Մատթեոս Զարիֆյան. Բանաստեղծություններ

Մատթեոս Զարիֆյան. Բանաստեղծություններ

Ալ պետք չունիմ

Ալ պետք չունի՛մ ես երկընքի բաղձալու.
Ինչու որ քու այս աչքերուդ մեջ աղու
Ահա՜, ահա՜
Ինձ կ’երևա
Իմ երազած երկինքներուս կապույտը ծով,
Բյո՛ւր աստղերով…

Ալ պետք չունի՛մ ես հարցընելու հովերուն
Թե ո՜ր ճամբան Է որ կ’երթա դեպի անհուն.
Ահա՜, ահա՛
Ինձ կ’երևա
Անհունասույզ այդ մեծ ճամբան արփավետ
Որ կ’սկսի հոգիեդ…

Ահա արդեն

Ահա արդեն կյանքը նորե՛ն
Ու մեն մի աստղ իմա՜ստ ունի․
Ահա արդեն մարմանդներեն
Կ’անցնի սարսո՛ւռը. անհունին․․․

Նորե՛ն, նորե՛ն, մարմանդներեն՝
Երազն աչքիս՝ կը դեգերիմ.
Հավա՜տք նորեն ինձ կը ծորեն
Սև նոճիներն իսկ մըտերիմ…

Եվ ավերակ, սըրտիս խորեն,
Նորե՛ն, նորե՜ն, ահա կ’երգե
Կյանքի Սըրինգը մեղմորեն.-
Վա՜րդ կը բացվի մեն մի վերքե…

Եվ այս լռին մարմանդներեն
Մինչ կը քալիմ՝ արցունքն աչքիս՝
Դուն չե՜ս գիտեր, քույր, հեռուեն,
Թե քեզ որքա՜ն կ’օրհնե հոգիս…

Ամեն անգամ

Ամեն անգամ որ հովն ըլլա
Այսպես թախծոտ ու մտերիմ,
Կարելի չէ՛ որ չխորհիմ
Այն գիշերին, ժայռին վրա…

Ինչու որ շա՜տ էր թախծագին
Հովն այն գիշեր, ժայռին վրա,
Երբ ես գունատ, ծունկի եկա՝
Որ աղոթե՜մ իր հոգիին…

Անբախտ ծաղիկ

Հոգիս իր մեջ ծաղիկ մ’ուներ,
Ծաղիկ մ’այնպես նուրբ, տրտմալի,
Որ համրորեն, լուո, կը հալի՝
Եթե չիջնեն ոսկի շիթեր…

Ո՛չ մեկ հոգի կրցավ անոր
Տալ այդ հեղուկն աստվածային.
Կույսեր եկան որ լոկ նային
Ու գինովնան այդ բույրեն նոր…

Միայն մե՛կ հատն այդ կույսերեն,
Որ լոկ թախիծ ուներ ու ցավ,
Սրտիս վրա երկար լացավ,
Միայն մե՛կ հատն այդ կույսերեն…

Ոսկի շիթերն իր աչքերուն
Ինչո՞ւ սակայն մոլորեցան
Ու չգտան հոգվույս ճամբան.
Ահ, չէ՜ր ծաղիկն այնքան հեռուն…

Հոգվույս ծաղիկն այդ տրտմալի
Մենության մեջ լուռ կը հալի…

Անբացատրելի սեր

Երկար ժամանակե կունկնդրեի իրեն, աոանց բառ մը հասկնալու ըսածներեն։

Անկարելի բան մը խնդրողի երևույթը ուներ։ Խորունկ անձկության ծալքեր ուներ բերանը։
Բայց չէի կարող նայվածքս հեռացնել իր ճերմակ վիզեն, ուրկե պզտիկ սարսուռներ կ’անցնեին։
Այնքան տգե՜ղ էր ան։
Ու ես կը պաշտեի զինք իր տգեղությանը և տրտմությանը համար։

* * *

Այս իրիկուն նայվածքս ճառագայթի մը անբծությունը ունի, իմ սիրականս.
Հիվանդ լուսնի գիշերները չունին այնքան անդորրություն, որքան հոգիս՝ այս իրիկուն…
Ի՜նչ երգեր կ’իմանամ հեռու, հեռու ծովերե…
Եվ ի՜նչ սերեր կ’երազեմ, գլուխս այս քարին…
Ահ, սիրականս, եթե գայիր այս իրիկուն, հավատա՛, ասադ կ’բլլայի ես…

Աշնան առավոտ

Տակավ մռայլ ույժ մը կուտա հովն իր թափին.
Երկինքըն արդեն մոռցավ ժպտիլ, քանի օր է.
Ատելության շունչ մը հիմա զայն կը վարե,
Հեք տերևներն արտասուքի պես կը թափին…

Հաստ բունի մը գլուխըս հեց, ականջ կուտամ,
Նոր ծայր տվող եղերական այս նվագին՝
Ուր հոգիներ կարծես, հույլ-հույլ լուռ կը կքին
Ցավի մը տակ հանկարծահաս ու դեռ տարտամ…

Վաղը, սակայն, երր փոթորիկն անցնի ծովեն,
Ու գա թոթվել երազն հպարտ մայրիներուն՝
Այս հառաչը պիտի ըլլա բողո՛ք մ’անհուն,
Խուլ ընդվզումը իրերուն անապավեն…

Եվ այն ատե՛ն մանավանդ պետք է որ ես գամ
Այս բունին տակ, իբրև եղբայր մ’այս ծառերուն,
Ու պահանջեմ, ու պաղատի՛մ քիչ մ’ալ գարուն՝
Տակավ շիջող սըրտիս համար արյունաքամ…

Ապրիլի գիշեր

Ավերակույտ ու մեռելնե՜ր ամեն դի…
Ի՜նչ փույթ, ահա վարդերն աղվոր կը բացվին.
Կյանքն է նորե՜ն հեշտին, ի՜նչ փույթ…
Նորեն բոսոր արշալույսներն
Եվ աղջիկներն իրիկնանույշ՝
Կը հեղեղեն
Հոգիներու մեջ կիսափուլ՝
Սեր ու գինի ու ճառագայթ…

Ավերակույտ ու մեռելնե՜ր…
Բայց կ’ըսեն թե՝
Արյունահեղձ դաշտերուն մեջ
Դիակներուն քովն ի վեր՝
Մեծ շուշաններ հանկարծորեն
Կը փթթին…

Կիսաթաղ գանգ մը կնոջ,
Գիշերին մեջ,
Կըզակովն իր անճոռնի՝
Աստղերեն ցող կը խմե…

Ներբանիս տակ ճռընչեց…
Կարծես հոգի՜ մ’ուներ դեռ…
Կյանքին մեջ
Թերևս աղջիկ մ’էր աղու…

Արդյոք որչա՜փ կը սիրեր ան գինովնալ․
Այսպես Ապրիլ գիշերներ՝
Լելակներեն, շրթներեն…
Արդյոք ինչպե՜ս երկյուղած,
Իր կուսական խցիկին մեջը ծունկի՝
Մոմին լույսով կ’աղոթեր…

Ներբանիս տակ ճռընչեց…
Կարծես արցունք մ’ուներ դեռ…

Ի՜նչ փույթ։
Պետք է կոխել ու անցնի՜լ,
Պետք է մոռնա՜լ…
Պետք է խենթի պես խնդա՜լ…
Պետք է թողուլ որ ժամանակն ալևոր
Օր մը գըրե՝
Մատվըներովն իր բորբոս՝
Մահավճիռն երկնաբնակ Դահիճին…

Հիմա, հեռո՜ւն,
Ահա ջրվե՜ժն Ապրիլի ջինջ աստղերուն…

Արհամարհանք

Ցավիս խորերեն, տե՛ս, ճակատագիր,
Անսահման ծիծաղ մ’ունիմ քեզի դեմ,
Գիտցի՛ր որ նորեն քեզ կ’արհամարհեմ,
Չկարծես թե ա՛լ զիս կործանեցիր․․․

Իզո՛ւր կը թափես մոխիր սըրտիս վրա․
Ճառագա՜յթ կա հոն՝ իջած անհունեն․․․
Զոհերն հարվածիդ լոկ ոսկորներս են,
Անոնց պետք չունի՛ միտքըս որ սուրա․․․

Պայծա՜ռ է ճակատս՝ արշալույսի պես.
Հոգիս՝ միշտ աղվոր, միշտ հպարտ, ժըպտուն՝
Դեռ կը սավառնի՜ անհունե անհուն․․․

Իզո՛ւր սըրտիս վրա մոխիր կը թափես․
Աստվածնե՜ր կան հոն՝ իջած երկընքեն.
Ցավիս խորերեն, տե՛ս, անոնք կ’երգե՜ն․․․

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում