Գողականի հաղթանակը

«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. «Սահուն քայլերով, աննշմար՝ գողականը մտնում է մեր կյանք: Այն արդեն ամենուր է՝ բանակում, գործադիր և ընտրովի մարմիններում, ընտանիքներում, անգամ գիտական շրջանակներում և կրթական օջախներում: Երբ զինծառայողներն իրենց վեճն ավարտում են միմյանց վրա, այսպես ասած, «քֆուր դնելով» (կներեք գողական լեքսիկոնի համար), և դա ավարտվում է ողբերգությամբ: Երբ պատգամավորներն իրար «թասիբի են գցում», թե ով ավելի շատ կբացակայի նիստերից, ու «իրան բան ասող չի լինի»:

Երբ պետական պաշտոնյան, իր ծանր աշխատանքը կատարելու փոխարեն, հիմնավորապես «նստում» է «Ֆեյսբուքում», ապա, հազարավոր քննադատություններից հետո, մի քանի օրվա բացակայության ժամանակ գրում. «Այս օրերին իմ բացակայությունները ՖԲ-ում խնդրում եմ համարեք հարգելի: Խոստանում եմ սահմանված կարգով ապագայում լրացնել դրանք»: Երբ ցանկացած վիճաբանություն կարգավորելու համար մարդիկ զենք են վերցնում ձեռքները: Երբ… դեպքերը շատ են, թվարկեք ինքներդ:

Կնշանակի՝ երկրում գողական մթնոլորտ է ձևավորվել, և գողական աշխարհում ընդունված կանոնները հիմնավորապես մտել են մեր կյանք: Իրենք՝ պաշտոնյաներն են ստեղծել այս վիճակը և ամեն օր խրախուսում են այն: Եթե գողական պահվածքով անձը շարունակում է պաշտոնավարել, և դա արդեն գրեթե նույնացվել է տղամարդկային պահվածքի հետ, ապա դրան ընդօրինակողների պակաս մեզանում չի լինելու:

Հակառակը՝ այլ կերպ ապրողները դառնալու են «չմոներ», որոնց բոլորը ծաղրում են ու մերժում: Եթե որևէ պետական պաշտոնյա իր կատարած լկտիության, գողական պահվածքի, ցինիզմի ցանկացած դրսևորման համար պատժվեր, մեզանում բոլորովին ուրիշ վիճակ կլիներ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում