Արմեն Գևորգյանից Սուրեն Խաչատրյանն ամենաշատն էր շնորհակալ

Գորիսի դեպքերին նախորդած հայտնի ճաշին չի մասնակցել Արտակ Բուդաղյանը, իսկ Ավոյին ինքը’ Սուրիկ Խաչատրյանն է ճաշի հրավիրած եղել: Ճաշի ընթացքում տեղի ունեցած վեճից հետո նա և Լիսկան նույն ավտոմեքենայով գնացել են Գորիս, ճանապարհին էլի են վիճել. Լիսկան, որ նույնպես շատ խմած է եղել, ավտոմեքենայից իջեցրել է Ավոյին, ասել է’ խմած ես, գնա տուն, հետո կգաս՝ կխոսենք,- պատմում է օրերս Ս. Խաչատրյանին հանդիպած «Հրապարակ»-ի աղբյուրը:

Կմնա՞ Խաչատրյանը Գորիսում, թե՞ կտեղափոխվի Երևան’ հարցին պատասխանում է. «Չէ, Գորիսում է ապրելու»: Թերթի աղբյուրը տեղեկացրել է նաև, որ դեպքի առավոտյան բոլոր մարզպետները մեկ մարդու նման գնացել են Գորիս’ Սուրիկ Խաչատրյանին «մարդկայնորեն աջակցելու»: Տավուշի մարզպե՞տն էլ: «Ինքն էլ»: Իսկ մարզպետաց մարզպետը’ Արմեն Գևորգյա՞նը: «Արմեն Գևորգյանից Սուրիկ Խաչատրյանն ամենաշատն էր շնորհակալ. ասում էր’ տղավարի կանգնել է կողքս»:

Ի դեպ հիշեցնենք. երբ 2008-ին անչափահաս երեխայի ծեծելու առնչությամբ Տիգրան Սարգսյանը ծառայողական քննություն էր նշանակել Խաչատրյանի նկատմամբ, Արմեն Գևորգյանը՝ կրկին «տղավարի», «մարզպետի կողքին էր կանգնել»: Ի՞նչն էր նրան ամենից շատ անհանգստացնում: «Որդու վիճակը… ասում էր’ հավայի տեղը սենց դաժան պատմություն եղավ. Սերժին էլ էնտեղ կրակի մեջ գցեցի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում