Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Այսօր՝ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խարատրյանի ծննդյան օրը, մեկնարկում է Խաչատրյանի միջազգային մրցույթը։ Այս տարի նշվում է մրցույթի 15-ամյա հոբելյանը, որն անցկացվում է «Դաշնամուր» մասնագիտությամբ։
Այսօր Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք կմատուցվի մեծն կոմպոզիտորի հիշատակին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը։ Համերգային ծրագրում. Արամ Խաչատրյան- Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից, Գեորգս Պելեցիս-Բագատել դաշնամուրային տրիոյի և նվագախմբի համար:
Ելույթ կունենան Խաչատրյանի անվան եռյակը՝ Արմինե Գրիգորյան (դաշնամուր), Կարեն Շահգալդյան (ջութակ), Կարեն Քոչարյան (թավջութակ): Մենակատար՝ Հայկ Մելիքյան (դաշնամուր): Ծրագրում՝ Արամ Խաչատրյան-Դաշնամուրի կոնցերտ: Համերգը ղեկավարում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյանը:
Մրցույթի նպատակն է բացահայտել շնորհալի երիտասարդ երաժիշտների, նրանց մասնագիտական առաջխաղացման հնարավորություն տալ և աշխարհում է՜լ ավելի հանրայնացնել Խաչատրյանի երաժշտությունը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդմամբ, այս տարի խաչատրյանական մրցույթի հաղթողի կոչման համար կպայքարի 12 երկրի 30 մասնակից, որոնք ներկայացնում են Հայաստանը, ԱՄՆ-ն, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Չինաստանը, Հարավային Կորեան, Թաիլանդը, ՌԴ-ն, Ղազախստանը, Ուկրաինան։ Տարեցտարի ընդլայնվում է մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած երաժիշտների աշխարհագրությունը, ինչը խոսում է մրցույթի հեղինակության, բարձր չափանիշների մասին։
Խաչատրյանի միջազգային մրցույթի ժյուրին այս տարի գլխավորելու է մեծ ճանաչում վայելող դաշնակահար, դիրիժոր Վահագն Պապյանը։ Ժյուրիի կազմում ընդգրկված են անվանի երաժիշտներ՝ դաշնակահար, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Միխայիլ Վոսկրեսենսկին, Բելառուսի ժողովրդական արտիստ, դաշնակահար Իգոր Օլովնիկովը, Իսրայելի հայտնի դաշնակահար Թոմեր Լևը, Չինաստանի դաշնակահարների միության նախագահ Վեյ Ճանը, մեծահամբավ դիրիժոր Իլյա Ստուպելը, մեծ ճանաչում վայելող դաշնակահար, պրոֆեսոր Սերգեյ Էդելմանը։
Խաչատրյանի միջազգային մրցույթը կշարունակվի մինչև հունիսի 14-ը։ Մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ: Գործընկեր՝ ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամ:
Ա.Խաչատրյանը ծնվել է 1903 թվականի հունիսի 6-ին Թիֆլիսում: Ապագա կոմպոզիտորը նախ ուսանում է Ա. Արղության-Դոլգորուկովայի վարժարանում, 10 տարեկանում ընդունվում է Թիֆլիսի առևտրական տեխնիկումը, որտեղ փողային նվագախմբում շեփոր էր նվագում: 1921 թվականի աշնանը արդեն ճանաչված արվեստագետ դարձած Սուրեն Խաչատրյանը կրտսեր եղբորը տանում է Մոսկվա` ուսում ստանալու: Այստեղ իսկական արվեստին հաղորդակցվելու մեծ հնարավորությունները, ինչպես նաև շրջապատողների պնդումները` լրջորեն երաժշտությամբ զբաղվելու, տարան նրան Գնեսինների երաժշտական տեխնիկում, որտեղ թավջութակի դասարանում երկու տարի սովորելուց հետո, իր ուսուցիչ Գնեսինի խորհրդով, տեղափոխվել է ստեղծագործական դասարան: Այստեղ նա գրել է մի շարք գործիքային պիեսներ, որոնցում արդեն իսկ ակնհայտ էր նրա ստեղծագործական անհատականությունը:Միաժամանակ երիտասարդ Խաչատրյանը ակտիվ գործունեություն է ծավալում Մոսկվայում Հայաստանի կուլտուրայի տանը, որտեղ նա ծանոթանում է շատ հայ արվեստագետների հետ, խորանում են նրա պատկերացումները հայկական ժողովրդական արվեստի մասին, նաև գրում է երաժշտություն Հայկական դրամատիկական ստուդիայի ներկայացումների համար /«Պաղտասար աղբար», «Ատամնաբույժն արևելյան», «Խաթաբալա» և այլն/:
1929 թ-ին Ա. Խաչատրյանը ավարտում է Գնեսինների ուսումնարանը և ընդունվում Մոսկվայի կոնսերվատորիայի նախ` Մ. Գնեսինի, ապա` Ն. Մյասկովսկու ստեղծագործական դասարանը:
Անվանի կոմպոզիտոր և հիանալի մանկավարժ Ն. Մյասկովսկու ղեկավարությամբ Ա. Խաչատրյանը գրում է իր «Ջութակի և դաշնամուրի սոնատը», «Դաշնամուրի, ջութակի և կլարնետի տրիոն», «Պարային սյուիտը», «Տոկատը» և այլ գործեր: Ուսման տարիներին գրված ստեղծագործությունները անմիջապես հրատարակվում են, կատարվում` ազդարարելով երիտասարդ կոմպոզիտորի մուտքը երաժշտության աշխարհ: Կոնսերվատորիան ավարտելիս, որպես դիպլոմային աշխատանք Ա. Խաչատրյանը գրել է իր Առաջին սիմֆոնիան, որը նվիրել է Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 15-ամյակին: Առաջին անգամ Սիմֆոնիան կատարվեց գերմանացի անվանի դիրիժոր Էուգեն Սենկարի ղեկավարությամբ: Առաջին սիմֆոնիան մասնագետների գնահատմամբ Խորհրդային սիմֆոնիզմի նշանակալի երևույթներից էր:
Մեկ այլ նշանակալից իրադարձություն Արամ Խաչատրյանի կյանքում տեղի է ունեցել մինչ կոնսերվատորիան ավարտելը: Մյասկովսկու դասարանում նա հանդիպել է շնորհալի կոմպոզիտոր, դաշնակահարուհի Նինա Մակարովային: Նրանք ամուսանանում են, 1940 թվականին ծնվում է որդին` Կարենը, ով այժմ արվեստաբան է Մոսկվայում: Արամի առաջին ամուսնությունից ծնվել էր նրա դուստրը` Նունեն, ով դաշնակահարուհի է և դասավանդում է Գնեսինների անվ. ինստիտուտում:
Ա. Խաչատրյանը շարունակում է ուսումը ասպիրանտուրայում, կրկին` Ն. Մյասկովսկու ղեկավարությամբ և ավարտում է այն իր մի նոր խոշոր կտավի գործով` Դաշնամուրի կոնցերտով: Կոմպոզիտորը այն նվիրել է առաջին կատարողին` Լև Օբորինին: Կոնցերտը շատ արագ իր հաստատուն տեղը գտավ խորհրդային և արտասահմանյան լավագույն դաշնակահարների երկացանկում: 1940 թվականին Ա. Խաչատրյանը գրել է իր Ջութակի կոնցերտը` նվիրված տաղանդավոր ջութակահար Դավիթ Օյստրախին, որի համար ստացավ իր առաջին Պետական մրցանակը:
1941 թվականին ստեղծվել է Լերմոնտովի « Դիմակահանդես» դրամայի երաժշտությունը:
Հայրենական Մեծ պատերազմի տարիներին ծնվել են նոր գործեր` պատերազմական թեմաներով երգեր, «Գայանե» բալետը /1939 թվականին գրված «Երջանկություն» բալետի նորացված տարբերակը/, որը հենց պատերազմի թեժ օրերին բեմադրվել է Պերմ քաղաք էվակուացված Լենինգրադի Ա. Մ. Կիրովի անվ. օպերայի և բալետի թատրոնի կողմից: 1943 թ-ին ծնվել է Երկրորդ սիմֆոնիան: «Գայանե» բալետի և Երկրորդ սիմֆոնիայի համար նույնպես կոմպոզիտորին շնորհվել են Պետական մրցանակներ: 1944 թ-ին նա գրել է Խորհրդային Հայաստանի Պետական հիմնը:
Հետպատերազմյան տարիները նույնպես նշանավորվել են Ա. Խաչատրյանի ստեղծագործական խոշոր նվաճումներով: Սակայն 1948 թվականի փետրվարին Ա. Խաչատրյանի համար խիստ անցանկալի ու տհաճ օրեր են սկսվել: Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի որոշմամբ Ա. Խաչատրյանը, Դմ. Շոստակովիչի, Ս. Պրոկոֆևի, Ն. Մյասկովսկու և այլ առաջատար կոմպոզիտորների շարքում, մեղադրվել է «հակաժողովրդական, ֆորմալիստական» ուղղությանը պատկանելու մեջ: Այդ ժամանակ Ա. Խաչատրյանը մխիթարություն գտավ հայրենի երկրում` Հայաստանում, այցելելով նրա քաղաքները, գյուղերը հեռավոր շրջանները` ավելի խորը ուսումնասիրելու իր ժողովրդի երաժշտական ավանդույթները: Շուտով Կենտկոմը հայտարարել է, որ 1948 թ-ի որոշումը եղել է հապճեպ և անարդար:
1959 թ-ին «Սպարտակ» բալետի համար Ա. Խաչատրյանին շնորհվել է Լենինյան մրցանակ:
Խորհրդային երաժշտական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար Խաչատրյանին շնորհվել են Սոցիալիստական աշխատանքի հերոսի, ԽՍՀՄ, Հայաստանի և միութենական հանրապետությունների ժողովրդական արտիստի, արվեստի վաստակավոր գործչի, Լենինյան և 5 Պետական մրցանակների դափնեկրի կոչումներ, մեդալներ, շքանշաններ:
Նրա 3 սիմֆոնիաները, 3 կոնցերտներն ու Կոնցերտ ռապսոդիաները, բալետները, այլ սիմֆոնիկ գործերը, ստեղծագործությունները մենակատարների, երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար, կամերային և վոկալ ստեղծագործությունները, դրամատիկական ներկայացումների և 17 կինոֆիլմերի համար գրված երաժշտությունը /այդ թվում` հայկական «Պեպո» և «Զանգեզուր» ֆիլմերը/ գրավում են մեծ լսարաններ գրեթե բոլոր մայրցամաքներում:
Որպես կոմպոզիտոր և նվագավար Արամ Խաչատրյանը հեղինակային համերգներով հանդես է եկել ավելի քան 50 երկրներում. Ավստրիա, Բելգիա, Մեծ Բրիտանիա, Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա, Լեհաստան, Չեխոսլովակիա, Հարավսլավիա, Եգիպտոս, Հունաստան, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա, Ֆինլադիա, Իրան, Շվեդիա, Շվեյցարիա, Նորվեգիա, Ճապոնիա, Միացյալ Նահանգներ, Մեքսիկա, Լատինական Ամերիկայի երկրներ և այլն:
Արամ Խաչատրյանը մահացել է 1978 թվականի մայիսի 1-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում