Օտարասեր և ողորմած լինելու մասին
Նմանատիպ
Երանելի Հովհան Ողորմածը` Ալեքսանդրիայի հայրապետը, Կիպրոս կղզուց էր և որդին էր Կիպրոսի Եպիփան եպիսկոպոսապետի`ոչ Առաջինի, այլ մեկ ուրիշ Եպիփանի: Եվ երբ չափահաս դարձավ, հայրը նրան ամուսնացրեց: Սա զավակներ ունեցավ և անչափ խաղաղարար էր, բարի, հեզ և քաղցրաբարո, ողորմած, որի համար էլ Ողորմած անվանվեց: Մի օր մահացավ նրա կինը:
Եվ լսեց Հերակլես բարեպաշտ թագավորը նրա աստվածահաճո վարքի մասին և հրամայեց Ալեքսանդրիայի պատրիարք ձեռնադրել Հովհաննեսին: Նա, նախքան գահակալելը, տեսիլքի մեջ տեսավ ողորմածությունը` հարսի պես զարդարված՝ ձեռքին ձիթենու պտղալից ճյուղ, և Հովհաննեսին ասաց.
«Ես Թագավորի դուստրն եմ և իմ հոր մոտ համարձակություն ունեմ, և առանց ինձ ոչ ոք չի կարող մտնել և տեսնել նրան: Եթե ինձ բարեկամ համարես, ես քեզ սիրելի կդարձնեմ իմ թագավոր հորը, և երբ կամենաս, կմտցնեմ քեզ նրա մոտ, և մշտապես կտեսնես նրան»:
Եվ արթնանալով` հասկացավ, որ իր տեսած հարսը ողորմածությունն էր: Եվ երբ գահակալեց, այն ժամանակ պատվիրեց անհապաղ հավաքել քաղաքի աղքատներին:
Գտան յոթ հազար անձանց, որոնց ցուցակագրեց հայրապետական կոնդակի մեջ, և կերակրում ու հագցնում էր նրանց, և եթե նրանցից մեկը մեռնում էր, նրա փոխարեն մեկ ուրիշ աղքատի էր ներառում, և յոթ հազարի թիվը չնվազեցրեց, որքան ապրեց աշխարհում: Եվ այլևայլ ողորմածություններն ու արդարությունը, որ անում էր Հովհաննես Ողորմածը, գրված են նրա ամբողջական և ավարտուն վարքագրության մեջ:
Եվ այսպես էր դիմում Հովհաննեսն Աստծուն` Դու տո՛ւր, իսկ ես բաշխեմ, և վերջինը չլինեմ քո պարգևների բաշխման մեջ, որովհետև առավել նրանց է տալիս Տերը և առատորեն լցնում է բարությամբ, ովքեր առատորեն և առանց խնայելու են տալիս տրված պարգևները, քանզի Տերն ինքն առատապարգև է և սիրում է առատորեն ողորմություն անողներին:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 201
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում