Աղոթք
Նմանատիպ
Անգործություն
Սուրբ Գրիգոր Նազիանզացին մի առիթով Սուրբ Բարսեղ Կեսարացուն ասել է. «Ինձ համար ամենամեծ գործը անգործությունն է»: Այս անգործությունը չի նշանակում պարապություն, սա առաջին հերթին մարմնական անգործությամբ մտքի և սրտի անընդհատ գործելն է և բարձրանալը դեպի Աստված: Ամեն մեղք, որը մարդու բարոյականության պարտությունն է, սկսվում է մտքից և սրտից: Եվ Ավետարանն էլ մտքով շնանալը համարժեք է համարում մարմնով շնանալուն (Մատթ. 5.28): Մինչդեռ յուրաքանչյուր հաղթանակ առաջին հերթին մարդկային մտքի և սրտի հաղթանակն է: Այսօր բոլորս էլ ցանկանում ենք խաղաղ և երջանիկ կյանք ունենալ: Հետևաբար, հենց դրա համար էլ պետք է մեր սրտերն ու մտքերը բարձրացնենք առ Աստված, պետք է որ մենք էլ ժամանակ առ ժամանակ տարվենք այս ամենամեծ գործով, որը Սուրբ Գրիգոր Աստվածաբանը կոչում է անգործություն:
Աղոթելու համար
Երբեմն մենք այնպիսի հոգեվիճակ ենք ունենում, որ դժվարանում ենք նույնիսկ աղոթել: Սաղմոսներն իրենց մեջ այնպիսի ուժ ունեն, որ Եկեղեցու Հայրերը խորհուրդ են տալիս նրանց, ովքեր դժվարանում են աղոթել, սաղմոսներ ընթերցել. այդ ընթերցումն աղոթքի տրամադրություն և հոգևոր խաղաղություն է բերում:
Ամենայն ժամ աղոթեցեք (Ղուկ. 21.36)
Ինչպե՞ս կարող ենք Քրիստոսի պատվերի համաձայն ամենայն ժամ աղոթել: Մարդկային ջերմ աղոթքը նաև սեր է Աստծո հանդեպ, և սերը երբեմն նման է ջութակի: Մեղեդին կարող է ժամանակ առ ժամանակ դադարել, սակայն լարերը միշտ էլ մնում են: Եվ այս համեմատությամբ եթե չենք կարող անդադար աղոթել, գոնե մեր սիրտը պետք է լցված լինի Աստծո հանդեպ ձգտումով, և մարդկային հոգուց սրտի լարերի օգնությամբ մտքերի և զգացումների ձևով առ Աստված բարձրացող երաժշտությունն է, որ կոչվում է աղոթք:
Ինչո՞ւ աղոթենք
Ինչո՞ւ պետք է աղոթենք Աստծուն, եթե Աստված ամենագետ է և միշտ գիտի, թե մենք ինչ ենք ուզում: Նույնպես նաև երեկոյան ժամերգության աղոթքի մեջ է ասվում. «Զի դու, Տէ՛ր ամենակալ, գիտես զպէտս մեր եւ զկարիս` առաւել քան զոր խնդրեմք և իմանամք», այսինքն` մեր կարիքներն ու պետքերը ավելի լավ գիտես, քան մենք գիտենք և իմանում ենք: Եթե Աստված պատվիրում է աղոթել, ապա ոչ թե նրա համար, որ կարիքը ունի մեր հիշեցման, այլ որպեսզի իմանանք, որ միայն Նրա օգնությամբ ենք ամեն ինչ անում և որպեսզի անընդհատ աղոթքով Նրան հաճելի լինենք: Աղոթելը պետք է, որ անդադար աղոթքով հիշենք մեր մեղքերը, հաշտվենք Աստծո հետ և միանանք Նրան:
Աղոթքի անպատասխան մնալու մասին
Սուրբ Հակոբը պատանի հասակից ապրել է ճգնությամբ և իր սրբակենցաղ կյանքի համար Աստծուց ստացել է մարգարեության, հրաշագործության և այլ շնորհներ: Նա ինչ որ Աստծուց խնդրել է, դա անմիջապես տրվել է նրան: Մենք ինքներս էլ երբեմն ցանկանում ենք, որ այդպիսի մեծ կարողություն ունենանք, և մարդկանցից շատերն ուզում են, որ իրենց երազանքներն ու ցանկություններն անմիջապես կատարվեն: Սակայն մենք երբեմն ինքներս էլ չենք գիտակցում, թե որն է մեզ օգուտ և որը՝ վնաս: Մի ցանկալի բան, ըստ մեր մարդկային հայացքի, թվում է, թե ուրախություն և թեթևություն կբերի մեր կյանքի մեջ, բայց հնարավոր հետևանքների մասին մենք ճշգրտությամբ երբեք չենք կարող իմանալ: Եվ Ամենատես Աստված, իմանալով, թե որն է մեզ օգուտ և որը` վնաս, երբեմն չի պատասխանում մեր խնդրանքներին մեր օգտի համար, ճիշտ այնպես, ինչպես որ բժիշկը ուշադրություն չի դարձնում հիվանդի ցանկություններին, այլ ամեն ինչ անում է նրան բուժելու համար` շատ հաճախ նույնիսկ դառը դեղ տալով: Եթե մենք բոլորս մեր ներկայիս հոգեվիճակով այնպիսի կարողություն ունենայինք, ինչպիսին որ ուներ Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետը, ապա մեր ցանկությունների անհապաղ իրագործմամբ հաճախ կվնասեինք և՛ ինքներս մեզ, և՛ մեր շրջապատին: Մինչդեռ Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետն իր սրբակենցաղությամբ վեր էր այս ամենից:
Մեզ բոլորիս համար այս առնչությամբ շատ օգտակար կլինի մեր Եկեղեցու մեծագույն սրբերից մեկի` Սուրբ Ստեփանոս Սյունեցու խրատը. «Խնդրեցեք այն փնտրելին, որը ձեզ պետք է գտնել», այսինքն` միայն այնպես, ինչպես հաճելի է Աստծուն: Իսկ թե ինչպես է հաճելի Աստծուն, մեզ բոլորիս սովորեցրել է Քրիստոս` ասելով. «Նախ խնդրեցեք Աստծու արքայությունը և Նրա արդարությունը, և մնացած ամեն ինչ Աստված ձեզ ավելիով կտա» (Մատթ. 6.33):
Մեծ զորություն
Քրիստոս աղոթքի մասին ասաց. «Ինչ որ ուզեք Իմ անունով, այն կանեմ» (Հովհ. 14.13): Նաև ասաց. «Մինչև հիմա Իմ անունով ոչինչ չխնդրեցիք. խնդրեցե՛ք և պիտի ստանաք, որպեսզի ձեր ուրախությունը լիակատար լինի» (Հովհ. 16.24): Հետևաբար, բացի աղոթքից մեծ զորություն ունի նաև Քրիստոսի անունը: Այս առումով շատ հետաքրքրական է Հին Կտակարանից ամաղեկացիների դեմ հրեաների պատերազմի պատմությունը, երբ Մովսեսը լեռան վրա ձեռքերը տարածած աղոթում էր, իսկ Հեսուն, որի անունը հունարեն Հիսուս ձևի եբրայական Հեսու ձևն է, գլխավորում էր բանակը: Սրա վերաբերյալ Հուստինոս Փիլիսոփան ասում է, որ իսրայելցիները հաղթեցին ոչ միայն նրա համար, որ Մովսեսը աղոթում էր, այլև նրա համար, որ Մովսեսը խաչի նշանն էր անում, իսկ բանակի առջևում Հիսուսի անունն էր:
Հանուն առաքինության
Հավատացյալները մեկ կարևոր նրբություն պետք է իմանան` առաջին հերթին չպետք է առաքինություն գործել ինչ-որ նպատակի հասնելու համար: Օրինակ` չպետք է այն ակնկալիքով ողորմություն կամ բարերարություն անես, որպեսզի հետագայում քո արած բարիքին իբրև վարձատրություն Աստծո օրհնությամբ քո գործերն ու կյանքը ավելի հաջող լինեն: Չպետք է եկեղեցի գնաս և աղոթես առաջին հերթին այն մտադրությամբ, որ քո անձնական ցանկություններն իրականանան: Դու վիրավորում ես առաքինությունը, եթե չես անում հանուն առաքինության: Ճիշտ նույն կերպ մենք էլ ենք վիրավորվում, երբ մեզ սիրում են ոչ թե մեզ համար, այլ հանուն ուրիշների: Սա նշանակում է, որ առաքինությունը չպետք է դարձնենք միջոց մեր անձնական նպատակների համար, այլ պետք է ապրել հենց նպատակ ունենալով առաքինությունը, իսկ մնացած ամեն ինչը կլինի առաքինության արդյունքը:
Տեր Ադամ քհն. Մակարյան
«Քրիստոնեության իսկությունը» գրքից
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում