Փոխնախարարը կասկածվել է յուրացման մեջ

Նախօրեին աշխատանքից ազատված սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանի փոխարեն երեկ նշանակվել է Նազարեթ Մնացականյանը։ Վերջինս ՀՀ ԱԺ հանրապետական պատգամավոր, Թալինի նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանի եղբայրն է և մինչև 2011 թվականի նոյեմբերը զբաղեցնում էր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի պաշտոնը։

Նոյեմբերի սկզբին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նա ազատվեց պաշտոնից։ Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների՝ Նազարեթ Մնացականյանը, 4-րդ վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Բերեզովսկին և ԿՀԴՊԳՎ պետ Գագիկ Ավետիսյանը կասկածվում էին խոշոր չափերի յուրացման մեջ։

Թե ինչպես է Մնացականյանը նորից հարթել իր ճանապարհը և ուժային ոլորտից կտրուկ անցում կատարել սպորտի նախարարություն, «Հրապարակ»-ին չի հաջողվել պարզել:

Փոխարենը թերթը խոսել է եղբոր՝ պատգամավոր Մնացական Մնացականյանի հետ, ով վստահեցրել է, թե ինքը չի միջամտել եղբոր առաջընթացին: Արդյո՞ք պատգամավորի համար անակնկալ չէր, որ եղբայրը ուժային կառույցից մեծ ցատկ արեց դեպի սպորտի ոլորտ: «Կապ ունե՞ր սպորտի հետ»,- հարցրել է պատգամավոր եղբորը: «Երևի ունեցել է, էլի, որ նշանակեցին»,- մեզնից ավելի անտեղյակ՝ պատասխանել է թալինցի պատգամավորը:

Շարունակությունը կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում