Գուրգեն Մահարի․ Վերադարձ
03/06/2019 18:41
Նմանատիպ
Ծիծեռնակներն եկան աշխարհներից հեռու,
Ճամփաներով երկար, ճամփաներով անտես,
Ծիծեռնակներն եկան ճիչով և երգերով,
Իմ աշխարհում բացին երգի, գարնան հանդես:
Եկան ծիձեռնակներն, թևին տվին, իջան
Կտուրներին ծանոթ ու ծառերին,
Ավերել էր ոմանց բույները հողմը չար,
Ոմանք էլ չգտան իրենց տները հին:
Ու թռչում են նրանք, կանչում տագնապահար,
Որոնում են հարմար նոր քիվեր ու սարքեր,
Ու կրում են սեզեր ու հյուսում են համառ
Օթևաններն իրենց անձեռակերտ:
Ու հնչում է նրանց երգը զվարթ, վառման,
Հյուսում են բույները մամուռից ու երգից…
– Ծիծեռնակնե՛րն եկան, կարապետնե՛ր գարնան,
Հեռու աշխարհներից վերադարձան երկիր…