Անի Ամսեյան

Անի Ամսեյան

***

Գնալիս
մի անձրևող ամպ դրեց ափերիս մեջ…
Չասաց`
Քանի՞ գարուն պիտի ծաղկեմ, որ գա…

***

Ամեն ինչ պարզ է,
Սե՛ր իմ:
Մենք կսողանք գրկից գիրկ`
մոռանալով շունչ առնել:
Մենք,
որ անմարմին էինք,
չենք գտնի հպումը
երբեք
եղունգներով մխրճված ոռնացող մարմիններում`
մոլորյալ, խեղճ, կորսված,
Սե՛ր իմ:
…Մինչդեռ տաքուկ անկողնում մարդիկ կապրեն թմրությամբ երանելի,
պարզությամբ, որը մերժեցինք,
հորինած հոգիներով մերժեցինք:
Կսողանք, այո,
և դա կլինի այն կյանքը, որը ընծայվեց մեզ:
Այսքանը:
Ահա և ողջը:
Եվ միակ բանը, որ կարող եմ խնդրել քեզնից`
մի լսիր ճիչերս
(դրանք ընդամենը քարերն են),
շարունակիր,
սե՛ր…
Իմ ճանապարհը
քո հետագիծն է:

***

Մի քանի ցեխոտ ոտնահետք
ձյան վրա,
Ահա
մեր ողջ շնորհակալությունը երկնքին 

***

Արցունքի զույգ կաթիլ`
երկու այտից հոսող,
խառնվում շուրթի վրա
և սիրտ չեն անում անգամ
իրար հետ խոսել:

***

Մոլորվեցի.
անձրևը ջնջել էր
ոտնահետքդ:

***

Քանի չկաս,
ինքնաթիռները միշտ էլ ընկնելու են,
երեխաներ են գետում խեղդվելու,
զինվորներ են գնալու` չգան,
հրաբուխներ են ծածկելու քաղաքներ,
և քաղցկեղը շարունակելու է ճյուղեր գցել աշխարհում:
Սովորույթի համաձայն`
ես խեղդելու եմ օրը լրահոսում
և վերջին եսամոլի նման շարունակելու եմ հավատալ,
որ եթե այստեղ` կողքիս լինեիր,
գուցե սիրո մասին էլ մի բան ասեր աշխարհը:

***

Անիմաստ թափառումներ
օտար քաղաքներում…
Մինչդեռ
այնքան պարզ է ամեն բան
աշխարհը տեսնելու համար`
երկու թափառող ձեռք միայն,
որ քոնն են,
փշաքաղ մարմնին իմ:

***

Դու ՆԱ ես,
և չկա աստվածաշունչ, որ տեղավորի քեզ իր մեջ:
Թե տաճարդ մտնեմ ու ծնկի եկած համբուրեմ քարերը հատակիդ,
չեմ հասնի քեզ:
Դու տիզերքն ես,
ու քեզնով պիտի վերջանար քաոսը:
Դու բանն ես,
և քեզնով պիտի խորշեմ ներսիս լռությունից:
Ասում են` պայթյունից ես,
բայց դրա մասին թող գիտնականները մտածեն…
Ես անգիր եմ անում քեզ,
որ երգեմ գիշերը…
«Գանձ մի դիզեք երկրի վրա»,- ասում էր նա,
այց ահա դիզվում ես դու,
և չի գայթակղում դրախտը:
Հանձնված ափերիդ`
մանանեխի հատիկի չափ հավատն եմ:
Ես հիշում եմ քայլերդ փողոցում,
և խնկամանն իզուր է տարուբերվում:
Ես հիշում եմ ձայնդ,
և գարունը կորցնում է գույնը,
և արևը չէր, որ այդքան տաք էր:
Մի՛ նստիր կողքիս ու մի՛ ծիծաղիր,
Աստծո մասին նման բան գրված չէ,
թող գթասրտությունդ լինի անձրևը,
և բերքիս համար քեզ աղոթեմ.
Ու ներիր մեղքերս,
որովհետև
հետո ինձ այս մեղքիս համար
չեն ներելու:

***

այս գիշեր հիշեցի.
ընկերներիցս մեկն ասում էր,
որ ականջը երեխա է արգանդի մեջ,
ուզեցի հավատալ, և ծերացող լուսնի տակ
քո ձայնից մի քաղաք ծնվեց…

***

Բառերի հեղեղում
Երազանք Լռության մասին
Մենք
ամեն ինչի մասին խոսում էինք`
քաղաքականության,
արվեստի,
գրքերի,
տնտեսության,
մահվան,
երիտասարդության,
կենդանիների,
ցավի,
եղանակի,
իրավաբանության,
Եվրոպայի…
մենք
մի բանի մասին էինք լռում.
սիրո…

***

Ավերակ էի երազում տեսնել հեռանալուցդ հետո
և չէի հասկանում իմաստը բառի.
քանդուքարափ քաղաքն իմ մեջ,
արմատախիլ ծառերը,
կոտրված երկինքը,
անտուն թռչունները
և անվերջանալի փոթորիկն այս
քո աչքերի գույնն ունեն…
…ամեն ինչ ճիշտ էր:

***

Անձրև
Հաջորդ անգամ,
երբ զրուցես Աստծո հետ,
չմոռանաս թաշկինակդ թողնել մոտը…

***

Միայն դատարկությունն է,
որ վերջ չունի…
Անգամ քո մայրամուտը տեսա ես իմ ափից…
բան, որին չէի հավատում, բայց եղավ,
ու բարի էր
Մահս…

***

Դու զսպում ես, որ չթրջես երջանկության այս կատարյալ ցամաքը,
հրապարակը` դատարկությունից սարսափած ու անուժ,
հրապարակը հրավառությունների:
Ամբիոններից երջանկություն են բաժանում.
պիտի ձեռքդ մեկնես:
Այստեղ միշտ հարմար է ոչնչի հետ ժամադրվելը
ճիշտ ժամի տակ ցանկացած օր ու պահի:
Անընդհատ կրկնվող մարդկանցով ու դեմքերով,
հորանջող դատարկությամբ,
ձմեռները` Ձմեռ պապ – Ձյունանուշներով լցված
այնքան շատ, որ եթե չես ուզում վախենալ,
պիտի ծիծաղես`
ամառները արհեստական ծաղիկներով,
լույսերով ու երգերով,
որոնց երբեմն-երբեմն կարող ես վաճառվել և միամտաբար երջանիկ զգալ:
Միտինգավորների երթերով,
բողոքողների անհույս հույսերով,
չբողոքողների հուսահատ անտարբերությամբ,
դու կանգնած ես մենակ,
որովհետև դու հենց մենությունն ես քո մեջ աղմկող բոլոր երջանիկ մարդկանց,
որոնցով լցված է ինքն իրեն անծանոթ
էս սիրուն քաղաքը 

***

Պատից այն կողմ ես ճանաչում եմ ձայնդ:
Մենության այս պարիսպը Իթակեն չէ, որ գրկել է:
Մեր ժամանակները վազում են, սե՛ր իմ,
դու չես հասցնում աչք թարթել:
Ինձ հուսահատությունն է լափում:
Մենք այն մարդիկ չենք, որ քսան տարի սպասում էին:
Սերն ինքն իրեն չճանաչող ուրվական է:
Համր եմ ահա,
և չծնված երգ է մաշում հոգիս:
Հազար Տելեմաքոսներով ես հղի եմ,
բայց երկունքի համար սիրտ չկա:
Եվ լույսը մարում է ավելի արագ,
քան կհասցնեմ բացել պատուհանս,
որ գաս,
մեռնես քո տանը,
մոլորյալ ճամփորդ իմ:

…«, քո կյանքի ժամերը«,…

……………………………………

…«,կնճիռների հարթեցում«,…

օրինաչափությունների քաղա՛ք իմ,

ցուցապաստառներդ երկու կողմ ունեն

 

***

կյանքը` անկառավարելի հրեշն այդ,
ամեն առավոտ ճզմում է ատամի տակ
երեխային,
որ տեսա երազում

***

Հողդ երկունքի մեջ`
դու ցավ չէիր զգում:
Տանջանքն ինձ բաժին հասավ.
քո ճեղքումը,
իմ ճիչն առաջին,
սերմս քո մեջ,
կյանքս քեզնից դուրս-
այս էր գարունը:

***

Բանաստեղծություն`
հաբեր` քնելու գիշերը,
կուլ գնացող, լեղի-լեղի:
Մնացածը ստեր են քո մասին:

***

Վայրէջքը գնալով ավելի ցավոտ է դառնում ամեն անգամ,
դու` գնալով ավելի հեռու,
ճանապարհը` ավելի երկար,
և հույսը միակն է, որ
բարակում, կարճանում, փոքրանում է
և մեծն է ամենքից:

***

ես մոռացել եմ` ինչ բույր ունի աշխարհը,
որը դու չես,
իմ բոլոր ջանքերը անիմաստ են դուրս գալիս:
ես հանձնվում եմ:
իզուր էր քեզ թաղելը նախորդ տարվա մեջ
կամ կյանքում նախորդ:
իզուր էր ջանքը կորցնելու քեզ թմրության մեջ գինու:
իզուր էր հավատալը, որ կթափվես աշնան տերևների հետ
կամ կգոլորշինաս ամռանը:
պետք չէր հույս դնել բացվող օրվա վրա
և պետք չէր աղոոթել քեզ ազատվելու քեզնից:
պետք չէր, չօգնեց, անզոր էր աղմուկը:
ինչքան խլանամ, այդքան կլսեմ քեզ:
դու ամենուր ես:
մի անգամ նամակում գրեցի, որ մանկությունից հետո ամենասիրուն բանն ես: սխալվել էի.
դու հենց մանկությունս ես,
դու իմ տուն տանող ճամփան ես
և տունն ես,
և ես-ն ես, որ տուն է գնում

***

ո՞վ է արարիչը, եթե դու արարված ես:
սրբապատկերի շրջանակի մեջ քեզ դրեցի և կախեցի պատից հոգուս եկեղեցու, այնքան բարձր, որ ճկվեցի նայելիս քեզ,
որ արցունքներս ոտքերդ թռչելու համար վեր հոսեցին,
որ բառը ճախրի,
որ տաճարս անսասան լինի,
որ չոքելու կետ ունենամ,
պատ` կծկվելու տակը և քար` բարձ շինելու ինձ:
հիմա, երբ տաճարս փուլ եկավ,
ո՞վ է արարիչը, ասա՛,
որի առաջ ներում պիտի հայցեմ

***

Ես չեմ ուզում, որ լինի բանաստեղծությունն այս,
և՛ ծովը` նրա մեջ,
և՛ նավը` կետ դարձող այդ ծովում,
և՛ իմ ճիչը` անիմաստ:

***

Ցավը ուժեղ էր,
ցավը հերոս էր:
Ցավի մասին անվերջ կարելի էր խոսել.
և՛ հոտ,
և՛ ձայն,
և՛ գույն…
ամենն ուներ:
Ե՛վ սեր,
որ կապել էր ձեզ:
Միայն…
վերջ
չուներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում