Ռազմիկ Գրիգորյան․ Կանաչ արթնություն
Նմանատիպ
Հիմա գարուն է,
ծառերը կրկին բողբոջում են քեզ,
մեղուները դրսում ընթերցում են ծաղիկները,
առվակն արծաթաջրով է օծում ցորենի ծիլերը,
ստվերները բարձրանում են վերծանելու լեռները,
վերադարձող կռունկների պատարագը լսելուց հետո
ուզում եմ վերընթերցել քեզ,
դրա համար նախ կարդում եմ Աստծուն…
Լինել
Արթնանալ քեզ հետ,
մի քիչ էլ քո մեջ,
քայլե՛լ քեզանով
թարմ առավոտվա ծաղկափթիթ արահետով,
տեսնե՛լ աչքերիդ մեջ մեռնող գիշերը,
շուրթերիդ ծաղկող լույսն այգաբացի,
բռնե՛լ մազերիդ մեջ հոսող քամին,
աչքերիդ մեջ շոշափել Աստծուն…
Ամեն վարկյան լինելու չափ շատ
հոսել քեզանում,
և սերմացու ցորենի պես
սպառվել քո մեջ
սրտումդ ծլելու համար…
Եռաբլուր
Ուր գարունն ինքն է կռանոմ հողն համբուրելու,
հայրենահոտ ծաղիկների բուրմունքն է եռում Մասյաց ձյուներում,
ծառերին բողբոջող ոսկեհամ արևը փարոսի պես
հալվում է գալիքի ճանապարհին՝
սերունդներին դեպի բարձունքն ուղեկցելով…
Վերևում նրանք են,
ովքեր երբեք չեն երազել բարձրերի մասին,
մնացողներին սակայն բարձունք կտակելու համար
խավարը քողազերծելով երկինք նավարկեցին
փրկելու լույսը…
Հայրենիք
Այնքա՜ն մեծ ես
որ ամեն առավոտ
տանից դուրս գալուց առաջ
քեզ տեղավորում եմ մեկ գավաթ սուրճի մեջ
ինձ հետ վերցնելու համար,
որովհետև դու հավերժ ես
թիթեռի ապրած մեկ օրվա չափ…
Այնքա՜ն շատ ես իմ մեջ
որ երբեմն չեմ հասկանում
թե որտեղ ես սպառվում դու
և որտեղ եմ սկսվում ես,
բոլորին տալիս ես հավասարաչափ
ոչ ոքից ոչինչ չես վերցնում,
չես սպառվում երբեք…
Նման ես հոգու
ոչ ոք չի տեսնում,
բոլորը հավատում են սակայն,
գիտեն որ կաս…
* * *
Վառարանին դրված թեյնիկում եռում է առավոտը,
մոտալուտ ձմռան ծոցում հալվում են
ոսկեմազ աշնան վերջին օրերը,
քամին հավաքում է փողոցներից տերևոները
և լճում մահախոսականն է կարդում նրանց,
կիսաբաց դռնից դուրս են վազում
գիշերվանից մնացած վերջին ծվենները,
եղիամապատ արշալույսում թափ եմ տալիս
հեռուների փոշին…
Քեզ մոռանում եմ այն ժամանակ միայն,
երբ անհնար է քեզանից բացի
հիշել որևէ մեկին,
ճանապարհներ կան
որոնցով հեռացողները ավելի են շատանում քո մեջ,
ապացուցելու համար գուցե պարտությունը ժամանակի…
Կանաչ արթնություն
Ձնծաղիկի թերթերում ծլարձակում է կանաչ արթնությունը,
Առավոտվա ծիրանին շալակած գարունը սարն է ելնում,
Սևահողը երկնքից մեղրահյութ է քամում անձրևի տեսքով
Ոռոգելու տաքացող հողի ընդերքը:
Արձակ մազերով արևը ոսկի է հյուսում լճում,
Սաղարթախիտ ստվերների հետ հորովել է երգում քամին,
Ամպերը իջնում մառախուղի տեսքով հալվում են ձորում,
Լիճն ալիքներով թմբուկ է խփում ժայռերի մամռոտ ափերին:
Բաց սրտի պես շոշափելի է զարկերակը օրվա
Երբ ոտքերիդ տակ զգում ես եռացող հողի պոռտկումը,
Քարի տակ թաքնված մանուշակի թերթերում բուրում է Աստված,
Մենա՜կ, աննկա՜տ, հեռու՜, անսահմա՜ն:
Սերը
Անկոչ հյուրի պես գալիս, լցվում է ծոցդ,
Վարդաջրով օծում՝ օրերդ:
Հետո ես հասկանում որ քո մեջ տեղավորվել,
Քեզ հետ հավասար ապրում է ևս մեկը:
Անանուն հյուրին մարսելուց հետո նկատում ես
Որ ներսումդ այլևս դատարկ տեղ չկա:
Սե՜րը, երբ գալիս է մեկը, բերում քեզ ոչինչ,
Լսում ես ծովը, վերծանում քամին, կարդում գարունը:
Գիտե՛ս, որ այդ ոչինչը կորցնելուց հետո
Անհնար կլինի որևէ բան կորցնելը:
* * *
Գեղասահորդուհու պես սլացիկ, ճկուն
այգում պտտվող արշալույսը ուրվագծում է քեզ,
հնի ո նորի խաչմերուկում լույս ես կարկատում,
որ ոսկեթել իլիկով կծկում է ժամանակը…
Գարնան հոսող ջրերում հևում է ծովը,
լեռներին մնացած վերջին ձյուները
իզուր արտասվում են
մահացողի ետևից գնացող մարդկանց պես
ովքեր սգում են,
հանգուցյալին նոր կյանք ճանապարհելուց առաջ…
Քեզ մոռանալու համար,
եկեղեցում քանդում եմ ժամանկի կծիկը,
աղոթքում մոռացվածները
երկնքում հանդիպում են անպայման…
* * *
Աչքերիդ մեջ մանուշակներ են ծլում,
Գարուն ես երկնում վարարմանդ մեջ,
Գինեգույն շուրթերիդ փակ առեղծվածում
Հալվում է ցոլքս:
Սպիտակ գիշերը լալիս է
Մրսած փողոցներում,
Հալոցքի ջրերում հեռացող ձմեռը
Կաթում է կտուրներից:
Արձակում եմ բանտված առավոտս
Ոտք եմ դնում լանջերին ուր քո վրանն է խփված,
Ժամանակի զարկերակով հոսում ենք ծով,
Լռության ընդերքում մեզանից ոչ ոք ավելորդ չէ:
* * *
Երբեմն մտածում եմ ստեղծել աշխարհ
որ կարապները մեռնելու փոխարեն
ապրեն երգելով,
Մտածում եմ տուն կառուցել
որտեղ բարձր ձայնից խլացածները
կկարողանան արթնանալ լռության մեջ,
Երբեմն մտածում եմ
լույսով ախտահանել տիեզերքը
հյուսելու մի ժամանակ՝
ուր մարդիկ իրենց հոգիներում
եկեղեցիներ կկառուցեն,
Մտածելուց զատ երազում եմ սակայն
մարգագետիններում հրեշտակաթև պարտեզներ
ասեղնագործելու մասին
որտեղ հնարավոր կլինի
ծաղիկներ փոխպատվաստել
բոլոր սիրահար սրտերին…
Չորս եղանակ
Հեռուներումդ աճած լոտուսների ծաղիկներում
կբացվեմ ամբարելով կանաչ արտահոսքը ժամանակի,
հողը կարթնանա կրկին…
Ամռան արևի տակ օրորվող ցորենի հասկերում
շիկնեմ ու բերք կդառնամ քո մարգագետիններում,
ջուր կխմենք եռացող հողից…
Կհավաքեմ թաց փողոցների գույները
ծիածանե զգեստդ կօծեմ անձրևով և կկախեմ ամպերիցդ,
կհանդիպենք երկինքների բաց պատուհաններում…
Սպիտակ քաղաքների դատարկ ծառուղիներում
բացիկի պես կբացվեմ սրտումս ծրարելով լուսակնիք առավոտներ,
սպիտակ սավանով կծածկեմ ճամփաներդ որ չմրսես,
ձեռքսեղմումով կբարևենք Աստծուն…
Մայրս
Երբ ցավից կոշտացած
ձեռքերիդ մեջ բացվող վարդերը
գարուն են երգում,
հասկանում եմ քեզ…
Երբ ափերիդ մեջ ամբարած լույսով
ողողում ես այտերս,
լռության մեջ կարդում եմ
տիեզերքն ամբողջությամբ…
Քայլում եմ,
ճանապարհիս մոմի պես վառվող
աչքերիդ մեջ Աստծուն թերթելով…
* * *
Ալեկոծվող ծովի պես ծփում եմ
անապատի էությանդ մեջ,
ոչինչ մի հարցրու ճամփորդությունից,
երբ բոլոր անկյուններս լցված են քեզանով
ուզում եմ լռել…