Արթնության և սթափության մասին
Նմանատիպ
1. Որպես ապացույց, որ մարդն Աստծուն և Նրա Քրիստոսին չի սիրում, այն է, որ նա չի պահում Նրա պատվիրանները (Անտոն Անապատական):
2. Քո մեղքերի համար անդադար վշտացիր, որպես թե քո տանը հանգուցյալ ունես (Անտոն Անապատական):
3. Վախեցիր Աստծո հանդեպ ունեցած սիրո սառելուց (Անտոն Անապատական):
4. Անցողիկ բաների պատճառով ետ մի կանգնիր Տիրոջից, այլ հիշիր, թե ինչ խոստացար դու այն ժամանակ, երբ դեռ բոցավառված էր քո մեջ Աստծուն հաճոյանալու ձգտման ջերմությունը (Անտոն Անապատական):
5. Օրինակ մի վերցրու նրանցից, ովքեր թույլ են քեզանից, այլ նրանցից, ովքեր կատարյալ են քեզանից (Անտոն Անապատական):
6. Թող քեզ համար որպես օրինակ լինեն նրանք, ովքեր սիրեցին Տիրոջն իրենց ամբողջ սրտով և միշտ հակված են բարի գործերի: Մի ամաչիր նրանցից խնդրել հոգևոր կյանքի ուսուցում (Անտոն Անապատական):
7. Եկեղեցում մի զբաղվիր քո մեռելի թաղմամբ, այսինքն՝ մի զբաղվիր քո կենցաղային գործերի մասին խորհելով (Անտոն Անապատական):
8. Հոգին կարող է հակառակվել մեղքին, բայց առանց Աստծո չի կարող հաղթել կամ արմատախիլ անել այն (Մակար Մեծ):
9. Մերկ ենք եկել աշխարհ, օ՜, եթե միայն այս կյանքից էլ դուրս ելնենք մեղքերից մերկացած (Բարսեղ Մեծ):
10. Տևական հիվանդությունները բժշկվում են մեծ ջանքերով միայն, հարատև ջանք գործադրելով, նույն բանը կարելի է ասել նաև մեղավոր սովորությունների համար (Բարսեղ Մեծ):
11. Պետք է ապրեք այնպես, որ անցյալը երբեք ավելի լավ չլինի ապագայից կամ ներկայից (Բարսեղ Մեծ):
12. Եթե քո մեջ կա մաքրություն, անկրքություն և օտարություն չարից, ապա անկասկած քո մեջ Աստված կա (Գրիգոր Նյուսացի):
13. Ինչպես կրակը փայտ է պահանջում, այնպես էլ Տիրոջ շնորհը՝ մեր ջանքերը, որպեսզի այն բոցավառվի (Հովհան Ոսկեբերան):
14. Բարի խրատներն ու քարոզն անօգուտ են, եթե Սուրբ Հոգին չդիպչի լսողի սրտին (Հովհան Ոսկեբերան):
15. Աստծուն այնքան չեն բարկացնում մեր կատարած մեղքերը, որքան մեր չուղղվելու ցանկությունը, վաղվան մի թող այն, վաղը երբեք վերջ չունի (Հովհան Ոսկեբերան):
16. Չկա ավելի քաղցր բան, քան Աստծո հանդեպ ունեցած տխրությունը (Հովհան Ոսկեբերան):
17. Նրանք, ովքեր արհամարհեցին դժոխքը, չեն խուսափի դժոխքից: Իսկ հիշողությունը դժոխքի մասին չի թողնի, որ մենք ընկնենք դժոխք (Հովհան Ոսկեբերան):
18. Ովքեր մեղք գործելով այստեղ չեն պատժվում ամենադժբախտ մարդիկ են (Հովհան Ոսկեբերան):
19. Եթե դու ասում ես, որ Աստված մարդասեր է և այդ պատճառով էլ չի պատժի, ուրեմն քո կարծիքով այնպես է ստացվում, որ եթե Նա պատժի՝ ուրեմն մարդասեր չէ (Հովհան Ոսկեբերան):
20. Ձեռք բեր անարատություն, որպեսզի Սուրբ Հոգին բնակվի քո մեջ (Եփրեմ Ասորի):
21. Հաճելի լինել Աստծուն՝ ահա քո երանությունը: Լինել Նրա հետ միասին՝ ահա քո կոչումը և քո գործերի սկզբունքը (Եփրեմ Ասորի):
22. Յուրաքանչյուր քայլ, որ անում ենք այս կյանքի ճանապարհին, մի քայլ է, որ մեզ մոտեցնում է մեր վերջին քայլին (Եփրեմ Ասորի):
23. Չգիտե՞ ք արդյոք, որ մենք ճյուղերն ենք ճշմարիտ Որթատունկի, որը մեր Տերն է: Տեսեք, որ մեզանից որևէ մեկն անպտուղ չգտնվի: Ճշմարտության Հայրը մշակելով խաղողի այգին՝ սիրով խնամում է նրանց, ովքեր պտղաբերում են, որպեսզի էլ ավելի պտղաբեր դառնան, իսկ ով չի պտղաբերում, նրանց կտրում և դուրս է նետում այգուց, դեպի անշեջ հուրը: Ուշադիր եղեք ձեր հանդեպ, չլինի անպտուղ գտնվելով կտրվեք և կրակը գցվեք (Եփրեմ Ասորի):
24. Մեծ է մահվան ժամի երկյուղը, երբ հոգին բաժանվում է մարմնից, որովհետև այդ բաժանման ժամին հոգու առջև կանգնում են իր գործերը՝ բարի և չար, որոնք արվել են իր կողմից զորուգիշեր: Ահով նայելով իր գործերին, ասում է նրանց՝ հեռացե՛ք, թո՛ւյլ տվեք ինձ դուրս գալ: Իսկ գործերը բոլորը միասին ասում են՝ դո՛ւ ես մեզ գործել, քեզ հետ մենք կգնանք Աստծո դատաստանին (Եփրեմ Ասորի):
25. Ով հույս է դնում իր ամրության վրա` նա կընկնի, իսկ ով խոնարհեցնում է իրեն՝ նա կբարձրանա (Եվագր Պոնտացի):
26. Փրկության սկիզբը ինքնադիմադրումն է (Եվագր Պոնտացի):
27. Չասել ճշմարտությունը, նշանակում է ոսկին հողի մեջ թաղել (Եվագր Պոնտացի):
28. Վա՛յ այն հոգուն, որ չի ցանկանում փախչել մեղքերից (Աբբա Փաղաքիա):
29. Տիրոջ շնորհներն իրենք իրենց են գալիս, եթե նրանց տեղը՝ այսինքն սիրտը, մաքուր է ամեն տեսակի պղծություններից (Աբբա Եսայի):
30. Այնպես ապրիր, կարծես թե ապրածդ օրը վերջինն է, ու Աստծո առջև մեղք չես գործի (Աբբա Եսայի):
31. Խաչը վերցնելը բովանդակվում է ամեն տեսակի մեղքերից հրաժարվելով (Աբբա Եսայի):
32. Չնչին մոլությունը կարող է քանդել ամբողջ առաքինության շենքը (Աբբա Եսայի):
33. Ամեն առավոտ, երբ արթնանում ես քնից, խորհիր այն մասին, որ Աստծո առջև պատասխան պետք է տաս բոլոր քո արարքների համար և էլ մեղք չես գործի Նրա առջև, ու Աստծո վախը կբնակվի քո մեջ (Աբբա Եսայի):
34. Պահիր քեզ ճշմարտապես՝ ինքդ քեզ քաջալերելով և հավատալով, թե Քրիստոս մեզ համար մեռավ և հարություն առավ, որպեսզի տիրի առհասարակ ողջերին և մեռյալներին: Եվ Իր արյամբ գնեց մեզ, որպեսզի քեզ համար չապրես, այլ Նրա կատարյալ ծառան լինես: Ուրեմն որքան կարող ես, խեղդիր քո սրտի մեջ եղած անհավատությունը: Ինչպես հեզ անասունն անսխալ լսում է տիրոջը, այնպես էլ պարտավոր ես դու լինել Աստծո առաջ: Եվ որքան կարող ես, սպանի՛ր մարդկային աղտերը քո մեջ ու ամեն տեսակ հեշտություն՝ բնավ քո անձի մեջ չունենալով երկրային կամք և ցանկություն, այլ հարաժամ Աստծո հետ լինել և Նրա պատվիրանները պահել (Հայր Սրապիոն):
35. Մի կարծիր, թե առաքինություն կստանաս, եթե մարմնով և արյամբ Նրա համար չճակատամարտես: Քանզի ըստ Աստվածային Առաքյալի, պետք է մինչ ի մահ փութով հակառակվել մեղքերին (Նեղոս Սինայեցի):
36. Հեռու չէ հունձքի ժամը, մաքրենք որոմից մեր հոգու արտը (Նեղոս Սինայեցի):
37. Երբ մեկն ընկնի որևէ մեղքի մեջ և չտրտմի դրան համապատասխան, ապա նորից հեշտությամբ կընկնի նույն ցանցի մեջ (Մարկոս Ճգնավոր):
38. Ոչ ոք այնքան ողորմած ու բարի չէ, ինչպես Աստված, բայց չզղջացողին Նա չի ներում (Մարկոս Ճգնավոր):
39. Չափազանց արագահոս է մեր կյանքը, բայց նրանում կամ կորցնում կամ ձեռք են բերում Հավիտենական Կյանքը (Բարդուղիմեոս Մեծ):
40. Ներկայացրու Տիրոջը քո բնական տկարությունները՝ խոստովանելով քո անկարողությունը, և անշոշափելի կերպով կստանաս Նրանից ողջախոհություն (Հովհաննես Սանդուղք):
41. Երբ անձը, ինքն իրեն դավաճանելով կորստյան է մատնում երանելի և բաղձալի ջերմությունը, այնժամ թող քննի մանրակրկիտ ձևով, որպեսզի տեսնի, թե ինչ պատճառով զրկվեց դրանից: Եվ այդ պատճառի վերացման վրա թող կենտրոնացնի իր ամբողջ ջանքը և իր բոլոր ունակությունները, քանի որ նախկին ջերմությունը հնարավոր չէ ուրիշ կերպ հետ բերել, եթե ոչ այն դռներով, որոնցով այն դուրս է եկել (Հովհաննես Սանդուղք):
42. Ավելի լավ է վիրավորել ծնողներին, քան Տիրոջը, որովհետև Նա և՛ ստեղծել է մեզ, և՛ փրկել: Իսկ ծնողները հաճախ կորստյան և հավիտենական տանջանքների են մատնել իրենց սիրելիներին (Հովհաննես Սանդուղք):
43. Տեսել եմ ես երկու մարդու, որոնք գաղտնաբար հետևում էին վանականներին և ականջ դնում սրտից բխած նրանց զղջման հոգոցներին, բայց մեկը հետևում էր նրանց նմանվելու համար, իսկ մյուսը նրա համար, որպեսզի հարմար պահի լուտանքներ թափելով՝ հրապարակի այդ բանը և Աստծո ծառային հեռացնի բարի ջանքերից (Հովհաննես Սանդուղք):
44. Թող խիղճդ քեզ հնազանդության հայելի լինի, և դա քեզ բավական է (Հովհաննես Սանդուղք):
45. Ինչպես չի կարող սոված մարդը չհիշել հացի մասին, այնպես էլ հնարավոր չէ փրկվել առանց հիշելու դժոխքը, մահը և վերջին դատաստանը (Հովհաննես Սանդուղք):
46. Վախեցիր այն ահավոր օրից ու ժամից, երբ քեզ ոչ ոք չի կարող պաշտպանել՝ ո՛չ եղբայրդ, ո՛չ հարազատդ, ո՛չ փառքդ, ո՛չ հարստությունդ ու իշխանությունդ, այլ կլինի միայն մարդը ու իր կատարած գործերը (Հովհաննես Սանդուղք):
47. Տեր, թույլ տուր ճանաչեմ Քեզ, ճանաչեմ նաև ինձ: Քեզ ճանաչեմ՝ սիրելու համար, ինձ ճանաչեմ՝ արհամարհելու համար (Երանելի Օգոստինոս):
48. Խավարն աներևույթ է լինում լույսից և առավել ևս՝ բազում լույսից, անգիտությունն աներևույթ է լինում գիտությունից և առավել ևս՝ ավելի մեծ գիտությունից (Դիոնիսիոս Արիսպագացի):
49. Տեսե՛ք, սիրելինե՛ր, որպեսզի Նրա այսքան շատ բարեգործությունները մեզ համար դատապարտություն չդառնան, եթե մենք Իրեն արժանի եղանակով չկենցաղավարենք և համերաշխությամբ չգործենք այն, ինչը բարի և հաճելի է Իր առջև (Կղեմես Հռոմեացի):
50. Որդյակներս, աղաչում եմ ձեզ, խորհեք ձեր մեջ և շտկվեք ձեր սրտերով և մտքերով՝ Տիրոջը հաճո լինելու համար: Թեկուզ և մենք թաքնվել ենք շատ մարդկանցից և ինքներս մեզ արդար ենք համարում, բայց Աստծուց ոչինչ չես թաքցնի: Դրա համար ջանացեք ամենայն փութաջանությամբ պահպանել հոգու սրբություն և մարմնի մաքրություն: Քանի որ այսպես է ասում աստվածային առաքյալ Պողոսը. «Չգիտե՞ ք, որ Աստծու տաճար եք դուք, և Աստծո Հոգին է բնակվում ձեր մեջ: Եթե մեկն Աստծո տաճարն ապականի, Աստված էլ նրան պիտի ապականի, որովհետև սուրբ է Աստծու տաճարը, որը դուք եք» (Ա Կորնթ. 3:16-17 ) (Նիկողայոս Սքանչելագործ) :
51. Հարց. – Ներկայումս շատ են սրբերը ողջ աշխարհում, այդպես կլինի՞ արդյոք նաև աշխարհի վերջում:
Երանելին պատասխանեց. – «Որդյակ իմ, մինչ աշխարհի վերջը չեն նվազի մեր Տեր Աստծու մարգարեները, ինչպես և սատանայի ծառաները: Ընդ որում, վերջին ժամանակներս նրանք, ովքեր ճշմարտապես պետք է աշխատեն Աստծու համար, հաջողությամբ պիտի թաքնվեն մարդկանցից և նրանց միջավայրում չեն կատարելու հրաշքներ և նշաններ, ինչպես այժմ է: Այլ կգնան խոնարհությամբ տարրալուծված գործերի ճանապարհով և Երկնային Արքայության մեջ կլինեն ավելի մեծ, քան հայրերը, որոնք նշաններով են փառավորվել: Այն ժամանակ ոչ ոք մարդկանց առաջ հրաշքներ չի գործի, որոնցից բոցավառվեն մարդիկ և մղվեն խիզախումների:
Աշխարհով մեկ քահանայության աթոռներն զբաղեցնողները պետք է անճարտար լինեն և չեն տիրապետելու առաքինություններ գործելու վարպետությանը: Այդպիսին են լինելու նաև ապագա միաբանները, որովհետև ամեն բան պիտի ստորադասվի որկրամոլությանն ու փառասիրությանը, և մարդկանց իբրև գայթակղություն պիտի հանդիսանան, քան թե օրինակ, ուստիև առաքինությունն առավել ևս պետք է արհամարհվի, արծաթսիրությունը պետք է թագավորի: Եվ վա՜յ ոսկով հարստացող միաբաններին, քանզի այդպիսիք պիտի անվանարկեն Տեր Աստծուն և պիտի չտեսնեն կենդանի Աստծո երեսը: Միաբան լինի թե աշխարհական, եթե իր ոսկին տալիս է վաշխով, եթե ետ չդառնա վաշխառությունից, պիտի նետվի տարտարոսը, քանզի աղքատներին բարեգործություն անելու միջոցով չկամեցավ ընծայաբերել իր ոսկին Աստծուն: Այդպիսով, որդյակ իմ, ինչպես մինչ այդ էի ասում, շատերը ցավագար լինելով, անտեղյակությամբ պիտի անդունդը նետվեն՝ մոլորվելով լայնարձակ ճամփաների մեջ» (Բարսիլիսկոս Մեծ):
52. Մարդ չպետք է վհատվի՝ տկար եմ ասելով, որովհետև շատ անգամ հաստատուն ծառերը խորտակվում և արմատախիլ են լինում, մինչդեռ դյուրաբեկ եղեգները փոթորկի դեմ հաստատուն են մնում (Ղևոնդ Ալիշան):
53. Հոգու սիրով զորացած՝ նահատակվենք առաքինության ասպարեզի վրա (Ղևոնդ Ալիշան):
54. «Դյուրություն՝ թուլություն», այսինքն՝ դյուրին բաները մեզ թուլության են առաջնորդում (Ղևոնդ Ալիշան):
55. Որտեղ շատ ներողամտություն կա` առաջադիմությունը քիչ է (Ղևոնդ Ալիշան):
56. Երանի՜ հոգով պարզերին, որովհետև պիտի անսպառ խաղաղություն վայելեն (Թովմաս Գեմբացի):
57. Հազվադեպ ենք հաղթահարում մեկ մոլություն: Չունենք ամեն օր առաջ ընթանալու եռանդ, և այսպես մնում ենք գաղջ և սառը (Թովմաս Գեմբացի):
58. Եթե ամեն տարի միայն մեկ մոլություն արմատախիլ անենք, շուտով կատարելության կհասնենք (Թովմաս Գեմբացի):
59. Սքեմը և հերակտրությունն այնքան օգտակար չեն, որքան կյանքը փոխելը: Ցանկություններն իսպառ մեռցնելն է կերտում ճշմարիտ կրոնավորին (Թովմաս Գեմբացի):
60. Նա, ով այլ բան է փնտրում, և ոչ թե Աստծուն ու իր հոգու փրկությունը, պիտի միայն վիշտ ու նեղություն կրի (Թովմաս Գեմբացի):
61. Երանի նրան, ով մերժում է այն ամենը, ինչը կարող է խիղճը արատավորել և ծանրացնել (Թովմաս Գեմբացի):
62. Մի վհատվիր, եղբայր, հոգևոր կյանքում առաջադիմելիս, դեռևս ժամանակ ունես: Ինչու՞ ես վաղվան թողնում առաջադրանքներդ: Վեր կաց և անմիջապես գործի անցիր՝ ասելով գործելու ժամանակն է, պայքարելու ժամանակն է, սթափվելու ժամանակն է: Երբ հառաչում ես, երբ տառապում ես, ուրեմն հասել է խորհելու ժամանակը (Թովմաս Գեմբացի):
63. Աշխատիր հատկապես խուսափել թերություններից և հաղթահարել այն թերությունները, որոնք ուրիշների մեջ բոլորից շատ են քեզ տհաճություն պատճառում (Թովմաս Գեմբացի):
64. Կենդանի թե մահամերձ, մնա Հիսուսի հետ, ապավինիր Նրա հավատարմությանը, միայն Նա կարող է քեզ օգնել, երբ լքվես բոլորի կողմից: Այսպիսին է քո սիրելին, չի սիրում, երբ մեկին Իր հետ բաժնեկից ես անում: Ուզում է, որ քո սիրտը միայն Իրենը լինի, և ինչպես գահի վրա՝ ուզում է թագավորել (Թովմաս Գեմբացի):
65. Շատ են այն մարդիկ, ովքեր սիրում են Հիսուսին, քանի դեռ վշտերի մեջ են: Շատ են այն մարդիկ, ովքեր գովում են Նրան, օրհնում են, քանի դեռ ստանում են Նրա մխիթարությունը: Բայց եթե Հիսուսը թաքնվի, որոշ ժամանակ լքի նրանց, կտրտմեն և խիստ կտրտմեն (Թովմաս Գեմբացի):
66. Ամոթ մի համարիր ուրիշներին ծառայելը և այս աշխարհում աղքատ երևալը: Հիսուս Քրիստոսի սիրո համար (Թովմաս Գեմբացի):
67. Հաճախ մենք մտածում ենք, որ սրբերի կյանքն անմատչելի և հեռու է մեզանից: Դրանով մենք սահմանափակում ենք մեզ: Մեր կեղծ խոնարհությամբ մենք համարում ենք, որ սրբությունը միայն ուրիշներին է հատուկ, մինչդեռ սրբակենցաղ կյանքը, հոգու մաքրագործումը յուրաքանչյուրիս պարտքն է (Հոգեշահ գրքերից):
68. Դե, ուրեմն, եկեք մաքրվենք, սիրելիներս, եկեք դուրս նետենք մեր սրտերից և կյանքից ամեն մեղք, ամեն աղտեղություն և անպետքություն: Եկեք խնդրենք Տիրոջը, որպեսզի Նա բաց անի և ցույց տա մեր սրտերում և մեր կյանքում այն ամենը, ինչը Նրան հաճելի չէ:
Մեր մեղքերը մատնանշելը Սուրբ Հոգու գործն է, իսկ մենք մեր կողմից պետք է Նրան տանք նման հնարավորություն և խնդրենք Տիրոջից զորություն, որպեսզի կարողանանք կարգի բերել այն ամենը, ինչ Աստված մեզ կմատնանշի: Նաև ուզում եմ ասել ձեզ, որ պետք չէ լինել խոշտանգված և ճնշված, երբ Տերը կսկսի Իր գործը և կմերկացնի այն ամենը, ինչը տրտմեցնում է Սուրբ Հոգուն, ընդհակառակը, մենք պետք է լինենք ուրախ և շնորհակալ Նրան՝ Իր ողորմության համար: Եվ այսպես, ով սրբվի, նա կդառնա աստվածահաճո անոթ, պատվի անոթ, անոթ՝ Աստծո փառքի համար: Տերն անպայման կօգտագործի այդպիսի անոթն Իր կամքի համար: Աշխարհն այսօր, հնարավոր է այնքան կարիք չունի քարոզիչների, ինչքան այն բանի, որ մեզանից յուրաքանչյուրը դառնա պիտանի անոթ՝ Աստծո ձեռքերում օգտագործման համար: Ես ուրիշ ելք չեմ տեսնում, սա է միակ փրկությունը մեզ համար, մեր ընտանիքների, մեր բարեկամների և ծանոթների, նաև մեր ազգի համար՝ այս վերջին օրերում: Օ՜, տա Աստված, որպեսզի այստեղ ձեր մեջ գտնվեն այնպիսի մարդիկ, որոնք ընդունեն այս բոլորն ամբողջ սրտով (քարոզիչ Էռլո Շտեգեն):
69. Այսպես է ասում չզղջացող մեղավորը. «Ես թեպետ Աստծո օրենքներին հակառակ ճամփաների մեջ եմ գտնվում, բայց հավատքի կողմից թերություն չունեմ. որովհետև հավատում եմ մեռելների հարությանը, Դատաստանին, Արքայությանը և Սուրբ Գրքի հայտնած բոլոր ճշմարտություններին: Գոնե անհավատության մեղք չեմ ավելացրել մյուս մեղքերիս վրա»: Դու քեզ ճշմարիտ հավատացյա՞ լ ես կարծում, ո՛վ մեղավոր, բայց քո գործերը քո մասին վկայում են, որ դու կա՛մ անհավատ ես, կամ հիմար (Տեր Գաբրիել քահանա):
70. Երբեմն մեղավորի ապահովության պատճառ է լինում իր արդարության վրա ունեցած վստահությունը: Նա իր պահքերին, ծոմերին, աղոթքներին, ողորմություններին և բարեգործություններին ապավինելով՝ հույս ունի երկինքը իբրև վարձ ընդունել՝ չգիտենալով, որ մեր անձի արդարության մասին մարգարեի բերանով Աստված այսպես ասաց. «Ձեր բոլոր արդարությունը դաշտանի լաթի պես է» (Տեր Գաբրիել քահանա):
71. Մեղավորի ապահովության պատճառներից մեկն էլ՝ հույսը միայն Աստծո վրա դնելն է, խորհելով, թե Աստված ողորմած լինելով կորստի չի մատնի իրեն, ինչպես հայրը գթած է իր զավակի հանդեպ: Բայց իմաստուն վարդապետի ասածի համեմատ. ՙԱստծո ողորմությունն ավելի շատ մարդ է դատապարտել դժոխքի, քան Նրա արդարությունը՚: Ուզում է ասել, թե որքան բազում են նրանք, որոնք առանց իրենց անձերն ուղղելու և Աստծու կամքի համեմատ ապրելու, միայն Աստծո վրա հույս դնելով՝ կորստյան մատնվեցին: Մինչդեռ շատերն Աստծո արդարությունից վախենալով՝ փրկության արժանի եղան (Տեր Գաբրիել քահանա):
72. Չէ՞ որ Քրիստոս՝ մեր Տերը տասներկու առաքյալներին էլ հայտնեց, թե իրենց անունները երկնքում Կենաց Գրքի մեջ գրված են, և թե դատաստանի օրը տասներկու աթոռների վրա պիտի նստեն՝ Իսրայելի տասներկու ցեղերը դատելու համար: Այս խոստումն Իսկարիովտացի Հուդային էլ էր պատկանում, բայց նա չարաչար կորսվեց ու դատապարտության որդի եղավ (Տեր Գաբրիել քահանա):
73. Տերը Պողոս Առաքյալին ցույց էր տվել այնպիսի ապահով մի վիճակ՝ կոչելով նրան «Ընտրյալ անոթ», և դեռ նրա մարմնի մեջ եղած ժամանակ հափշտակեց երրորդ երկինք՝ իր վայելքների փառքի գրավականը ցույց տալով նրան, բայց ինքը՝ առաքյալը, տակավին չվստահեց այս նշաններին և մեծ երկյուղի մեջ էր իր փրկության նկատմամբ.«Անձս ճնշում եմ, որ միգուցե, երբ ուրիշներին քարոզեմ՝ ես ինքս անպիտան գտնվեմ» (Ա Կորնթ. 9:27): Այսպես իրենց անձի փրկության համար Աստծուց հայտնություն ընդունող սրբերն անգամ միշտ վախի և անվստահության մեջ լինելով, գիշեր ու ցերեկ իրենց անձի փրկության համար էին աղոթում: Իսկ ի՞ նչ է նշանակում արդյոք մեր՝ այս մասին ունեցած անհոգությունն ու անտարբերությունը (Տեր Գաբրիել քահանա):
74. Սուրբ Գիրքը ամեն բանից ավելի մեր փրկության մասին նվազ ապահովության նշաններ է ցույց տալիս, ուրեմն՝ ամեն բանից ավելի սրա վրա մտածելու և հոգ անելու պատճառներ ունենք: Դժոխքն ու հավիտենականությունը այնպիսի վիճակ ունեն, որ եթե Աստված հրեշտակի կամ մի որևէ մարգարեի բերանով հայտնած լիներ, թե աշխարհի հազար միլիոն մարդկանց միջից միայն մի մարդ այնտեղ պիտի գնա ու դատապարտվի, դարձյալ մեր համար մեծ հոգս ու ցավ անելու պատճառ է այս, որ մի գուցե ես լինեմ այն մեկ հատիկ դատապարտելին: Բայց եթե ասված լիներ, թե այսքան բազմության միջից երկու կամ երեք մարդ պիտի դատապարտվեն, այս դատապարտյալների թվի համեմատ, իհարկե, ավելի մեծ պիտի լիներ մեր ցավն ու հոգսը: Բայց ի՜նչ ասեմ, երկու կամ երեք կամ չորս, հարյուր, հազար, տաս հազար, հարյուր հազար, միլիոն, թերևս մարդկանց բազմության կեսը կամ կեսից ավելին. ո՛չ, տակավին ավելի կարող ես առաջ գնալ: Այս ահռելի ճշմարտությունը հաստատեց մեր Տիրոջ անսուտ բերանը.ՙԿանչվածները շատ են, բայց ընտրվածները քիչ (Տեր Գաբրիել քահանա):
75. Բայց որովհետև մարդը մե՛կ անգամ պիտ մեռնի, մե՛կ անգամ դատվի, մե՛կ անգամ դատապարտվի և է՛լ փրկության հնար բնավ պիտի չլինի, և էլ չի լինի ճար ու ճարակ, և չի լինի վախճան տանջանքի. ՙՔանզի կրակը չի մարի, և որդը չի մեռնի՚. ուստի որչափ խրատեմ քեզ՝ քիչ է դարձյալ, և դու էլ քո կողմից որչափ զգուշություն անես՝ քիչ է դարձյալ: Դառնանք, ուրեմն, բոլոր սրտով առ Աստված, քանի որ Նա տակավին ողորմության և ոչ թե արդարության աթոռի վրա է նստած, որովհետև մեր դարձը հիմա ընդունելի կարող է լինել (Տեր Գաբրիել քահանա):
76. Հոժարությամբ ընտրենք խաչը. զորանանք փորձության դեմ և հաղթենք նրանց՝ Աստծո շնորհի օգնությամբ, այս տեսակ կյանքն է, որ թե՛ մահվան ժամանակ և թե՛ հավիտենականության մեջ անճառելի մխիթարությամբ պիտի լցնի մեզ (Տեր Գաբրիել քահանա):
77. Ջանացեք մտնել նեղ դռնով: Նայեցեք, օրինակ, ծառերին ու խոտերին, որոնք եթե ձյուն և անձրև չտեսնեն, չեն կարող պտղաբերել: Այդպես և մենք, որովհետև այս կյանքը ձմեռ է, եթե ճգնություն ու վիշտ չկրենք, չենք կարող մտնել Աստծո արքայությունը (Թեոփիլոս Եպիսկոպոս):
78. Ովքեր այս աշխարհում երբեք չեն դադարում մեղք գործելուց, մատնվում են Աստծո արդար դատաստանին ու երբեք զերծ չեն մնում տանջանքներից:«ՙՉենք կամենում ճանաչել քո ճանապարհները. ո՞ վ է Ամենակալը, որ ծառայենք Նրան», այսպիսի դառն ու դժնդակ պատասխան են տալիս նրանք, երբ որևէ մեկը խրատում է իրենց: Եվ այս ոչ միայն անհավատներն ու չարագործներն են, այլև բազում չար հավատացյալները՝ նրանք, ովքեր սոսկ հավատացյալի անունն են կրում, իսկ բարի գործերից հեռացած են: Սրանք թեպետ լեզվով հավատում են, սակայն սրտով հեռացած են և գործով ուրանում են Աստծուն: Ըստ այսմ. «Զուր են Ինձ պաշտում, լեզվով հավատում, իսկ սրտով հեռացած, մեկուսի են ինձանից» (Գրիգոր Տաթևացի):
79. Պետք է Նրանից հաջողություն խնդրել հավատի և գործերի մեջ, քանզի հավատը, հույսը և սերը Աստծո շնորհներն են. ինչպես և՝ խոհեմությունն ու արդարությունը՝ ամեն ինչում: Այս ամենը Աստծո պարգևներն են, որոնք ում կամենում՝ տալիս է և ովքեր խնդրում են, ստանում են: Աստվածային առաքինությունների մասին է ասված. «Եթե մեկը հաց խնդրի հորից, մի՞ թե նա քար կտա»: Հացը խորհրդանշում է հավատը, որ կյանքի պատճառ է, իսկ քարը՝ անհավատության: «Եվ եթե ձուկ խնդրի, մի՞ թե օձ կտա»: Ձուկը հույսն է, իսկ օձը՝ հուսահատությունը: «Եվ եթե ձու խնդրի, մի՞ թե կարիճ կտա». ձուն խորհրդանշում է սերը, որ բոլորաձև է ու կատարյալ, իսկ կարիճը՝ ատելությունը, որ խայթիչ է հոգու համար և ցավաբեր:
Նմանապես մարդկային առաքինությունների մասին Տերն ասում է. «Առանց Ինձ ոչինչ անել չեք կարող, քանզի Նա է, որ հաջողում է մեր մեջ կամենալն ու կատարելը» (Փիլիպ. 2:15) (Գրիգոր Տաթևացի):
80. Ովքեր ունեն Սուրբ Հոգու տաճար լինելու ցանկությունը և աստվածային սիրո բաղձանքը, նրանք սպասում են Աստծո Որդու գալստյանը և փափագում անմահ փառքը, միշտ խորհում վերինի մասին և հանապազ տենչում այնտեղի ուրախությունը, ուրանում, արհամարհում առօրեական բաները և օրըստօրե վեր բարձրանում ոչ միայն հավատքի ճշմարտությամբ, այլև՝ վարքի առաքինություններով, միշտ հսկում սրտի սրբությամբ և հանապազ պատրաստ լինում հոգիների անարատության համար. նաև ընթանում և ապրում են աշխարհում՝ ոչ ըստ այս աշխարհի հաճույքների, այլ ինչպես այլ աշխարհի օտարականներ, թափառականներ և մանուկներ, նեղվում ու մաշվում են բազում կարիքներից, բայց զորանում այն հույսով, թե «Ուր Ես եմ, այնտեղ և Իմ պաշտոնյան կլինի» (Հովհան. 12:26): Այսպիսին են հոգևորների պատիվները և աստվածասերների պարգևները (Հովհ. Մանդակունի):
81. Որքան զրկանք կրես, հոգնես, նեղվես և համբերես՝ այնքան անապական գանձ կպատրաստես քեզ համար երկնքում, իսկ եթե տրտնջում ես ու նեղսրտում՝ զուր ես աշխատում, անվարձ կմնաս (Եզնիկ Կողբացի):
82. Հուսահատների առաջնորդը Սադայելն է, որը ջանում է մարդկանց գցել հուսահատության մեջ, որպեսզի տանի նրանց դեպի անդառնալի հավիտենական կորուստ: Քանզի, եթե մեկը մեղանչի, հնարավոր է, որ զղջմամբ ետ դառնա և թողություն գտնի՝ հուսալով Աստծո ողորմությանը, իսկ ովքեր հուսահատվում են, հակառակվում են Աստծո ողորմությանը, դրա համար դևերի նման միշտ անզեղջ են մնում: Այդ իսկ պատճառով դևերը տեսնում են, թե որոնք են նեղության մեջ, և նրանց միտքն են գցում տեսակ-տեսակ հուսահատ մտածումներ, որոնք ո՛չ եղել են, ո՛չ կարող են լինել: Մտածել են տալիս նաև, որ հնարավոր է քեզ համար անհնարինը, և դրանով իսկ ծանր բեռներով բեռնավորվելու մտածումներով ընկճում են փորձվողների միտքը, որպեսզի անդարձ հուսաբեկ անեն: Այս պատճառով, հարկավոր է, որ ամենքը արթուն և զգաստ մնան, չանսան դևերի թելադրանքին, ապավինեն Աստծուն և արիաբար տոկան նեղությունների մեջ (Պողոս Պատրիարք):
83. Սակայն կատարյալ փրկությունն առանց առաքինի գործերի, ինքնըստինքյան չի լինում, քանզի՝ «Առանց գործերի հավատքը մեռած է» (Հակ. 2:26), ասում է առաքյալը, ինչպես գործերը՝ առանց հավատքի: Քանզի գրված է, թե դևերը ևս հավատում են: Եվ ոչ միայն հավատում են, այլ նաև՝ սարսափում, բայց ոչինչ չեն շահում առանց գործերի (Գրիգոր Նարեկացի):
84. Իզուր չէր նաև Քրիստոս ասում աշակերտներին. «Նրանով կճանաչեն ձեզ բոլորը, թե իմ աշակերտներն եք, երբ միմյանց սիրեք» (Հովհ. 15:35): Չասաց թե՝ «Ինձ աշակերտելու նշանն այն է, երբ հիվանդներին եք բժշկում, կամ՝ դևեր հանում, կամ՝ մեռելներին հարություն տալիս, կամ՝ լեռներ տեղաշարժում՚, այլ՝ՙ երբ սիրում եք միմյանց»: Քանզի գիտեր, թե երբ ճշմարիտ սիրով սիրում են Աստծուն և ընկերոջը, դրա հետ նաև պատվիրաններն են կատարում (Գրիգոր Նարեկացի):
85. Եվ ա՛յս է, որ ասում է Որոտման Որդին, թե՝«Ամեն ոք, ով ատում է իր եղբորը, մարդասպան է» (Ա.Հովհ. 3:15), քանզի թեպետ մարմնով չսպանեց, սակայն կամքով ու հոժարությամբ սպանեց: Եվ այս կես սպանություն է: Քանի որ մարդ հոգի է և մարմին, և հոգին մարմնից մեծ է, նա հոգով սպանեց, քանզի ինչպես որ մարմինը գործով է սպանվում, այդպես էլ հոգին՝ կամքով ու հոժարությամբ (Գրիգոր Նարեկացի):
86. Ուստի բազում զգուշությամբ ու արթնությամբ պետք է ամեն ոք հսկի իրեն, որպեսզի իր բանական հոգին, որն Աստծու պատկերն է, սեփական առաքինություններով զարդարի, որով կփայլի նախկին լուսատիպ կերպարանքով, որով անվայրափակ էության տաճարն ու բնակարանը կլինի՝ ըստ Տիրոջ խոսքի. «Ես ու Հայրը կգանք և նրա մոտ կօթևանենք» (Հովհ. 14:23) (Գրիգոր Նարեկացի):
87. Ինչո՞ ւ որս եղար մահվան ծուղակին, թողած արահետը վստահելի: Ինչո՞ ւ պատրանքների կարթով բռնվեցիր, ով դու, հաղորդակիցդ Կենդանարարի մարմնին (Գրիգոր Նարեկացի):
88. Արդ, ո՞ վ պետք է մեզ ազատի անդենական տանջանքներից, կամ ո՞ վ մեզ ողորմության կամ քավության կարժանացնի: Աղաչում եմ, արթնանանք և թոթափենք մեր վրայից Դավթի ասած այն քունը, որ մահվան է առաջնորդում, և փառավորենք Աստծուն մեր տկարությամբ (Սարգիս Շնորհալի):
89. Ամեն մարդ, որ բարի գործեր չունի և չարիքի մեջ չի զղջում և Աստծո սպառնալիքներից չի վախենում, այնպիսին նման է դևի և հավատքից ոչ մի օգուտ չի ստանա: Իսկ եթե Աստծո պատվիրանները պահենք և կատարենք, այն ժամանակ ճշմարիտ հավատացյալներ կդառնանք: Այս մեր Տերն էլ ասաց. «Եթե խոսքս կատարեք՝ աշակերտներս կլինեք, և ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհ. 8:31) (Սարգիս Շնորհալի):
90. Տեսնո՞ ւմ ես, որ ամեն տեղ գովելի է նեղությունը և մեզ համար անհրաժեշտություն է: Երբ մարզական մրցումների ժամանակ առանց դրա՝ այսինքն առանց մարզումների մնանք, վնասակար կերակուրներից չհրաժարվենք, օրենքների համեմատ մեր անձը չդաստիարակենք և տքնությամբ ու նման բաներով չզորանանք, չենք կարող շահել փառքի պսակը: Իսկ որչափ ավելի մեզ պետք է մարզվել այստեղ՝ հոգևոր պատերազմի ժամանակ՝ անմարմին թշնամիների դեմ ճակատամարտի դուրս գալու համար (Սարգիս Շնորհալի):
91. Մեր կյանքը զգուշությամբ վարենք, որպեսզի մահվան որոգայթի մեջ անպատրաստ չբռնվենք, այլ արթնությամբ քննենք մեր կյանքը, որ չլինի թե ննջենք այն քնով, որի վախճանը տիրական մահն է մարդու համար: Այդ ճանապարհի համար անհրաժեշտ ու պատշաճ պաշարը ամբարենք. չլինի թե պետք եղածը չգտնենք ու սովալլուկ կորսվենք (Սարգիս Շնորհալի):
92. Եվ ահա եկել, հասել է ժամանակը, որ ամեն մի կեղտ կոչված բան հեռացնենք մեզանից (Վարդան Մամիկոնյան):
93. Դուք՝ Սուրբ Հոգուց ճշմարտապես ծնվածներդ, Աստծո որդիներ եք և Քրիստոսի ժառանգակիցներ: Թող ոչ ոք ձեր բաժինը ձեզանից չկտրի և ձեզ օտար ու խորթ դարձնելով դատարկաձեռն թողնի (Ղևոնդ Երեց):
94. Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, և ոչ ոք չի կարող թե՛ Տիրոջ բաժակն ըմպել և թե՛ դևերի: Հնարավոր չէ և՛ Տիրոջ սեղանից վայելել, և դևերի սեղանից: Թող Աստված ձեր կամա և ակամա գործած մեղքերն այլևս չհիշի, այլ ձեզ հաստատի գիտության բովի և արդարության խրատի մեջ: Նա, որ ամբողջ տիեզերքն իսկ լուսավորեց, ձեզ ևս կլուսավորի իր շողարձակ շնորհներով, միայն թե ինքներդ ձեզ մոտեցրեք Աստծո առաջ աներկյուղ մտքով (Իսրայել եպիսկոպոս):
95. Վերջին օրերին պիտի հանդես գան բազում ուսումնատյացներ, ծույլեր, դատարկախոսներ, վատաբաններ և ամբաստանողներ: Եվ որտեղի՞ ց պիտի գտնես մարդկանց մեջ ճշմարտություն, երբ նրանք պնդաճակատ, եսասեր, ընկերատյաց, բամբասող, բանսարկու, ստախոս, մեծամիտ, փառասեր, հարբեցող և հեշտասեր են լինելու: Այսուհետև մարդիկ չեն փառաբանելու Աստծուն, և մարդկանց մեջ չի լինելու ճշմարտություն:
Իմ որդիներ, ես լալագին ու ողբագին, հառաչող սրտով խրատում եմ ձեզ, որովհետև շատերը հեռանում են հավատքից և ուրանում Քրիստոսին: Այդ է պատճառը, որ խավարը պատեց բոլոր արարածներին (Հովհաննես Կոզեռն):
96. Ամենայն մարդ, որ կամենում է մոլորվել ու գնալ խոտոր ճանապարհով, թե հնար կա, որպեսզի բռնությամբ կամ աղաչելով, թեկուզ և ընծաներով կարողանամ հետ պահել, անվեհեր հոգով պիտի ջանամ թույլ չտալ, որ այդպիսինը մատնվի հավիտենական կորստի (Գյուտ Կաթողիկոս):
97. Որքան որևէ մեկն ուշանում է հաղորդությունից, դևերն ուրախանում են, որովհետև նրանց համար դյուրորսալի է փրկական խորհրդից հեռացածը: Իսկ երբ որևէ մեկը հաղորդվում է, զարհուրում են ու խույս տալիս և ավելի հեռու փախչում, որովհետև նրա մեջ իրենց տեղ չեն գտնում: Քանզի նա, ով Քրիստոսի տաճար է լինում, նրանում դևերին մեհյան չի՛ հաջողվում ստեղծել:
Ուստի, աղաչում եմ ամենքին և հայցում, որ հաղորդվեն Աստծո երկյուղի ու սիրո փափագով, որպեսզի ոչ ոք բնավ անարժանաբար չհաղորդվի և չբարկացնի Աստծուն, կամ հուսահատությամբ չհեռանա և կորստյան չմատնվի, այլ այս երկու ծայրահեղություններից էլ խուսափի՝ թե՛ անառակաբար խիզախելուց և թե՛ հեղգությամբ և հուսահատությամբ հապաղելուց ու հեռանալուց (Խոսրով Անձևացի):
98. Բազում աղոթքներ են մեզ պետք, բազում արտասուքներ՝ հաճախակի պաղատանքներով և մեծագույն ճգնությամբ հայցելու Աստծուց, որպեսզի արժանի լինենք լուսավոր միտք ստանալու, որով կբորբոքվի մեր մեջ աղոթքի բաղձանքն ու Աստվածային Գրքի վերծանությունը (Խոսրով Անձևացի):
99. Այսպիսին են ցրված միտք ու զբաղված բարք ունեցողները, որոնց մեջ սպառվել է աստվածային Կտակարանների ունկնդրության սերը, որոնք շրջում են աշխարհում ինչպես կույրը: Քանզի կամ բնավ չեն ընթերցում և կամ ինչ որ ընթերցում են՝ ոչ թե սիրով ու փափագով, այլ՝ որպես հարկադիր մի բան և պարտքերի հատուցում: Քանզի ոչինչ ավելի ողորմելի չէ, քան Սուրբ Գրքի հանդեպ սիրո և աստվածային պատվիրանների վերծանության բաղձանքի սպառումը:
Եվ այս՝ ի՞ նչ պատճառով: Որովհետև սերը սպառվեց, երկյուղը վերացավ, զարտուղի ընթացանք, սիրեցինք աշխարհը և այն, ինչ աշխարհում է, ընթացանք ոչնչի հետևից, կասեցվեցինք հույսից և ցանկացանք միայն առօրեականը, քանզի մարմին դարձանք: Եվ սիրեցինք մարմնավոր բաները և դրանց ետևից գնացինք՝ հեշտության, զբաղմունքների, ծուլության, նախանձի և ատելության և բոլոր մյուս չարիքների, փառքի, պատվի, իշխանասիրության և ագահության:
Այս պատճառով աղաչում եմ՝ արթնացե՛ք, արթնացե՛ք և առավել ևս թոթափվենք սատանայական մոլությունների արբեցությունից: Մի կողմ նետենք հրեական քողը (կեղծավորությունը) և լուսափայլ մտքո՛վ նայենք Աստծուն (Խոսրով Անձևացի):
100. Չար է մեղքի երևույթը, և առավել չար է գործողի համար, այնքան որ մինչև իսկ վերացնում է Աստծո երկյուղը մեղանչողի սրտից և չի թողնում նայել Արարչի շնորհին, այլ զբաղեցնում է միայն երկրավոր բաներով ու թմրեցնում խավարի խորքերում: Մեկին՝ աշխարհական ցնորքների, մյուսին՝ արծաթսիրության, մեկ ուրիշին՝ փառամոլության, երրորդին՝ նախանձի և ատելության մեջ: Եվ մեր կյանքի թշնամին մղում է մեզ չարիք գործել սիրով և հոժարությամբ՝ իբրև թե իրավացիորեն: Որպեսզի, չիմանալով սնոտի սիրո հետևանքը, ոչ ոք չզղջա և ապաշխարությամբ չփրկվի, այլ չարի պատրանքներով զբաղվելով, խոր գիշերվա մեջ թմրածի պես, անգիտաբար խավարն իբրև լույս սիրի (Խոսրով Անձևացի):
101. Ո՛վ դուք, Քրիստոսի հոտի հովիվնե՛ր և խնամակալներ, չե՞ ք լսել Սողոմոնի ասածը. «Հզորները զորավոր Դատաստան կընդունեն, – ասում է, – իսկ խառնիճաղանջը ներելի ողորմությանը կարժանանա»: Քանզի առաջնորդներն ու վերակացուները ոչ միայն իրենց անձի, այլև իրենց հնազանդվողների սխալների համար պատուհասների պատիժներ պիտի հատուցեն (Խոսրով Անձևացի):
102. Զգուշացե՛ք, ուրեմն, հովիվնե՛ր, զգաստացե՛ք և աչալո՛ւրջ եղեք ձեր գործում` միշտ ձգտելով աստվածասեր և անարծաթասեր լինել: Քանզի, ինչպես ասում է իմաստունը. «Չի օգնի ունեցվածքը մեծ Ատյանի առաջ՚, այլ միայն արդարակշիռ լինելն է փրկություն շնորհում հավիտենական մահից:
Արթնացե՛ք, արթնացե՛ք և առավել ևս զգաստացեք, որպեսզի չլսեք Տիրոջից այն սոսկալի խոսքը, թե՝ ՙԱհավասիկ, Ես հովիվներիդ վրա եմ և դատաստանով կդատեմ ձեզ» (Եզեկ. 34:10) (Խոսրով Անձևացի):
103. Ուստի աղաչում եմ բոլորիդ, որ արդարության գործերն էլ միացնեք ձեր ճշմարիտ հավատքին, որն ավազանի ծնունդից ստացաք և հաստատությամբ պահում եք, որպեսզի միայն մեկ աչքով չլուսավորեք ձեր հոգիները, այլ երկուսով պայծառանաք: Եվ մի՛ վստահեք անմիտների սնոտի հույսին, որոնք ասում են, թե միայն հավատքի ճշմարտությունը բավական է քրիստոնյային՝ փրկվելու տանջանքներից և արժանի դառնալու Արքայությանը (Ներսես Շնորհալի):
104. Քանզի թեպետ իմաստություն ունեցողը գիտե արդարության ճանապարհի շավիղները խոսքով ուսուցանել, բայց եթե ինքը գործով արդարության ճանարպարհով չի քայլում, չի կարող համոզել ուրիշներին ընթանալ, նմանապես էլ նա, ով առանց Սուրբ Գրոց գիտության միայն սուրբ վարքով է ապրում, թեև անձամբ Աստծո օրենքների ճանապարհով է գնում, բայց քանի որ ուրիշներին ըստ պատշաճի իմաստությամբ առաջնորդել չգիտե, այդ պատճառով բազմաթիվ անկարգություններ են մուտք գործում եկեղեցի (Ներսես Շնորհալի):
105. Սուրբ. առաջին՝ սուրբ է նա, ով մաքուր է հոգու հետ պատերազմող ամեն ախտից, ով սկզբից ո՛չ վերքեր է ընդունում և ո՛չ էլ՝ դեղերի է կարոտ: Երկրորդ՝ սուրբ է նա, ով թեպետ խոցվում է մեղքերի նետերով, սակայն մինչև վերջ չի ենթարկվում թշնամուն, ախտերի հեշտանքին տեղի տալով՝ չի խոցոտում իր հոգին և դա, սովորության վերածելով, իր համար չի դարձնում երկրորդ բնություն, այլ մանավանդ՝ անցյալի խոցերը բժշկում է ապաշխարության դեղերով և առաջիկայում սպասվողներից զգուշանում է աղոթքի ու պահքի զենքերով և զգայարանների պահպանությամբ՝ սովորական նետերով վերստին չխոցվելու և դրանք այնքան ատելու, որ մինչև իսկ դրանց հիշատակումը ոչ թե հեշտություն, այլ տրտմություն բերի մտքին:
Արդ, ով այս առաջինին կամ երկրորդին է պատկանում, նա է սուրբ և առաքելական այս աստիճանին արժանավոր: Իսկ նա, ով հոժարությամբ է տեղի տալիս ախտերին և չի պատերազմում դրանց դեմ, այլև խնամքով չար խմորն իր մեջ է թաքցնում և միշտ խոցված հոգով չի ատում խոցման պատճառները, այլ ավելի է սիրում, չի շտապում խոցերը բժշկել, այլ օրըստօրե նորոգում է վերքերը, այնպիսին ո՛չ սուրբ է, ո՛չ սուրբ է ասվում և ո՛չ էլ Աստծո ընտրությամբ կանչվում է՝ աստվածային գործերին սպասավորելու, այլ իր ախտերից մղված, օգտվելով Աստծո ներողամտությունից, ձգտում է դրանց՝ ի կորուստ իր և ուրիշների անձի (Ներսես Շնորհալի):
106. Առաքինիների ու պղերգների, հավատացյալների ու անհավատների ընտրություն և ըստ արժանիքների հատուցում պիտի լինի: Պատիվը, մեծարանքն ու երանությունները հաղթողներինն են, ովքեր մարտնչեցին մեղքերի դեմ ու հակառակվեցին, հաղթեցին ու պսակվելով փառավորվեցին: Այլև նրանցն են, ովքեր ճշմարտապես ապաշխարեցին իրենց հանցանքները: Իսկ տանջանքների ահավոր սպառնալիքը պաշարում է անիրավներին ու ամբարիշտներին և տանում դեպի պատիժների տոչորումը, որովհետև չապաշխարեցին (Գրիգոր Լուսավորիչ):
107. Տիրոջ խոսքը ծանրաբեռնվածներին խոստովանությամբ դեպի ապաշխարության է կանչում, մոլորվածներին՝ դեպի ճշմարտության գիտություն, արդարության ճանապարհներից շեղվածներին ուղղում, խոստովանությամբ մահաբեր վարքը վերստին նորոգում կյանքի մեջ և սատանայի բոլոր խարդախությունները լուծարում: Քանզի «Կամենում է, որ ամեն մարդ ապրի, – ասում է առաքյալը, – և ճշմարտության գիտությանը հասնի ամենագյուտ սիրո տեսչությամբ» (Գրիգոր Լուսավորիչ):
108. Տեսնո՞ ւմ եք, եղբայրներ, որ Աստված մեզ հետ վարվում է ինչպես որդիների՝ մեզ խրատելու համար, որպեսզի մեզ պիտանի դարձնի, քաջի անուն տա մեզ իբրև ժառանգություն և մեծամեծ վարձերի արժանացնի: Իբրև հատուցում Նա մեզնից մի փոքր առաքինություն է պահանջում՝ որ Իրեն սիրենք, որի փոխարեն Նա անթիվ, անչափ, անհաշիվ, անհամեմատ բարիք, բարերարություն ու հրաշքներ է գործում և Իր մարդասիրությամբ բարին հատուցում, որովհետև Նա նույնիսկ Իր անձը չխնայեց մեզ համար, այլ դարձավ մեզ համար կերակուր և ըմպելիք (Ներսես Մեծ):
109. Աղաչում եմ, մի անտեսեք Քրիստոսի բարի երախտիքը, այլ մնացեք ուղիղ վարքի մեջ, քանզի Նրա բեմի առջև ենք կանգնելու՝ յուրաքանչյուրս ըստ մեր գործերի հատուցում ստանալու համար: Ձեր անձերից թոթափեցեք չարիքը, մարմիններդ մի խնայեք, որովհետև դրանք հեռացնում են Աստծուց:
Եվ արդ, բոլորիդ անունից անպարտ եմ, որովհետև գիշեր – ցերեկ չդադարեցի խոսել, ուսուցանել և հաստատել ձեզ Տիրոջ երկյուղի և սիրո մեջ: Ձեր բոլոր նեղությունների մեջ գոհացող եղեք, հաստատ մնացեք և ամուր բռնելով իմ ուխտի խրատները, մշտապես խորհեք Տիրոջ երկյուղի ու սիրո մասին, որպեսզի համբերողների վարձք ստանաք մեր Աստված Քրիստոսից, Որին փառք հավիտյանս: Ամեն (Հակոբ Մծբնեցի):
110. Մենք պիտի կարողանայինք վայելել մեծ խաղաղությունը, եթե չցանկանայինք խառնվել ուրիշների ասածներին կամ գործերին, և այն ամենին, ինչի համար պատասխանատու չենք (Թովմաս Գեմբացի):
Նյութերը վերցված են «Խրատանի ապաշխարության» գրքից:
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում