Հուզումնառատ օր Գյումրիում․ աշխարհահռչակ ռոք աստղերին չէին թողնում հեռալ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, Aravot.am: Այսօր Deep Purple խմբի վոկալիստ Իէն Գիլանը և Black Sabath խմբի կիթառահար Թոնի Այոմին այցելեցին Գյումրի, եղան Ազատ Շիշյանի անվան թիվ 6 երաժշտական դպրոցում, որի շենքը կառուցվել էր հենց իրենց օժանդակությամբ։ Ռոք երաժիշտների շնորհիվ գյումրեցի փոքրիկները փրկվեցին տնակային պայմաններից․ 2013 թվականին սեպտեմբերին Իէն Գիլանն անձամբ մասնակցեց այս շենքի պաշտոնական հանձման արարողությանը։
Հիշեցնենք, որ 2009թ․-ին նրանք Հայաստան էին ժամանել «Մեդիամաքս» ՓԲԸ հրավերով, հենց այդ ժամանակ էլ լսել էին այս դպրոցի սաներին ու անմիջապես պատրաստակամություն հայտնել օգնելու դպրոցի քարաշեն շենքի կառուցմանը: Արդյունքում էլ Հայ Օգնության Ֆոնդը, «Մեդիամաքսը» և Do Something կազմակերպությունը հուշագիր էին ստորագրել։
Ռոք երաժիշտներին ընդունեցին բուռն ծափահարություններով․ երաժշտականի սաները հրաշալի համերգ տվեցին, որի ընթացքում աշխարհահռչակ երաժիշտները պարբերաբար ոտքի էին կանգնում ու ծափահարում։
Իէն Գիլանին ու Թոնի Այոմիին տեսնելու ու նրանից ստորագրություն վերցնելու էին եկել գյումրեցի բազմաթիվ երաժշտասերներ․ նրանց հետ լուսանկարվելու ու ստորագրություն վերցնելու հերթեր էին գոյացել, նույնիսկ ստորագրել էին տալիս երաժշտական գործիքները․ չէին թողնում, որ հեռանան։
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մեկ անգամ ևս գյումրեցիների անունից իր երախտագիտությունը հայտնեց ռոքի աստղերին բարեգործություն կատարելու համար ու Իէն Գիլանին «Նարեկ» նվիրեց, պատվոգիր հանձնեց։ «Աստված ձեզ պահապան, շատ կարևոր գիրք է, ձեր թանգարանում կդնեք»,- ասաց Սամվել Բալասանյանը։
Իէն Գիլանն իր հերթին շնորհակալություն հայտնեց գեղեցիկ համերգ պարգևելու համար։ «Ես տեսնում եմ՝ ինչքան մեծ բան արժե սա ձեր համար, որովհետև սա երաժշտության քաղաք է»,- ասաց Իէն Գիլանը։ Իսկ Թոնի Այոմին նշեց, որ սա իր առաջին այցելությունն է դպրոցի կառուցումից ի վեր և շատ ուրախ է, որ ապրում են երաժշտությամբ։ «Շարունակեք նվագել, շատ լավ էր»,- ասաց Թոնի Այոմին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում