Ավետիք Իսահակյան․ Բինգյոլ

Ավետիք Իսահակյան․ Բինգյոլ

Շընկշընկալով հովն է փչում
Զով Բինգյոլի լանջերից.
Գոչգոչալով ուղխն է վազում
Խոր Բինգյոլի ձորերից:
Հորուտ – Մորուտն ծաղկանց ծովում
Բուրում է բույր ու երգեր.
Շուխիկ – հուրին լըճի ծոցում
Լողանում է անընկեր:
Հրեշտակը երկրի կյանքից
Դյութված, ապշած լիուլի,
Վայր է ընկնում աստղոտ երկնից –
Ընկնում գիրկը Բինգյոլի:
Փերուզ – երկինքն հըրեշտակին
Կարեկցում է, ցավակցում. –
– ‹‹Ա՜խ, ափսո՜ս քո անմահ կյանքին,
Որ չըփայլեց դրախտում…››
Բյուրեղ լըճից ցողն է ելնում
Ծիածանի ժըպիտով.
Ծաղիկների ջինջ բողբոջում
Հանգ է առնում շողալով:
Զմրուխտ – երկիրն հրեշտակին
Ողջունում է, փաղաքշում.
– ‹‹Ա՜խ, երնե՜կ քո մատաղ կյանքին,
Որ պիտ ծաղկի Բինգյոլում››:
Վառ անուրջում ուղխն է մնչում,
Ծփում են սեզ ու արոտ,
Բլբուլների հույլքն է շնչում,
Շնչում է սեր ու կարոտ:
Անո՜ւշ – անո՜ւշ հովն է փչում
Զով Բինգյոլի լանջերից,
Ոլոր – մոլոր ուղխն է փախչում
Խոր Բինգյոլի ձորերից…

1893
Վիեննա

Հետևեք մեզ նաև Telegram-ում