորդ աշխարհամարտ ասածին մենք միշտ նայել ենք սովետական հայրենիքի տեսանկյունից, նույն ժամանակաշրջանում «Անապատումը» շատ հետաքրքիր էր ընթերցողին: Ինչևէ, դրան հաջորդեցին «Պարտություն» վիպակը, «Եղեգները չխոնարհվեցին» վեպը Ցեղասպանություն վերապրողների մասին: Նա երբեք չկտրվեց իր արմատներից. Կիլիկիայից էր սերում, հասակ էր առել Հալեպում, սովորել Լիբանանում, Անճար գյուղն էլ հենց Կիլիկիայից գաղթածներով էր բնակեցված: Մի կարևոր բան նշեմ. տեսեք, 46 թվականին Ալաջաջյանը հազարավոր սփյուռքահայերի հետ ներգաղթեց Հայաստան, դա ներգաղթի երրորդ ալիքն էր կամ մեծ ներգաղթը, ինչպես ընդունված է ասել մեր պատմագրության մեջ: Բնականաբար, այդ դառնությունների մասին խորհրդային տարիներին չէին խոսում, բայց մենք գիտենք, որ շատ շատերը, որ հազիվ հարմարվել էին այլ երկրներում, ինչպիսի երազանքներով եկան Խորհրդային Հայաստան, ու նրանց մեծ մասը աքսորվեց Սիբիր: Շատերը չվերադարձան: Բարեբախտաբար, Ալաջաջյանը չկիսեց նրանց ճակատագիրը, բայց նրանց ցավը միշտ իր հետ էր:
– Ակտիվ էր նաև որպես հասարակական գործի՞չ:
– Գրական ակտիվ գործունեությանը զուգահեռ վարել է մի շարք պաշտոններ գրական դաշտում՝ խմբագիր, հրատարակիչ, գրողների միության քարտուղար, հինգ տարի` գրականության ու արվեստի թանգարանի տնօրեն: Սիրված ղեկավար էր. մեր աշխատակազմում կան մի քանիսը, որ աշխատել են նրա հետ ու երանությամբ են հիշում այդ տարիներն ու Ստեփան Ալաջաջյանին: 90-ականների սկզբին հարկադրված, քայքայված առողջությամբ տեղափոխվեց ԱՄՆ՝ դստեր ընտանիք: Ճանապարհին էլ ինքնաթիռում սրտի տագնապ ունեցավ: Չնայած այդ ամենին, այնտեղ էլ շարունակեց իր ակտիվ գործունեությունը, հիմնադրեց «Առագաստ» ամսագիրը: Այսօրվա գիրքը, որ դուստրը նախաձեռնել է և դրել մեր սեղանին, առանձին բաժնով ներկայացնում է Ստեփան Ալաջաջյանի խմբագրականները, վերլուծական հոդվածները, բոլորն էլ, առանց բացառության, ազգային հարցերի մասին են, նորագույն շրջանում Հայաստանի և Սփյուռքի առաջ ծառացած խնդիրների: Իր դիրքը հիմնականում շահեկան է այս առումով, որովհետև երբեք, նույնիսկ Խորհրդային Հայաստանում բնակվելու առաջին տարիներին հայաստանցի-սփյուռքահայ արհեստական պատնեշին չառնչվեց, որովհետև հավասարապես հրաշալի գիտեր և՛ գրական արևմտահայերեն, և՛ գրական արևելահայերեն: Երբ ծայր առավ 90-ակաների արտագաղթը, նույն պատնեշն ունեցանք սփյուռքում. արդեն հայաստանցիներս էինք եկվոր: Դարձյալ նրան չառնչվեց դա, որովհետև կրկնում եմ,՝ նա հայ էր և՛ սփյուռքահայի, և՛ հայաստանցու համար: Այդպես էլ ապրեց ու ավարտեց իր երկար ու հագեցած կյանքը:
– Ճանաչու՞մ է նոր սերունդը Ալաջաջյան գրողին ու մարդուն:
– Նրա սերունդը շատ երևելի անուններ տվեց, ցավոք, նա էլ պատշաճ ուշադրության, վերաբերմունքի չի արժանանում, ինչպես իր սերնդակից շատ գրողներ: Վերջին հատորյակի շնորհանդեսը, ինչպես նաև գրական մրցանակաբաշխությունը նպատակ ունեն լայն ընթերցողի ուշադրությունը վերստին հրավիրելու Ստեփան Ալաջաջյանի գրական ժառանգության վրա:
– Նաև արժևորել-խրախուսել ժամանակակից գրողներին:
– Գրական կյանքում աշխուժություն, կենսունակություն հաղորդելու լավագույն միջոցներից են մրցանակաբաշխությունները: Բացի այդ, հայ գրողն ակնկալում է իր գրական գործունեության համար թեկուզ սիմվոլիկ վարձատրություն: Այդ նույն սկզբունքով էին Ալաջաջյանն ու նրա դուստրը հրատարակում «Առագաստ» ամսագիրը: Ստեփան Ալաջաջյանը ուշի ուշով կարդում էր բոլոր գործերը, որ ուղարկում էին իրեն, ու եթե որակով գործեր էին, տպագրում էր և մեր իրականության համար անսովոր բարձր հոնորարներով վարձատրում: Այսինքն, ուշադրության կենտրոնում էր այն, որ գրողը ոչ թե սոսկ նվիրումով պետք է առաջնորդվի, այլև վարձատրվի իր գործի համար: Սա շատ կարևոր բան է, ինչին մեր իրականության մեջ հազվադեպ կարող ենք հանդիպել:
ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ («Կայարան» ակումբի նախագահ, արձակագիր)
– Ինչու՞ նախաձեռնեցիք այս մրցույթը, և ինչո՞վ է այն տարբերվում գրական մյուս մրցույթներից:
– Գրական մրցույթները շատ տարբեր են, կոնկրետ իմ նպատակը ոչ միայն ստեղծվող գրական արժեքները մրցանակներով գնահատելն է, այլև գրականության մեջ այնպիսի գրողի առանձնացնելը, որի կերպարը կարելի է ի ցույց դնել եկող սերնդին՝ որպես ընդօրինակման արժանի: Այդ առումով ընտրությունը կանգ առավ Ստեփան Ալաջաջյանի վրա, որովհետև նա ոչ միայն տաղանդավոր գրող է, այլև այդ դաշտի տաղանդավոր գործիչ: Գրողների միության քարտուղար է եղել, «Հայպետհրատում» նրա նախաձեռնությամբ մատենաշարեր են լույս ընծայվել, նրա սցենարներով են նկարահանվել «Ճերմակ անուրջներ» ու «Կտոր մը երկինքը» ֆիլմերը: Չմոռանանք Ամերիկայում լույս տեսնող ամսագիրը, որի միջոցով Ալաջաջյանի նպատակը ոչ միայն հայ գրողին սատարելն ու հրատարակելն էր, այլև հայ մշակույթը տեղի հայության մեջ տարածելը: Մենք բոլորս գրող ենք մեր գրասեղանների հետևում, չենք ուզում այլ բաներով զբաղվել: Ալաջաջյանն իր ողջ կենսագրության տարածքով, ոչ միայն որպես գրող, այլև որպես մարդ ամբողջությամբ նվիրված էր գրականությանն ու մշակույթին: Ապրելու այդ ձևն իմ մեջ խոր ակնածանք է առաջացրել, դրա համար մտածեցի, որ կարելի է մրցանակ հիմնել՝ նաև Ալաջաջյանի այդ կենսագրությունն ի ցույց դնելով նոր սերնդին:
– Ի՞նչ կասեք մրցույթին ներկայացված գործերի մասին:
– Եթե հիշում եք, մենք մի անգամ մրցույթը հետաձգեցինք, որովհետև գործերը քիչ էին: Գործերի քանակը ավելացավ, բայց ես ինչ-որ տեղ նույնիսկ տխրեցի: Մեր արձակը հարուստ է պատմվածքներով, վեպերով, մեր ժամանակակիցներից բոլորի մոտ կարելի է մեկ-երկու լավ գործ գտնել, բայց այն, ինչ գրվել է վերջին մեկ-երկու տարում, առանձնապես սփոփիչ չէր: Ե՛վ թեմայի առումով, և՛ ասելիքի, և՛ տեխնիկապես խեղճացել են մեր պատմվածքները: Ես այլ բան էի ակնկալում: Վիպակներն ավելի քիչ էին, բայց ավելի հաջող ընտրություն կարելի էր անել: Այս տարի որոշել ենք վեպի մրցույթ հայտարարել և ամեն տարի արձակի որևէ ժանր խրախուսել:
– Մրցույթը կարո՞ղ է նպաստել լավ գործերի ստեղծմանը:
– Եթե մարդն ունի գրելու պահանջ, գրում է, եթե ունի տաղանդ, անկախ նրանից` տպագրել է մամուլում, թե մրցանակի ներկայացնելու համար է գրել, այդ տաղանդը երևում է: ՈՒղղակի պետք է մի քիչ շատ աշխատեն, արձակը պոեզիա չէ, որ պահի ապրումը թղթին հանձնես, ու դառնա գործ: Թվում է՝ չորս կողմդ գրողներ են, գործեր են գրվում, գրքեր են հրատարակվում, բայց երբ ուզում ես գրականություն ընտրել թեկուզ կարդալու համար, հասկանում ես, որ քիչ բան կգտնես: Հարցն այն չէ, որ ես բարձրաճաշակ եմ ու իմ ճաշակին հարմար բան չկա, մի տեսակ եկել է անգրագետ գրողների դարը, ու երբ նորմալ հայերենով գրված գործ ենք կարդում, արդեն համարում ենք արժանիք. ուղարկում են գործեր՝ ռուսական շարադասությամբ, բառերի չիմացությամբ, ասացվածքների սխալ գործածությամբ և այլն: Երբեմն նկատելի է բնածին օժտվածությունը, բայց եթե լեզու չգիտի, արդեն դժվար է լուրջ բան ակնկալելը:
– Գրողին ինչպես հարկն է արժևորելու համար պետական հոգածությու՞ն է պետք: Ի՞նչ է արվում մեր ունեցածը ապրեցնելու ու եկող սերունդներին նրանց թողած ժառանգությունը հասցնելու ուղղությամբ:
– Մենք բոլորս էլ ասում ենք, որ պետք է վերագնահատենք մեր արժեքները, բայց ո՞վ պետք է դա անի: Եթե քո ընտանիքի անդամը գրականություն չի սիրում, չի հասկանում կամ չի վաստակում այնքան, որ հրատարակի քո անտիպ գործերը, ստվերում ես մնում: Պետութունը և գրական կազմակերպությունները, նրանք, ովքեր կոչված են այդ գործն անելու, անգործության են մատնված: Ասենք, համալսարանում կա ժամանակակից գրականության ամբիոն, բայց ժամանակակից ոչ մի գրող այնտեղ ոտք չի դնում, կա գրականության ինստիտուտ, բայց չեմ լսել, որ ժամանակից որևէ գրողի գործ դառնա դիսերտացիայի թեմա: Պիտի ասեմ, որ Ստեփան Ալաջաջյանն այստեղ էլ իր բարձրության վրա է. այնպիսի երեխաներ է դաստիարակել, որ և՛ գրականություն են սիրում, և՛ իրենց հոր վաստակն են գնահատում, և՛ ամեն կերպ նպաստում են, որ նրա անունը հնչի, ու մեր գրականությունը զարգանա: Իսկապես արժե շնորհակալություն հայտնել Ալաջաջյանների ընտանիքին այս նախաձեռնության համար:
Ճեպազրույցները` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ
Հետևեք մեզ նաև Telegram-ում